Պարոն Մինասյան, Ձեզ հաջողվե՞ց ճշտել, թե ձեր խմբակցությունից քանի պատգամավոր է անցնում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքով և առհասարակ ձեր քաղաքական թիմից քանի՞ հոգի է անցնում այդ գործով ու որքան է կազմում այն միջոցների չափը, որոնք դատախազությունը պահանջում է վերադարձնել պետությանը։ Այս մասին այսօր ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին հարց ուղղեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Ինչպես հանձնաժողովի նիստում պատասխանեցի՝ ոչ միայն չկա նման տեղեկատվություն, այլև հարցն ընդհանրապես չի առնչվում քննարկվող հարցին։ Կարծում եմ Ձեր հարցադրման շրջանակներում կարող եք դիմել իրավասու մարմիններ, քանի որ այսօրվա իրավապահ մարմինները շատ արդյունավետորեն քաղաքական հետապնդման գործիքակազմը հստակ իրականացնում են և տիրապետում են ամբողջ տեղեկատվությանը»,- ասաց Արծվիկ Միանսյանը։
Վահագն Ալեքսանյանը մեկ այլ հարց ուղղեց ընդդիմադիր պատգամավորին՝ հետաքրքրվելով «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակից․ «Քանի որ ես հետաքրրությամբ հետևում եմ Ռոբերտ Քոչարյանին առնչվող դատական նիստերին, կլինի արդեն մոտ 300 օր, ինչ պարոն Քոչարյանն առողջական պատճառներով բացակայում է նիստերից, բայց, ինչքան հիշում եմ, Ձեր նախընտրական քարոզարշավի ընթացքում Քոչարյանի առողջությունը բավականին լավ էր, էնքան լավ էր, որ թույլ էր տալիս նրան տուռնիկից 10-12 ժիմ անել։ Ըստ Ձեզ, Ռոբերտ Քոչարյանն իրապե՞ս առողջական խնդիրներ ունի, թե խիստ վախեցած է դատական նիստերից և արդյո՞ք ուժեղ ղեկավար ասելով փաստացի նկատի ունեիք Ռոբերտ Քոչարյնին, ով 300 օրից ավելի է չի կարողանում առողջական պատճառներով մի նիստի ներկա գտնվել»։
Ի պատասխան Արծվիկ Մինասյանն ասաց․ «Փառք Աստծո, Ռոբերտ Քոչարյանը ի տարբերություն շատ մարդկանց քաջառողջ է ու վստահեցնում եմ Ձեզ, որ այն ճանապարհը, որ պարոն Քոչարյանն անցել է որպես Արցախ ազատագրած անձ, որպես ՀՀ տնտեսական անվտանգության լուրջ ձեռքբերումներ արձանագրած երկրի նախագահ, դեռ շատ անելիքներ ունի։ Ես հասկանում եմ այն բուռն ցանկությունը՝ հիմնական թեման շեղելու համար, որովհետև չունեք այլ բան ասելու, բայց հիասթափեցնեմ ձեզ՝ հիմնական թեմայից չենք շեղվելու։ Ձեր անհագ ցանկությունը՝ ամեն գնով փորձել թիրախավորել հայրենիքը ազատագրած, պաշտպանած մարդուն,խոսում է Ձեր պարտվողական հոգեբանության շարունակականության մասին»։