Oragir.News-ն ահազանգեր է ստանում քաղաքացիներից՝ մաքսային համակարգում առկա խնդիրների ու որևէ ապրանքի ներմուծման դեպքում մաքսազերծումների ընթացքում առաջացված դժվարությունների մասին։
Մեզ ահազանգած քաղաքացին, ով չցանկացավ, որ անունը հնչի մեր նյութում, նշեց, որ իր ու մաքսային համակարգի աշխատակիցների ջրերը սկսեցին մի առվով չհոսել այն բանից հետո, երբ իր վնասված մեքենայի վերանորոգման համար անհրաժեշտ մասը Հայաստանում չի գտել ու ստիպված է եղել այն պատվիրել Վրաստանից։
«Ամեն ինչ սկսվեց, երբ զագեցի մաքսայինի թեժ գիծ՝ ճշտելու՝ պատվիրածս մեքենայի մասը ենթակա՞ է մաքսազերծման, թե ոչ։ Զանգին առանց ներկայանալու մունաթով պատասխանեց, ենթադրում եմ, շատ տղեգ կին, գեղեցիկը հաստատ էդպես չէր խոսի ու կյանքից էլ այդքան դժգոհ չէր լինի։ Սա այլ զրույցի թեմա է, այդ մարդկանց մոտ այդպես էլ մշակույթ չձևավորվեց, թե ոնց է պետք խոսել մարդկանց հետ։ Տպավորություն է, թե իրենք են էս երկրում հարց լուծող, մինչդեռ ընդամենը հարցերի պատասխանող են։ Կինն ասաց, որ եթե ապրանքի արժեքը գերազանցում է 500 եվրոն, իսկ քաշը 25 կգ, ապա ապրանքը ենթակա է մաքսազերծման։ Նաև ասաց, որ մաքսազերծման համար նախ բրոկեր է պետք գտնել, հետո գնահատող։ Արդեն մաքսայինում պարզվեց, որ բրոկերի ծառայությունը մոտ 30-40 հազար դրամ արժե, այդքան էլ արժե գնահատողի ծառայությունը, բացի դրանից՝ պիտի կշեռքի փող տաս, որ պարզես՝ ապրանքը գերազանցում է թույլատրելի կիլոգրամները, թե չէ։ Քանի որ Երևանի մաքստանն էլ հերթ է, ապրանքը պիտի գնա պահեստ, եթե 10 օր մնաց, նվազագույնը օրական պիտի վճարես 1000 դրամ, 10 000 դրամ էլ էդտեղ պիտի վճարես։ Բացի դրանից՝ արդեն բերածդ ապրանքի 30 տոկոսը պիտի վճարես, որ մաքսազերծես։ Կարճ ասած, եթե բերածդ ապրանքի մաքսազեծման գինը 50-75 հազար դրամ է, ապա կարող ես 150 հազար դրամ թողնել մաքսայինում ու դուրս գալ»։
Նա նաև պատմեց, որ չկա մեկ միասնական ցանկ, որով քաղաքացին կհասկանա, թե իր բերած իրը ենթակա՞ է մասքազերծման, թե ոչ։
«Ամեն բան կախված է գնահատողից, չկա միասնական ցանկ, որ հասկանաս՝ ճիշտ գնահատեցին, թե չէ։ Գնահատողի տրամադրությունը տեղն եղավ՝ բախտդ կբերի, հակառակ դեպքում՝ մինչև վերջին դրամը գրպաններդ կդատարկես։ Դրա համար էլ ուզած-չուզած մարդիկ ստիպված են մաքսային մտնելիս հիշել բոլոր հին ու նոր ծանոթներին, որ մեկին գտնեն ու կարողանան իրենից մի առանձնապես մեծ բան չներկայացնող ապրանքը մարդկային գներով մաքսազերծել»։