copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 18:06 10-03-2023

Ես նմա՞ն եմ Քրիստոսին․ Բուլգակովը մահացավ անկողնուն գամված՝ երազելով միակ արժանապատիվ մահվան՝ հրազենից սպանվելու մասին

Ռուս նշանավոր գրող և դրամատուրգ, թատերական ռեժիսոր ու դերասան Միխայիլ Բուլգակովը գրեթե ճշգրիտ գուշակել էր իր մահվան օրը։ Նա կանխագուշակել էր դեռ այն ժամանակ, երբ բոլորովին առողջ մարդ էր, իսկ յոթ ամիս հետո նա այլևս չկար։

Այսօր Միխայիլ Բուլգակովի հիշատակի օրն է։



Ժամանակակից բժիշկները հաստատում են, որ Բուլգակովի կյանքով ապրած մարդն իսկապես ողջ մնալ չէր կարող։ Երկու պատերազմ, սով, տիֆ, կախվածություն մորֆինից։ Այո՛, որոշիչ էր նաև ժառանգականությունը․ Բուլգակովի հայրը մահացել էր նույն հիվանդությունից և նույն տարիքում, ինչ որդին։

«Հիշիր, ես շատ ծանր ձևով կմեռնեմ, երդվիր ինձ, որ ինձ հիվանդանոց չես տանի․ ես կմեռնեմ քո գրկում», - ասել է Բուլգակովը կնոջը 1939 թ.։

Ելենա Սերգեևնան կատարեց ամուսնու խնդրանքը. գրողը մահացել է տանը՝ սարսափելի ցավ ապրելով․ նույնիսկ հագուստի ու վերմակի հպումներն էին ցավ պատճառում։ Բժիշկների կողմից տրված ախտորոշումը նեֆրոսկլերոզն էր՝ երիկամների հիվանդություն, որը բարդացած էր զարկերակային հիպերտոնիայի պատճառով։ Գրողը մանկուց երիկամային անբավարարություն ուներ, որն ամենայն հավանականությամբ ժառանգել էր հորից։

1916 թվականին Բուլգակովը Կիևում ստացել է բժշկի դիպլոմ։ Սկզբում աշխատել է որպես զինվորական բժիշկ Առաջին համաշխարհային պատերազմի ռազմաճակատում, դրանից հետո նրան ուղարկեցին Նիկոլսկոյե գյուղ, որտեղ ևս զբաղվել է բժշկությամբ։



Բուլգակովը Նիկոլսկոյեում իր աշխատանքի ժամանակ հաճախ էր առնչվում դիֆթերիային՝ զբաղվելով գյուղացի երեխաների բուժմամբ: Դիֆթերիան մահացու վարակիչ հիվանդություն է, որի ժամանակ շնչուղիները փակվում են: Բժիշկն այն տարիներին ստիպված էր բարակ խողովակով զգուշությամբ քաշելով դուրս հանել ավելորդ թաղանթը երեխայի շնչուղիներից։ Այս ընթացքում բժիշկն ինքը էլ հաճախ հիվանդանում էր․ դիֆթերիայի պատճառով հազարավոր բժիշկներ մահացան աշխատանքի ընթացքում։ Հերթական բուժումից հետո Բուլգակովը կասկածում է, որ ինքն էլ կարող է վարակված լինել։ Նա որոշել էր իրեն հակադիֆթերիայի շիճուկ ներարկել։ Այն շատ էր տարբերվում ժամանակակից պատվաստանյութից. այո՛, այն քիչ թե շատ պաշտպանում էր վարակից, բայց առաջացնում էր ծանր կողմնակի բարդություններ: Բուլգակովի դեմքն ամբողջությամբ ուռել էր և քոր էր գալիս։ Ցավը մեղմելու համար Բուլգակովն ինքն իրեն մորֆինի դեղատոմս էր գրել։ Գրողի առաջին կինը այն գնում էր տարբեր դեղատներից, որպեսզի կասկած չառաջացնի, իսկ Բուլգակովն իրեն օրական երկու անգամ սրսկում էր։ Հետագայում նա կարողացավ հաղթահարել մորֆինից կախվածությունը, սակայն անզգայացման սովորությունը՝ ոչ։ Սա, հավանաբար, տարավ նրան մահվան։

Քաղաքացիական պատերազմի տարիներին գրողը տառապել է տիֆով։ Թեև կարողացավ ապաքինվել, սակայն Մոսկվա տեղափոխվելուց հետո նա սկսում է տառապել անտանելի գլխացավերից, որոնք նա հետագայում «շնորհեց» «Վարպետն ու Մարգարիտան» վեպի հերոս Պոնտացի Պիղատոսին։ Իր վիճակը ինչ-որ կերպ մեղմելու համար Բուլգակովը շատ ցավազրկողներ է խմել։

«Բուլգակովի երիկամների հիվանդության զարգացման պատճառներից մեկը այս դեղամիջոցների նեֆրոտոքսիկ ազդեցությունն է», - ասում է Սեչենովի համալսարանի պրոֆեսոր Լեոնիդ Դվորեցկին:

1939 թվականին Բուլգակովն անընդհատ կատակում էր իր մահվան մասին՝ ասելով, որ գրում է իր վերջին պիեսը՝ ապրելով վերջին տարին, և բնակարանից արդեն «մեռելի հոտ է գալիս»։

Բուլգակովի հիվանդությունը լիովին դրսևորվեց 1939 թվականի սեպտեմբերին։ Ամուսնու անսպասելի ծանր հիվանդությունից ցնցված Ե. Ս. Բուլգակովան որոշ ընդմիջումից հետո վերսկսում է օրագրային գրառումները. «Սեպտեմբերի 29. Բաց թողածին վերադառնալու ցանկություն չկա։ Ուստի, ուղիղ Միշայի ծանր հիվանդության մասին․ գլխացավը գլխավոր պատուհասն է։ Երեկոյան Միշան իրեն ավելի լավ է զգում։ Իրադարձությունները շուրջբոլորը եռում են, բայց անշուք են հասնում մեզ, քանի որ մեզ դժբախտությունը հարվածել է։ Ախտորոշումը պարզ է դառնում՝ երիկամային քրոնիկ անբավարարություն»։



Վերադառնալով «Բարվիխա» առողջարանից ընկճված վիճակում, գրեթե ոչ մի բարելավում չզգալով և գիտակցելով իր ողբերգական վիճակը՝ Բուլգակովը 1939 թվականի դեկտեմբերին գրել է Կիևում գտնվող իր երկարամյա բժիշկ ընկեր Ալեքսանդր Գդեշինսկուն. «...․Ես վերադարձա առողջարանից։ Ի՞նչ է ինձ հետ կատարվում... Եթե անկեղծ ու թաքուն ասեմ, այն միտքն է ինձ տանջում, որ վերադարձել եմ մեռնելու։ Սա ինձ չի բավարարում մեկ պատճառով՝ ցավոտ, հոգնեցուցիչ և գռեհիկ է։ Ինչպես գիտեք, կա մահվան մեկ պարկեշտ տեսակ՝ հրազենից, բայց ես, ցավոք, չունեմ այդ հնարավորությունը: Ավելի ճիշտ, եթե խոսենք հիվանդության մասին, իմ մեջ հստակ զգացվում է կյանքի և մահվան նշանների պայքարը»։

Բուլգակովի ընկեր, ռեժիսոր և սցենարիստ Սերգեյ Երմոլինսկին պատմում է մահացող գրողի վերջին օրերի մասին. «Սրանք լուռ, բարոյական տառապանքի օրեր էին։ Խոսքերը կամաց-կամաց մեռնում էին նրա մեջ... Քնաբերների սովորական չափաբաժինները դադարեցին օգնել։ Բոլոր նորմերը գերազանցող այս դեղատոմսերով մենք նրան թույն էինք տալիս։ Ես ինքս պետք է գնայի դեղատուն՝ բացատրելու, թե ինչ է անհրաժեշտ։ Մոտեցա դեղագործին։ Նա հիշեց Բուլգակովին, և ինձ տալով դեղը՝ տխուր օրորեց գլուխը։ Ոչինչ այլևս չէր կարող օգնել: Նրա ամբողջ մարմինը թունավորվել է... Նա կուրացել է: Երբ ես թեքվեցի նրա կողմը, նա ձեռքերով շոշափեց դեմքս ու ճանաչեց ինձ։ Սենյակում հայտնվելուն պես նա քայլերից ճանաչեց Լենային։ Բուլգակովը մերկ պառկած էր անկողնում, միայն վարտիք հիշեցնող կտորով փաթաթված (նույնիսկ սավաններն էին ցավեցնում նրան), և հանկարծ ինձ հարցրեց. «Ես նմա՞ն եմ Քրիստոսին»։

Ահա այս մտորումներով կյանքի վերջին օրերին, երբ ցավը մեղմելու միակ միջոցը մորֆինն էր, Բուլգակովը կնոջը թելադրում էր իր գլուխգործոցը՝ «Վարպետն ու Մարգարիտան»։

Նա մահացել է 1940 թվականի մարտի 10-ին։

Օվսաննա Իսրայելյան

Ամենից շատ դիտված