copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 17:30 15-03-2023

Փաշինյանը փորձում է խուսափել տարբեր հարթակներում իր տված խոստումներից. Բաքուն արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այհան Հաջըզադեն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին հնչեցրած հայտարարություններին։ Ինչպես փոխանցում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, Հաջըզադեն ասել է, որ Փաշինյանը «մի քանի անհիմն պահանջներ է ներկայացրել Ադրբեջանի դեմ»։

Ադրբեջանցի պաշտոնյան հայտնել է, թե Նիկոլ Փաշինյանը «անհիմն և պատմական փաստերը կոպտորեն խեղաթյուրող պնդումները հերթական անգամ վնասում են խաղաղության հաստատման գործընթացին»։ Նա Հայաստանի վարչապետին մեղադրել է «իր ստանձնած պարտավորություններից և միջազգային տարբեր հարթկներում տված խոստումներից խուսափելու, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները և միջազգային միջնորդների ջանքերը զրոյացնելու մեջ»։ Վերջինս նաև սպառնացել է՝ նշելով, որ նման քայերը Հայաստանին ոչ մի լավ բան չեն խոստանում։

Հաջըզադեն նշել է, որ Փաշինյանի կողմից Հայաստանի տարածքում բնակված ադրբեջանցիների վտարման փաստի ժխտումը վկայում է, որ նա փորձում է արդարացնել «Հայաստանի կողմից տասնամյակներ շարունակ իրականացված էթնիկ զտումների համակարգված և նպատակաուղղված քաղաքականությունը»։ Նա պնդել է, թե, իբր, «Հայաստանի տարածքում ապրող խաղաղ ադրբեջանցիների ֆիզիկական բնաջնջումը, նրանց դեմ արյունալի ջարդերի իրականացումը, ահաբեկչության միջոցով բնակչության բռնի վտարումը պատմական փաստեր են»։

«Բռնության և ներկայիս Հայաստանի տարածքից ադրբեջանցիների արտաքսման մասշտաբների մասին ամբողջական պատկերացում ունենալու համար բավական է, որ վարչապետը ծանոթանա, թե ինչպես է փոխվել տարածաշրջանում ադրբեջանցի և հայ բնակչության հարաբերակցությունը: Լավ հայտնի է, որ ժամանակին ադրբեջանցիները տոկոսային թվերով մեծամասնություն էին կազմում ներկայիս Հայաստանի տարածքում, իսկ հիմա այնտեղ մարդ չի մնացել, և դա նպատակաուղղված քաղաքականության արդյունք է»,- հայտարարել է նա։

Այհան Հաջըզադեն շեշտել է, որ Հայաստանի ղեկավարությունը չի ցանկանում ճանաչել ադրբեջանցիների՝ այսպես «կոչված իրենց հայրենի բնակավայրեր անվտանգ և արժանապատիվ վերադառնալու իրավունքը, դեմ է նրանց հետ երկխոսության կոչին, և նրանց օրինական պահանջները» ներկայացնում է որպես տարածքային պահանջ։ Նրա պնդմամբ՝ «Հայաստանի ղեկավարությունը ոչ մի նշանակություն չի տալիս մարդու իրավունքներ հասկացությանը և մտադիր է շարունակել մոնոէթնիկ պետության տիտղոսը պահպանելու իր քաղաքականությունը»։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը մեղադրել է նաև Հայաստանի վարչապետին՝ «Արցախի բնակչության հետ Բաքվի երկխոսության փորձերին միջամտելու, ինչպես նաև Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված նրա սադրիչ հայտարարություններ օգտագոծելու մեջ»։ Նրա խոսքով՝ Փաշինյանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ և կառավարություն արտահայտությունների օգտագործումը «անընդունելի է»։ Պաշտոնյան պնդել է, թե, իբր, «Արցախի բնակիչների վերաինտեգրման հարցում Ադրբեջանի դիրքորոշման անտեսումը, վկայում է այն մասին, որ Հայաստանը չի հրաժարվում իր ագրեսիվ քաղաքականությունից, որը սկսվել է 1990-ականների սկզբին՝ ազգերի ինքնորոշման պատրվակով»։

«Հայաստանի վարչապետը պետք է հասկանա, որ Ղարաբաղի շրջանի հայազգի բնակիչների իրավունքները երբեք չեն կարող ավելի վեր լինել, քան տարածաշրջանի ադրբեջանցի բնակչության իրավունքները։ Ադրբեջանը կիրառում է և կկիրառի միայն հավասար մոտեցում իր տարածքում ապրող տարբեր էթնիկ ժողովուրդների նկատմամբ»,- ասել է նա։

Վերջինս հավելել է, որ Փաշինյանը հայտնել է խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին, որում հիշատակվում են միայն Հայաստանի առաջարկները և հաշվի չեն առնվում Ադրբեջանի առաջարկները, ինչը ապացուցում է, որ նա «շահագրգռված չէ խաղաղ գործընթացով»: «Մենք կարծում ենք, որ Հայաստանի այս ապակառուցողական գործողությունները պետք է կասեցվեն և դատապարտվեն միջազգային հանրության կողմից»,- եզրափակել է նա։