Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:32 15-03-2023

ՔՊ-ականների հարստացման մասին ռեպորտաժի ցուցադրումը կանխելու և ասուլիսին հարց տալու համար «Առավոտի» յութուբյան ալիքը ջնջվեց

«Առավոտ» օրաթերթի յութուբյան ալիքը ջնջվել է, որի մասին տեղեկացրել է թերթի խմբագիր Արամ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում. ««Առավոտի» յութուբյան ալիքի վրա հարձակում է տեղի ունեցել, ջնջել են մեր բոլոր տեսագրությունները: Նոր բացված ալիք ունենք, որի վրա առայժմ չեն հարձակվել: Նյութերը կարող ենք առայժմ տարածել միայն ֆեյսբուքով: Տես՝ մեկնաբանության մեջ», -գրել էր նա։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցեց «Առավոտ» թերթի երկարամյա լրագրող Աննա Իսրայելյանի հետ՝ հարցնելով, թե ինչով է պայմանավորված յութուբյան էջի ջնջվելը, արդյոք դա պատահականունություն է, քանի որ ջնջվելուց ժամեր առաջ Իսրայելյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր երկու մեծ հոլովակների տեղադրման մասին՝ օրինակ, թե ինչպես են հարստացել ՔՊ-ական պաշտոնյաներ։

Իսրայելյանը մեզ հետ զրույցում ասաց. «Մեր պաշտոնական յութուբյան էջը դեռ չկա, գոյություն չունի։ Չգիտեմ, հնարավոր է վերականգնվի, աշխատում ենք այդ ուղղությամբ։ Դե ես կարող եմ միայն ենթադրություններ անել կամ վարկածներ առաջ քաշել, ու հիմա, քանի դեռ ուսումնասիրություններ են արվում, ես այլ բան չեմ կարող ասել, թե որտեղից է եղել միջամտությունը, իսկապես չեմ կարող ասել։ Նախատեսվել էր հրապարակում, հայտարարությունից տասնչորս րոպե առաջ ենք կորցրել ալիքը, թե ուղղակի սովորական հաքերային հարձակում է, որևէ բան չեմ կարող ասել դրա վերաբերյալ»։

Մեզ հետ զրույցում, անդրադառնալով թեմային, թե նախ՝ ինչու է ենթարկվել հարձակման էջը, և վերջին շրջանում ինչու են պարբերաբար լինում նմանատիպ դեպքեր, Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը պատասխանեց․ «2018 այդ հայտնի հեղափոխություն կոչվածից հետո նախկին խմբագիր Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների ուղիղ հրահանգով, որ նրանք պարզապես բացահայտ անգամ ցույց են տալիս, թիրախում են գտնվում լրատվական կայքերը, ազատ գործունեություն ծավալող լրագրողները։ Ոչ իշխանական լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջերի, անձնական, յութուբյան էջերի վրա հարձակում են գործել, կիբեր անվտանգության ներկայացուցիչներն անընդհատ խոսում են գաղտնալսման փորձերի մասին։ Մենք բոլորս՝ այդ թվում նաև ես, ինձանից սկսած, բոլորս գաղտնալսվում ենք։ ոշՈւ վստահ ենք՝ ոչ միայն գաղտալսում ենք, այլև հեղափոխությունից հետո անընդհատ այդ ռեժիմում ենք, ֆեյսբուքյան էջերն են փակում, բյուջեի գումարներով ֆեյքերի ՊՈԱԿ-ները սնում ու փորձում են լրատվամիջոցներին թիրախավորել մեդիաների բոլոր հարթակներում։ Մենք այդ հարձակումների պայմաններում ենք ապրում ու մենք վերջին տարիներին տեսնում ենք միջազգային կազմակերպոթւոյւնների շատ-շատ ներկայացուցիչներ, որոնք հիմա լուռ են, ՀԿ-ները, մարդու իրավունքներից խոսող կազմակերպությունները բոլորը լուռ են, մենք տեսնում ենք, թե ինչպիսի օրենքներ են անցկացնում, որով սահմանափակում են հանրության տեղեկացված լինելու իրավունքը, ԶԼՄ-ների ազատ գործունեությունը։ «Առավոտ» օրաթերի յութուբյան էջի այս դեպքի համար կարող են շատ պատճառներ լինել իրականում, և շատ հետաքրքրիր զուգատիպություններ կարող են լինել, երկու ռեպորտաժի հետ կապված, թե ինչպես հարստացան հեղափոխական պաշտոնյաները այս տարիների ընթացքում, յութուբից ջնջել էին բոլոր վիդեոները, մնացել էին միայն և հրաշքով պահպանվել էին ՔՊ-ականների վիդեոները, իսկ Աննա Իսրայելյանը, երբ դրա մասին բարձրաձայնել էր, դրանք էլ էին անհետացել յութուբյան ալիքից։ Լրագրողները շատ լավ գիտեն, թե ինչպես են փակում սոցիալական բոլոր էջերը ու հանրությանը մատուցում միայն Հ1-ի խայտառակ, իրականությունից կտրված լուրերը, մանիպուլացիաներով։ Կոչ եմ անում հասարակությանը՝ կանգնել լրատվականների կողքին։ Լրատվականների ստեղծած պրոդուկտը հանրության համար կենսական անհրաժեշտություն ու նշանակություն ունեցող պրոդուկտ է, և եթե նրանք չդատապարտեն ու լրատվականների կողքին չկանգնեն, արդեն ավելի մեծ խնդիրների առջև կանգնեն։ Երեկվա՝ «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիիմե Ջեբեջյանի՝ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին հնչեցրած հարցը կարող է հիմք լինել էջը փակելու համար, ու երեկ անգամ ասուլիսի ընթացքում պարզ դարձավ, թե ինչ ստի ու մանիպուլացիայի վարպետ է այդ մարդը։ Ասուլիսի ողջ նպատակն էլ կինոհայրենիքի բնակարանը վաճառելն էր, որը գոնե մենք՝ լրագրողներս, գիտենք, թե դա ոնց է ձեռք բերել։ Այս ամենն իսկապես դատապարտելի է, որը պետք է հայտնի դարձնենք ի լուր աշխարհի»։