Oragir.news-ը ավելի վաղ նյութ
էր հրապարակել «ԿԳՄՍ-ն դպրոցական դասագրքից հանել է Հայոց ցեղասպանություն տերմինը՝ խեղաթյուրելով Դանիել Վարուժանի մահը»
Մենք ներկայացրել էինք ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Լալայանի գրառումը։ Դրանից հետո Դանիել Իոաննիսյանի fip-ը պարզել էր, որ այդ գիրքը հրատարակվել է 2012թ, իսկ 2022թ վերահրատարակվել է։
ՔՊ-ի եւ Նիկոլ Փաշինյանի մեկ այլ հենարան՝ տխրահռչակ Գնել Սարգսյանը իր «Ազատ շփման» շրջանակում հարկ է համարել անդրադառնալ մեր նյութին՝ ընթերցելով նաեւ fip-ի հրապարակումը։
Ի տարբերություն Սարգսյանի, որ զբաղված է հանուն օրվա հացի՝ իշխանությանը ծառայություններ մատուցելով յուրային լրատվամիջոցում եւ իրեն իրավունք է վերապահում լրագրության դասեր տալու, ճիշտ ու սխալ որոշելու, հարկ ենք համարում հիշեցնել, որ մենք նման խնդիր չունենք։
Եթե ինչ-որ թերուսների թվում է, որ եթե գիրքը հրատարակվել է 2012-ին, ապա այլևս խնդիրներ չկան այդ դասագրքի հետ, ապա չարաչար սխալվում է։ Ավելին՝ ինչպես այսօրվա իշխանությանն ենք մեղադրում նման ձեւով գիրքը վերահրատարակելու համար, այնպես էլ մեղադրել եւ մեղադրում ենք Սերժ Սարգսյանին 2012թ նման գրքի հրատարակման համար, շատ լավ տեղյակ ենք, թե ինչ կոռուպցիոն մեխանիզմներ էին գործում նախորդ իշխանությունների ժամանակ՝ դասագիրք հրատարակելիս։
Բայց եթե այդ դասագրքերը շարունակում են վերահրատարակվել, դա նշանակում է, որ կոռուպցիոն մեխանիզմները շարունակում են գործել։ Մեղադրում ենք թե ժամանակին կաշառքի համար դատապարտված, դասագրքի հեղինակ Դավիթ Գասպարյանին, թե այն ժամանակվա ԿԳ նախարարին, իրավասու պաշտոնյաներին, թե այսօրվա պաշտոնյաներին, որ հավելյալ չեն ուսումնասիրել նախքան հրատարակումը։
Հետաքրքիր է՝ ինչով են զբաղված այդ հսկա նախարարությունում, որ անգամ տպագրվող դասագրքերի բովանդակությանը չեն ծանոթանում։
Հայաստանում տեղի ունեցողի համար նախ պատասխանատու է օրվա իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանը, հետևաբար, տվյալ դասագրքի առաջին պատասխանատուն Ժաննա Անդրեասյանն է։ Իսկ Գնել Սարգսյանին խորհուրդ ենք տալիս օրվա իշխանությանը այդպես սանձարձակ եւ անձնուրաց չտրվել, չէ՞ որ էլի իշխանափոխություն կլինի, նոր իշխանություն կգա, իսկ Սարգսյանը ստիպված պետք է նոր իշխանությանը գովի հանուն օրական մի փոր հացի և մի քանի գրամ՝ չասենք ինչի։