Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 18:30 15-03-2023

Ազդարարվել է «Ֆրանկոֆոնիայի օրեր 2023»-ի մեկնարկը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված «Ֆրանկոֆոնիայի օրեր 2023»-ի մեկնարկին, ինչպես նաև Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի բացմանը:

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, մամուլի ասուլիսին մասնակցել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում Շվեյցարիայի դեսպան, ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ Լուկաս Ռոզենկրանցը, Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Գիյոմ Նարժոլեն, ՀՀ արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Նունե Զաստուխովան։

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն ողջունել է ներկաներին՝ նշելով, որ մեծ պատիվ է ներկայացնել ֆրանկոֆոնիայի օրերի մեկնարկը ֆրանկոֆոնիայի անդամ երկրում, և շնորհակալություն հայտնել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին ֆրանկոֆոնիայի բազմաթիվ ծրագրերում Հայաստանի մեծ ներդրման համար: Դեսպանն ընդգծել է, որ այս տարի ֆրանկոֆոնիայի օրերը նվիրված են մշակութային բազմազանությանը, ֆրանկոֆոն մշակույթների տարբեր արժեքներին:

Նա հպարտորեն նշել է, որ Հայաստանում գործում է ֆրանսիական մշակույթի և կրթական ցանց, մասնավորապես՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանը, որն ունի մոտ 2000 ուսանող, Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրը, որն ունի շուրջ 300 աշակերտ և նորաբաց Հայաստանի ֆրանսիական ինստիտուտը: Այս հաստատությունը կունենա կրթական և մշակութային բաղադրիչներ. երեխաների, պատանիների, չափահասների համար կդասավանդվի ֆրանսերեն, հնարավորություն կընձեռվի նաև քննություններ հանձնելու միջազգային վկայագրերի համար: Հայաստանի ֆրանսիական ինստիտուտը կհամագործակցի նաև հայաստանյան մշակութային կազմակերպությունների հետ. այս հարթակում կանցկացվեն բազմաժանր մշակութային ծրագրեր:
Դեսպանի տեղեկացմամբ՝ ֆրանկոֆոնիայի տոնն ամբողջ աշխարհում միավորում է ավելի քան 500 միջոցառում, որոնցից մի մասը կանցկացվի Հայաստանում:

«2023 թվականին դեսպանությունը ներկայացնում է ֆրանսերենին և ֆրանսիական մշակույթին նվիրված շուրջ 20 միջոցառում՝ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: Ծրագիրը բազմաժանր է. կինո, երաժշտություն, թատրոն, բանավեճ, ժամանակակից արվեստ, ֆրանսերենի իմացության մրցույթ: Ֆրանկոֆոնիայի օրերի մեկնարկը Հայաստանում միշտ եղել է շատ սպասված և յուրահատուկ, որի շրջանակում իրականացվող միջոցառումներն առավել կխթանեն ֆրանսերենի և ֆրանկոֆոն մշակույթների տարածումը»,- ասել է դեսպանը և շնորհակալություն հայտնել բոլոր գործընկերներին:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին «Ֆրանկոֆոնիայի օրեր 2023»-ի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսի շրջանակում:

Նախարարի տեղեկացմամբ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը համախմբում է 320 միլիոն ֆրանսախոսների, հնարավորություն է ընձեռում տոնելու համերաշխությունն ու միասին ապրելու ցանկությունը՝ ներկայացնելով նաև Ֆրանկոֆոնիայի արժեքները։

Ժաննա Անդրեասյանի փաստմամբ՝ Հայաստանը շատ մեծ պատասխանատվությամբ և ակտիվությամբ է մասնակցում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում իրականացվող բոլոր միջոցառումներին և նախաձեռնություններին:

«Մեծ կարևորություն է տրվում ֆրանկոֆոնիայի օրերին, որոնք տարեցտարի առավել ընդգրկուն են դառնում՝ ներգրավելով ավելի շատ մասնակիցներ: Ուրախությամբ պետք է հայտնեմ, որ այս տարի Հայաստանի մշակութային և կրթական հաստատություններում կազմակերպվելու են ֆրանկոֆոնիային նվիրված բազմաբովանդակ միջոցառումներ: Հայաստանի բոլոր մարզերը ներգրավված են այս կարևոր նախաձեռնությունում: Վստահ եմ, որ Հայաստանի բոլոր կրթամշակութային կառույցներում կազմակերպվող միջոցառումները նպաստելու են ֆրանսերենի, ֆրանկոֆոն մշակույթի ու արժեքների տարածմանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի ներկայացմամբ՝ 2023 թվականի Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա բացման կապակցությամբ մարտի 20-ին Արամ Խաչատրյանի համերգասրահում տեղի կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը, որի ընթացքում կհնչեն ֆրանսիացի հանրահայտ կոմպոզիտորներ Քամիլ Սեն-Սանսի, Կլոդ Դեբյուսիի և Մորիս Ռավելի ստեղծագործությունները: Մարտի 31-ին Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում կազմակերպվելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված մեծ միջոցառում՝ հայորդաց տան երգչախմբի և Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ:

«Այսօրվա միջոցառումն իրապես խորհրդանշական է և ֆրանկոֆոն երկրների միջև բարեկամության ամրապնդման ապացույց: Վստահ եմ, որ մեր համագործակցությունը կլինի շարունակական և արդյունավետ, ինչպես նաև հիմք կհանդիսանա նոր նախաձեռնություններ իրականացնելու համար»,- նշել է Ժաննա Անդրեասյանը և շնորհավորել բոլորին «Ֆրանկոֆոնիայի օրեր 2023»-ի մեկնարկի կապակցությամբ:

Հայաստանում Շվեյցարիայի դեսպան, ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ Լուկաս Ռոզենկրանցը շեշտել է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը մի յուրահատուկ հարթակ է, որը մի ընդհանուր լեզվի միջոցով զարգացնում է անդամ պետությունների միջև մշակութային, կրթական և տնտեսական համագործակցությունը՝ ի նպաստ ժողովուրդների:

ՀՀ արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Նունե Զաստուխովան անդրադարձել է մեր երկրում ֆրանկոֆոնիայի ծրագրերի իրականացմանը, գրանցած հաջողություններին և շնորհավորել բոլորին «Ֆրանկոֆոնիայի օրեր 2023»-ի մեկնարկի կապակցությամբ:

Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Գիյոմ Նարժոլեն հանգամանորեն ներկայացրել է «Ֆրանկոֆոնիայի օրեր 2023»-ի ծրագիրը և միջոցառումներին վերաբերող մի շարք մանրամասներ:

Ամենից շատ դիտված

22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
12:18 Մեկ ամիս էր, որ զորակոչվել էր բանակ, ընտանիքի ավագ որդին է․ նոր մանրամասներ՝ մահացած 19-ամյա զինծառայողի մասին
16:59 «ՀԷՑ-ը գցել են իրենց ոտքին». ՊԵԿ-ն արդեն 78 մլն-ով տուգանել է Ռոմանոս Պետրոսյանի հիմնարկը
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞
20:14 Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին
09:00 Համ սփյուռքին քծնում են, համ ասում են` պետք չէ մեզ, համ էլ 294 միլիոն դրամ են ծախսում
11:56 Ընտրեցինք Փաշինյանին, որ մեզ էս օրը քցի՞․ ակցիայի մասնակից
09:41 Զինծառայող է մահացել․ ՊՆ