Երևան +14°
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 15:20 14-03-2023

Ադրբեջանցի իրավապաշտպանները մեղադրում են միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին՝ Հայաստանում կատարվող խախտումներն անտեսելու համար

Ադրբեջանի իշխանությունների կողմից հովանավորվող հակահայկական նախաձեռնությունների շրջանակներում այդ երկրում գործող այսպես կոչված իրավապաշտպան կազմակերպությունների դիտորդական խումբը կեղծ զեկույց է պատրաստել 2018-2023 թվականներին Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Զեկույցին նվիրված միջոցառման ժամանակ ադրբեջանցի իրավապաշտպան Նովելլա Ջաֆարօղլուն հայտարարել է, թե, իբր, «մարդու իրավունքների այնպիսի խախտումներ, ինչպիսիք Հայաստանում են եղել, աշխարհի որևէ այլ տեղում չեն եղել»։ Նրա խոսքով, որևէ միջազգային կազմակերպություն չի ցանկանում Ադրբեջանում կայունություն տեսնել։

«Ոչ մի կազմակերպություն չի ցանկացել, որ մեր երկիրն ազատի Ղարաբաղը օկուպացիայից։ Հայաստանի և Վրաստանի համեմատ Ադրբեջանն ավելի ժողովրդավարական պետություն է։ Փաշինյանը միշտ պնդել է, որ Հայաստանը ժողովրդավարական պետություն է, բայց մեր պատրաստած զեկույցը ցույց է տալիս, թե որքան «ժողովրդավարական» է Հայաստանը»։

Զեկույցում նշվել է, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները «մշտապես երկակի ստանդարտներ են կիրառում Ադրբեջանի նկատմամբ, միևնույն ժամանակ անտեսում են վերջին երկու տարիներին հայ ժողովրդի նկատմամբ Հայաստանի իշխանությունների հակաժողովրդավարական և անմարդկային վերաբերմունքը»։ «Մասնավորապես, 2022 թվականի ապրիլ-հուլիս ամիսներին Հայաստանում ցուցարարների նկատմամբ ոստիկանության վատ վերաբերմունքը և խլացուցիչ նռնակների կիրառումը ինչ-որ կերպ չնկատվեցին միջազգային կազմակերպությունների կողմից»,- ասվում է զեկույցում։

Նշվում է, որ «չնայած Փաշինյանի կառավարությունն իրեն ներկայացնում է որպես «ժողովրդավարական», սակայն զեկույցում արտացոլված փաստերը ցույց են տալիս, որ վերջինս իրականացնում է այնպիսի կառավարում, որը հեռու է ժողովրդավարական համարվելուց։ Ադրբեջանցի իրավապաշտպանները միջազգային կազմակերպություններին կոչ են արել արձագանեքել Հայաստանում տեղի ունեցող խախտումներին և զերծ մնալ երկակի չափանիշներից։