Երևան +12°
copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 23:07 10-03-2023

Օ՜, դու ինձ համար փորձանք ես դառնալու

1845 թվականի մարտի 11-ին Մոսկվայում ծնվել է հայ հրապարակախոս, հասարակագետ, քննադատ, գրական-հասարակական գործիչ Գրիգոր Արծրունին։

Արմատներով Վանեցի, բարձրաստիճան զինվորական Երեմիա Արծրունու և ազնվական ծագմամբ Ագրեպինա Նազարյանցի ընտանիքում ծնված Գրիգորի կամային, համառ ու անզիջում բնավորությունը նկատվել է հենց բարուրից։ Գրող Ալեքսանդր Շիրվանզադեն իր հուշերում գրում է.



«Պատմում էին, թե Գրիգոր Արծրունու ծննդյան օրը հայրը, որ պաշտոնաթող գեներալ էր, նայելով նրա երեսին, ասել է.
- Օ՜, դու ինձ համար փորձանք ես դառնալու:

Իրողություն է այս, թե անեկդոտ – չգիտեմ, բայց մի անգամ Արծրունին իր հոր գլխին մի փորձանք բերեց: Թիֆլիսի քաղաքային ինքնավարության ընտրություններն են: Իրավասուների մի խումբ քաղաքագլխի պաշտոնի համար թեկնածու է հայտարարել Արծրունու հորը, նկատի ունենալով ոչ այնքան նրա արժանավորություները, որքան նրա գեներալային տիտղոսն ու հարստությունը: Մի ուրիշ խումբ որոշել է ընտրել վրացի Կիպիանուն, որ իրոք մի արժանավոր անձնավորություն էր և որ ապագայում շատ հալածանքներ կրեց ցարական կառավարությունից և մեռավ աքսորավայրում: Այս վերջին խմբի մեջ է լինում և՛ Գրիգորը: Նա ասում է.

- Հայր, եթե դու քվեարկես, գիտցիր, որ ես քեզ սև քվե եմ տալու:

- Չե՛ս համարձակվիլ, թշվառակա՛ն, - գոռում է գեներալը, որ վերին աստիճանի մի կամակոր և անզուսպ մարդ է եղել:

Գիրգոր Արծրունին կատարում է իր սպառնալիքը: Ընտրությունների ժամանակ նա իր ճերմակ քվեն գցում է Կիպիանու տուփի, իսկ սև քվեն` իր հոր տուփի մեջ: Եվ այդ մի հատիկ քվեով Կիպիանին քաղաքագլուխ է ընտրվում:

Այս բանն ինձ պատմել է իր ժամանակին նշանավոր վրացի հրապարակախոս Նիկոլայ Յոկովլևիչ Նիկոլաձեն»:

Գրիգոր Արծրունին, որ սովորել էր Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, ապա Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի համալսարաններում, դասընթացներ էր անցել Ցյուրիխի և Ժնևի համալսարաններում, քաղաքագիտության ու փիլիսոփայության դոկտորի աստիճան ստացել Հայդելբերգի համալսարանում, կատարելապես տիրապետում էր ռուսերենին, լատիներենին, գերմաներենին։ Հոդվածներ գրելու համար իր իմացած հայերենը թերի համարելով, նա հայոց լեզու և գրականություն էր սովորել Վենետիկի Մխիթարյան միաբանությունում։

Փայլուն կրթությամբ, գիտելիքների մեծ պաշարով զինված Արծրունին 1870 թ. վերադարձել էր Թիֆլիս և այստեղ իրագործել իր կյանքի մեծագույն երազանքը` տպագրել էր «Մշակ» թերթը:



«Մշակի» առաջին համարը լույս է տեսնում 1872-ի հունվարի 1-ին ՝ Արծրունու «Երեկ, այսօր ու էգուց» խմբագրականով, որտեղ նա գրում է.

«Կար ժամանակ, երբ մենք՝ հայերս, բավականացնում էինք մեր ազգային փառասիրության զգացմունքը, հիշելով մեր փառավոր անցյալը, մեր առասպելական ավանդույթները… Նա պարծենում է իր ազգի պատմությամբ, բայց աշխատում էր իր երեխաների հետ մայրենի լեզվով չխոսել… Ժողովուրդը տգետ եւ մոլեռանդ էր: Նա հայերեն չգիտեր, բայց եկեղեցի հաճախելով՝ ջերմեռանդ աղոթում էր…

Երեկվա օրը անցավ:

Այսօր ամեն տեղ սկսում են փոքր ի շատե հայերեն սովորել…

Էգուցվա օրը պահանջում է փոքր սերունդի տարրական ուսում, ժողովրդի համար՝ ժողովրդական գիտություն, ուսում առածների համար՝ ճիշտ գիտության ծանոթություն, հասարակության համար՝ ճիշտ տպավորությունների վրա հիմնված մտախոհության եղանակ — ամենի համար աշխատանք:

Երեկ մենք կտակարանական ազգ էինք.

Այսօր մենք ազգասեր ենք.

Էգուց մենք պետք է աշխատողներ դառնանք»:

«Մշակի» առաջին համարը` 500 տպաքանակով, սպառվում է 4 ժամում: Հետագայում շաբաթաթերթը դառոնում է օրաթերթ և լույս տեսնում 1300 տպաքանակով:

«Մշակը» շատ արագ դառնում է հայության սիրելի ու սպասված թերթը, որտեղ Գրիգոր Արծրունին տպագրում է ոչ միայն իր քաղաքական հայացքները, այլ նաև թատերախոսականներն ու գրախոսականները։

Նրա հոդվածներից սարսափում, հուզվում, անհանգստանում ու մտահոգվում էին քաղաքական գործիչները, մեծանուն դերասաններն ու գրողները։

Հովհաննես Աբելյանը, որ 19-րդ դարի վերջին Սիրանույշի կողքին հայտնված մի մեծություն էր, իր դերասանական հաջողությունների սկզբում խաղում է Դյուվալ «Կամելիազարդ տիկինը» ներկայացման մեջ։ Սրան հաջորդում է «Մշակ» թերթում Գրիգոր Արծրունու խիստ քննադատական հոդվածը, որտեղ նա տակնուվրա էր անում Աբելյանի խաղը։



Դերասանը ազդված ու կատաղած գնում է «Մշակի» խմբագրություն։

- Այդ ինչպե՞ս էիք խաղում, պարոն Աբելյան,- նրան է դիմում քննադատը։

- Ներեցեք, պարոն Արծրունի, ես երեկ հիվանդ էի։

- Բեմը հիվանդանոց չէ, - պատասխանում է Արծրունին ու սահմանափակում խոսակցությունը։

Տարիներ անց Աբելյանը գրում է. «Առաջին անգամ ինձ թե լավ հայհոյել են, և թե անվանել տաղանդավոր։ Եվ երկուսն էլ մի մեծ մարդու` Գրիգոր Արծրունու կողմից։ Բարեբախտությունն այն է, որ առաջ հայհոյել են, հետո գովել»։

Քաղաքական և մշակութային դաշտում եղանակ ստեղծող, ճաշակ թելադրող, կարծիք ձևավորող այս մեծ մտավորականը մահացավ 1892 թվականի դեկտեմբերի 17-ին, Թիֆլիսում: Նրա թաղումը վերածվեց համաժողովրդական սգի և ցույցի: Ցարական ոստիկանությունը վախենալով դեպի Խոջիվանքի գերեզմանատուն շարժվող բազմահազար ամբոխի հուզական ցույցից՝ փորձեց թաղման թափորը կառավարել: Հանրությունն ընդդիմացավ ու բախումներ եղան Թիֆլիսի փողոցներում: Տասնյակ ոստիկաններ վիրավորվելով՝ նահանջեցին, իսկ թաղումից օրեր անց բազմաթիվ հայեր ձերբակալվեցին:

Գրիգոր Արծրունու մահից հետո «Մշակը» շարունակեց լույս տեսնել Ալեքսանդր Քալանթարի, Համբարձում Առաքելյանի, Լեոյի, Տիգրան Հախումյանի խմբագրությամբ՝ մինչև 1921 թվականը։

Նաիրա Եղիազարյան

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ
13:30 Շարժումը հաղթելու է, և դա բերելու է Հայաստանի զարգացման․ Գևորգ Թամամյան