«Մայր իմ, կներե՛ս, թաքուն գնացի
Կամավոր գրվել, զինվոր եմ հիմա,
Ոչինչ, որ մահն էր նայում դիմացից,
Կյանքն անցողիկ է, ամոթը՝ ցմահ․․․»
Վահե Մկրտչյանի տողերը փորագրված են իր շիրմաքարի վրա։

Վահեն ինքնատիպ էր, տաղանդավոր։ Վահեն երազանքներ ուներ, ուսանող էր ու զորակոչվեց։ 19-ամյա Վահեն համալրեց անմահների զորագունդը։ Զոհվեց Օմարում։
«Ավանդական բանակի քեֆ ենք արել, ուրախացել․ շտապում էր մեկնել, որովհետև իր ուսանող ընկերները ծառայում էին, իսկ ինքը դեռ տանն էր»,-
Oragir․News-ի հետ զրույցում պատմում է հայրը՝ Արմենակ Մկրտչյանը։

Արցախում զոհված 19-ամյա Վահե Արմենակի Մկրտչյանն Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքից էր: Սովորել է Երևանի պետական համալսարանի «Միջազգային հարաբերություններ» ֆակուլտետում։
Հայրն ասում է, որ Վահեն նվիրված էր ուսմանը, ստեղծագործում էր։ Ծնողները պատրաստվում են հրատարակել Վահեի ստեղծագործությունները՝ գրքի տեսքով։ Զոհվել է սեպտեմբերի 30-ին։ «Որդուս ամեն տեղ փնտրում եմ։ Փորձում եմ իր ընկերների մեջ գտնել մի փոքր Վահեից։ Ում հետ շփվել է, բոլորի մեջ տեսնում եմ իրենից մի մաս»,- ասում է մայրը՝ Հասմիկ Մուրադյանը:

Մայրը ապրում է որդու մասին հիշողություններով։ Մի որդի էլ ունի և պայքարելու է, որ նա ապրի խաղաղ Հայաստանում։ «Վահեն ժիր, աշխույժ, հարցասեր երեխա է եղել։ Անգամ դասվարը՝ «բողոքի» տեսքով, ասել է՝ Վահեն անդադար հարցեր է տալիս ու չի թողնում մյուս աշակերտներին հերթ հասնի»,- պատմում է։

Վահեն ուսանողների հետ վարչապետի հետ հանդիպման է մասնակցել։ Հարց հղող երեք ուսանողներից մեկն էր․ «Հանդիպման ժամանակ հարց է ուղղել Նիկոլ Փաշինյանին։ Հարցը եղել է հետևյալը՝ եթե քաղտեխնոլոգիան չլիներ, կկարողանայիք արդյոք հեղափոխություն անել, որին հստակ պատասխան վերջինս չի տվել»,- ասում է մայրը։

Վահեի ստեղծագործությունները դեռ կպատմեն նրա մասին։ Հերոսը հուղարկավորված է Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում։
Լուսին Ղազարյան