copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:33 08-03-2023

Դատավոր Գիվի Հովհաննիսյանը չարաշահել է դստերս վստահությունը և Ալֆոնսի նման ամեն ինչ իրենով արել․ Մաթևոս Ալբերտյան

Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների գծով դատավոր Գիվի Հովհաննիսյանը ներգրավված է մի շարք դատական վեճերում։ Դատավորը իր երկու երեխաների մոր ու նախկին կնոջ դեմ դատական հայցեր է ներկայացրել՝ նրա հոր միջոցով ձեռք բերված անշարժ գույքի նկատմամբ նաև իր սեփականության իրավունքը ճանաչելու պահանջով: Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում տեղեկատվության՝ 7 քաղաքացիական հայցերի մի մասը դեռևս դատաքննության փուլում է։ Միաժամանակ, նաև Հովհաննիսյանը հայրը դիմել դատարան՝ թոռների հետ տեսակցելու պահանջով։ Բայց երբևէ կիրառված հայցի ապահովման շրջանակներում տեսակցություններին չի եկել։ Դատարանը վճիռը կհրապարակի մարտի 28-ին։

Oragir.News-ի հետ զրույցում դատավորի նախկին կնոջ հայրը՝ Մաթևոս Ալբերտյանը պատմեց, որ փեսան, չարաշահելով դստեր վստահությունը, իրենով է արել նրան պատկանող գույքը։

«Մեր վիճաբանություններն ու խնդիրները սկսվեցին, երբ ես աղջկաս սեփական տուն նվիրեցի Քասախում։ Տունը կոսմետիկ վերանորոգման կարիք ուներ, այդ պատրվակով բանկից 46 հազար դոլար վարկ վերցրեց՝ գրավ դնելով աղջկաս տունը, պատերը ներկելուց հետո, տանից փախավ-գնաց՝ վարկի մարումը թողնելով մեզ վրա։ Իմ բնակարանի վաճառքից գոյացած գումարով վարկեը միաս գնացել ու բանկում մարել եմ, սակայն ինքն է ստորագրել, քանի որ տղաս էլ համավարկառու էր, իսկ տունն էլ աղջկաս անունով է»։

Ալբերտյանը պատմեց, որ տունը նվիրելուց հետո փեսայի ծնողները, թեև Երևանում տուն ունեին, սակայն տեղափոխվեցին դստեր տուն։

«Բացի այդ՝ նա նաև իր եղբոր ընտանիքին էր փորձում տեղափոխել իմ դստերը նվիրած տուն։ Ասում էր՝ ուզում եմ եղբորս համար մի լավ բան արած լինեմ, բայց ես տունը նվիրել էի, որ դուստրս վայելի, ոչ թե իր ընտանիքը։ Բայց դա էլ քիչ էր, տեղափոխվելուց հետո նրանք մեզ հայտարարեցին, թե այդ տանը անցանկալի մարդիկ ենք»։

Նա նաև նշեց, որ ամուսնության ընթացքում աղջիկն ու փեսան Բաթումիում տուն էին գնել, որը գնելու ընթացքում ինքն էլ բավական աջակցել է։

«Այդ տունն էլ, աղջկաս խաբելով, վաճառեց ու գումարն իրենով արեց։ Եթե անկեղծ, ես վստահ եմ, որ ոչ թե այդ տունը վաճառել է, այլ պարզապես անվանափոխություն է արել իր հարազատներից մեկի անունով, ես դա առաջիկայում կպարզեմ, գնալում եմ Բաթումի, որպեսզի պարզեմ՝ արդյոք իսկապես վաճառել է բնակարանը, թե պարզապես անվանափոխել իր հարազատներից մեկի անունով»։

Նրա խոսքերով՝ Գիվի Հովհաննիսյանը Կարինե Ալբերտյանի հետ համատեղ երկու երեխաների ապագան ավելի բարեկեցիկ դարձնելու համար նրանց անունով բանկում ավանդ էր բացել, որի վրա այդ պահին եղել է երեք միլիոն դրամ։

«Հովհաննիսյանը համոզել է կնոջը գումարը փոխանցել իր բանկային հաշվեհամարին, ինչն էլ կինը արել է: Կարճ ասած՝ ալֆոնսի նման՝ ամեն ինչ իր անունով է արել, ամեն ինչ փորձել է խլել»։

Մաթևոս Ալբերտյանը նաև նշեց, որ դեռևս 2007 թվականին Կենտրոնում դստեր անունով ձեռք էր բերել բնակարան, որի ամբողջական արժեքը վճարվել է 2009 թվականի նոյեմբերի 9-ին։ Սակայն կառուցապատման աշխատանքները ավարտվել են 2011-ի ապրիլին, ինչի հետևանքով էլ նոտարական կարգով տասնհինգ օր անց կնքվել է առքուվաճառքի պայմանագիրը: Գիվի Հովհաննիսյանը, որը արդեն 2010-ին ամուսնացել էր Ալբերտյանի դստեր՝ Կարինե Ալբերտյանի հետ՝ ներկայացրած հայցերից մեկով էլ պահանջում է կնոջից, որպեսզի իր իրավունքը այդ բնակարանի նկատմամբ ևս գրանցվի: Հովհաննիսյանը դատարանից պահանջում է, որպեսզի իր կնոջ միանձնյա իրավունքներն այս գույքի նկատմամբ անվավեր ճանաչվեն՝ պնդելով, որ ինքն էլ ունի իր մասնաբաժնիը որպես ամուսնության ընթացքում ձեռք բերված համատեղ գույք:

«Բայց ինքն այդ տանն առհասարակ ոչինչ չի արել, հիմա ասում է՝ համասեփականատեր եմ»։

Ալբերտյանը մտավախություն ունի, որ նրա դատավոր լինելը կարող է ազդել գործի արդար քննության վրա։

«Նրա փաստաբանը ուր մտնում է՝ հայտարարում է, որ դատավորի փաստաբան է, միաժամանակ, ես կարծում եմ, որ ով էլ լինի գործով դատավորը, կարող է կաշկանդված լինել, քանի որ որոշում պետք է կայացնի իր գործընկերոջ վերաբերյալ, ուստի ձայնս հասանելի դարձնելով բաև ԲԴԽ-ի համար և Արդարադատության նախարարին՝ հույս ունեմ, որ նրա լիազորությունները գոնե կկասեցվեն, մինչև իր վերաբերյալ դատական գործերի ավարտը»։