Եվրոպական խորհրդարանից հնչող հայտարարություններն աննախադեպ են, անհրաժեշտ է նաև, որ պատժամիջոցներ սահմանվեն Ադրբեջանի նկատմամբ։
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց միջազգային իրավուքի մասնագետ Արա Ղազարյանը՝ անդրադառնալով Եվրոպական Խորհրդարանի կողմից Ադրբեջանին դատապարտող բանաձևի ընդունմանը։
«Այս բանաձևը բավականին հասցեական է։ Ըստ երևույթին, արդեն նույնիսկ ԵՄ-ն է անհանգստացած Ադրբեջանով՝ որպես սպառնալիք տարածաշրջանում՝ հաշվի առնելով, որ ԵՄ-ն հարաբերությունների մեջ է մտել Ադրբեջանի հետ։ Եվ, իհարկե, շատ մեծ է Հաագայի դատարանի որոշման նշանակությունը, որովհետև արդեն, ինչպես նախկինում նշել ենք, դա արդեն անվիճելի փաստ է համարվում»,- ասաց նա։
Այս ֆոնին, ըստ փորձագետի, նշանակություն է ունեցել մեկ այլ շատ կարևոր հանգամանք։ Ղազարյանի խոսքով՝ ԵՄ-ն աչքի տակ ունի Ռուսաստանի օրինակը։
«Այդ երկիրը 21-րդ դարում ուղղակի քրքրում է Ուկրաինային և սպառնալիք է Եվրոպայի համար։ Հիմա իրենք չեն կարող թույլ տալ, որ երկրորդ «Ռուսաստան» ծնվի Կովկասում՝ Թուրքիայի միջոցով, որը ևս սպառնալիք է ԵՄ-ի համար։ Դրա համար, իհարկե, Ադրբեջանն ատոմային պետություն չէ։ Արդեն կարելի է ասել, որ Ադրբեջանին սանձելու այս քաղաքականությունն ամուր նստած է իրենց օրակարգում, միևնույն ժամանակ առևտուր են անում նրանց հետ»,- ասաց նա։
Ըստ փորձագետի՝ քանի դեռ հակամարտությունը ՀՀ տարածքում չէր, բայց հայերով բնակեցված տարածքում էր, նման հայտարարություններ չէին հնչում։ Այդ դեպքում ճանաչված պետության տարածքային ամբողջականություն չէր խախտվել։ ՀՀ սուվերեն տարածք ներխուժելով, բացի մարդու իրավունքներից, փորձագետի խոսքով, Ադրբեջանն աշխարհակարգի փոփոխության պատճառ է դարձել։
«Այստեղ արդեն ՄԱԿ-ի կանոնադրության կոնկրետ կետն է՝ տարածքների ամբողջականությունը, նաև ՄԱԿ-ի բազմաթիվ կոնվենցիաներով ամրագրված իրավունք է խախտվում։ Ստացվում է, որ ոչ թե իրավական, այլ քաղաքական առումով ծնվում է նոր պետություն, որը սպառնալիք է միջազգային խաղաղությանը։ Այստեղ արդեն և՛ ՄԱԿ-ը, և՛ պետություններն անպայման պետք է, հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության ու իրենց Սահմանադրության վրա, պետք է արձագանքեն»,- ասաց նա։
Փորձագետի խոսքով՝ սրանք ԵՄ կողմից կատարվող առաջին քայլերն են այդ ճանապարհին։ «Ես չեմ ասում, թե ԵՄ-ն ու ՄԱԿ-ը դադարելու են գործակցել Ադրբեջանի հետ։ Գործակցությունը շարունակվում է, բայց եթե ոտնձգություն է կատարվում մեկ այլ պետության տարածքային ամբողջականության դեմ, որը երկկողմանի չէ, ապա նման հայտարարություններ հետագայում ևս կլինեն։ Եթե Ադրբեջանը փորձում է ցույց տալ, թե հայերն են արել դա իրենց նկատմամբ, ապա դա չի ընդուվում ԵՄ կողմից։ Ղարաբաղի հարցն է դրված ու դա մարդու իրավունքների կենտեքստում է։ Այսինքն՝ Ադրբեջանի փորձը՝ ստեղծելու տարածքային ամբողջականության խախտման պարիտետ՝ ձախողվել է»,- ասաց միջազգային իրավունքի մասնագետը։
Ղազարյանը համոզմունք հայտնեց, որ այս համատեքստում ՄԱԿ-ի ԱԽ-ն ավելի վստահ կլինի որևէ որոշում կայացնելիս։
Ինչ վերաբերում է ԵՄ հարթակներից հնչող այս գնահատականների դերին՝ ԱԽ-ում որոշումների կայացման գործընթացում։
«Դժվար է հստակ ասել։ ՄԱԿ-ի ԱԽ-ում քվերակության կարգը շատ տարօրինակ է։ Այնտեղ մեկ դեմ ձայն անգամ բավարար է, որպեսզի որևէ որոշում չընդունվի։ Բայց հնարավոր է՝ կոնսենսուսով որոշում ընդունել։ Իսկ կոնսենսուսի համար նման միջազգային կառույցների նման հայտարարությունները շատ կարևոր են, որպեսզի քվեարկողներն իրենց դիրքորոշումները փոխեն ու հասնեն կոնսենսուսային տարբերակների»,- տեսակետ հայտնեց նա։
Այս առումով, փորձագետն արձանագրում է, որ կառույցում դեռևս կոնսենսուս չի ձևավորվել այն հարցում, որ Ադրբեջանն ագրեսոր պետություն է, սակայն, այս հայտարարությունները կարող են ապագայի համար օրվագծել այդ կոնսենսուսը։
«Դա կարող է Ադրբեջանի վարքագծի փոփոխության հիմք դառնալ։ Տեսեք, ԵՄ-ն արդեն հստակորեն ասում է, որ Ադրբեջանի հանրային ծառայողների ագրեսիվ հռետորաբանության մասին։ Եթե նրանց հռետորաբանությունն Ադրբեջանին համարում է Եվրոպայի մաս, ապա Եվրոպայում Երկրորդ աշխարհամարտից հետո մեկ այլ պետություն գրավելու հայտարարությունները, բացի 1 տարի առաջ Պուտինի կողմից արված հայտարարությունից, երբեք չի ունեցել։
Հիմա, Եվրոպայի տարածքում, կարծես թե ծնվել է նոր Մուսոլին։ Բնականաբար, Եվրոպացիները, որ իրենց մաշկի վրա են զգացել այդ ամբողջը, պետք է արձագանքեն, որովհետև արդեն տեսնում են եվրոպական արժեքների կամ Եվրոպայի անվտանգության խաթարում»,- ասաց նա։
Ըստ Արա Ղազարյանի՝ Արևմտյան Ադրբեջանի կեղծ թեզն է դա։ «Բնականաբար, ԵԽԽՎ-ն արդեն ավելի վստահ կլինի այդ թեզի դեմ խոսել, որովհետև ԵՄ-ն արդեն արձագանքել է և հակառակը։ ՄԱԿ-ն էլ, բնականաբար, կարող է ռեգիոնալ ինստիտուտներին՝ ԵԽ-ին և ԵՄ-ին հայտարարությունների տարածել, որ այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջան թեզն իրականում Հայաստանի նկատմամբ տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգության սխեմա է»,- ասաց նա։
Փորձագետի խոսքով՝ Հայաստանի կողմի կատարվող շատ գործողություններ, այդուհանդերձ, անտեսանելի են մնում, սակայն, արբիտրաժային որոշ գործընթացներ կարող էին ավել շուտ մեկնարկել։ «ՀԵտագա մեր գործողություններն արդեն, որքան էլ տարօրինակ հնչի, կախված են Ադրբեջանից։ Եթե այդ երկիր ոտնձգություն անի, ապա, բնականաբար, նոր վարույթ ու գործընթաց կսկսի ու դրանից արդեն ավելի պարզ կլինի։ Նախորդների վերաբերյալ մենք արդեն տեսել ենք արդարության միջազգային ատյանի որոշումը։ Այս կոնտեքստում, կարծում եմ, որ արդյունավետ կլինի միանալ ՄՔԴ-ին (Միջազգային քրեական դատարան- խմբ․)՝ առանձին անհատների ու զինվորականների դեմ վարույթներ հարուցելով։ Առնվազն 2021 թվականին Իշխանասարի տարածքում հանցագործությունների հետ կապված»,- եզրափակեց նա։