Ներքին 3 տարի առաջ - 20:24 15-03-2023

Վճռաբեկը կաշկանդված էր․ գլխավոր խնդրին լուծում տալով` դատարանը «Պանդորայի արկղ» կբացեր

«Հայկ Մարությանն ընդդեմ Սոնա Աղեկյանի գործով ընդհանուր իրավասության և վերաքննիչ դատարաններում պարտվել էինք, քանի որ դատարանները անտեսել էին մեր բոլոր հիմնավորումներն ու պատճառաբանությունները առ այն, որ հանրային իշխանության, պաշտոնատար անձի քննադատության սահմանները ավելի լայն են։ Սոնա Աղեկյանը անձնական վիրավորանք չի հասցրել Մարությանին՝ ասելով, որ «կոռուպցիայի հոտ է գալիս», հետո պարզաբանել էր, ասել էր՝ «եթե կոռուպցիա չի, բան ինչ է, երբ քաղաքը գարշահոտության մեջ կորած է ու բակային աղբահանություն չի արվում»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Սոնա Աղեկյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը՝ անդրադառնալով Վճռաբեկ դատարանի որոշմանը, որով հիմնավորվել էր, որ Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի կողմից մամուլի ասուլիսի ժամանակ կատարված արտահայտությունները չեն արատավորել Հայկ Մարությանի պատիվն ու համբավը։

«Վճռաբեկ դատարանը ընդունել էր վարույթ և իր որոշմամբ հստակ արձանագրել է, որ եղած արտահայտությունների մեջ չկա զրպարտություն և վիրավորանք, այլ կա քննադատություն Հայկ Մարությանի՝ որպես քաղաքապետի և քաղաքային իշխանությունների նկատմամբ։ Սոնա Աղեկյանը կատարել է իր գործառույթը, այսինքն՝ հանրությանը իրազեկել է ամբողջ քաղաքին հուզող հարցի վերաբերյալ»։

Հարցին, թե հնարավոր է, որ երկու ատյաններում պարտությունը պայմանավորված էր Մարությանի պաշտոնավարմամբ, Հարությունյանն ասաց, որ ձեռնպահ կմնա նման դատողություններից, բայց բնականաբար, ենթադրելի է, որ ոչ կայացած ժողովրդավարություն ունեցող երկրում, երբ իշխանության ներկայացուցչի հետ որևէ դատական վեճ է լինում և դատական վեճը հաղթում է իշխանության ներկայացուցիչը, սակայն հաղթում է փաստերի և այդ փաստերի վերաբերյալ դատարանի ակնհայտ անհամապատասխան եզրահանգումների համատեքստում, ողջամիտ մտահոգություն կարող է լինել, որ միգուցե կա կաշկանդվածություն։ Նա նաև ընդգծեց, որ Վճռաբեկ դատարանը բավականին կոնսերվատիվ դիրքորոշում ցուցաբերեց այս որոշմամբ։

«Դատարանից մենք խնդրել էինք, որպեսզի ի վերջո, նախադեպային գնահատական տա հանրային իշխանության և պաշտոնատար անձանց, քաղաքական գործիչների նկատմամբ քննադատության սահմաններին։ Բանն այն է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր բազմաթիվ որոշումներով հստակ ամրագրել է, որ քննադատական խոսքը սովորական ֆիզիկական անձի նկատմամբ, եթե որակվում է զրպարտություն, պաշտոնատար անձի և քաղաքական գործչի պարագայում մի փոքր այլ է, դատարանները դրանց ավելի խիստ չափանիշներով պետք է նայեն, որովհետև եթե նույն կրիտերիաներով դատեն, ապա կստացվի, որ պաշտոնատար անձանց և քաղաքական գործիչների նկատմամբ հանրային վերահսկողության սահմաններն ու խոսքի ազատությունը անհարկի կսահմանափակվեն։ Նույնիսկ գործեր կան ՄԻԵԴ-ում, որով հասարակական գործիչն ուղիղ իշխանություններին մեղադրել էր կոռուպցիայի մեջ՝ անվանելով կաշառակերներ, ՄԻԵԴ-ն այս գործով ասել էր, որ հանրային իշխանության մարմինների և հասարակական անձանց նկատմամբ քննադատությունը երբեմն կարող է լինել չափազանց վուլգար, դատարանները պետք է այդ պարագայում նույնպես չսահմանափակեն խոսքի ազատության իրավունքը և թույլ տան, որ լրագրողները և հասարակական-քաղաքական գործիչները ավելի լայն քննադատության հնարավորություն ունենան։ Վճռաբեկ դատարանը այդ տեսանկյունից չնայեց բողոքին։ Ես կարծում եմ՝ եթե գնար մեր առաջարկած ճանապարհով, «Պանդորայի արկղ» կբացեր հանրային իշխանության նմացած բոլոր մարմինների նկատմամբ, երբեմն արդարացի, երբեմն չափազանցված քննադատության համար, ինչը չարեցին։ Այս համատեքստում, այս որոշումը կարող էր նախադեպային լինել՝ հանրային իշխանության քննադարտության համատեքստում, որովհետև մեր մտահոգությունը կայանում էր նրանում, որ առաջին հերթին լրագրողներին պաշտպանենք, որովհետև վերջին տարիներին նկատվում է, որ լրագրողները շատ են հայտնվում դատարաններում՝ հայտնվելով պատասխանողի դերում, որովհետև պաշտոնատար անձինք լրագրողական քննադատությունը փորձում են սահմանափակել զրպարտության հայցերով։ Ամեն դեպքում՝ սա վստահաբար առաջին քայլն էր, հուսով եմ մի օր մեր ջանքերն արդյունք ունեննան և ի վերջո կունենանք երկրորդ քայլը, որի արդյունքում այս հարցը կփակվի ու լրագրողներն ու հասարակական գործիչներն առավել պաշտպանված կլինեն իրենց առաքելությունը կատարելու՝ առանց մտահոգության։ Արդյունքում, 2-3 մլն դրամ վճարելու և հարապարակային հերքում պահանջելու «դամոկլյան սուրը իրենց վրայից կփորձենք հանել»։

Հայկ Մարությանի փաստաբան Գագիկ Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Վճռաբեկ դատարանի որոշման հետ համաձայն չեն, բայց քանի որ իր վստահորդի կողմից լիազորված չէ, առավել մանրամասն մեկնաբանություն տալ չի կարող։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում