Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 16:24 06-03-2023

Թուրք-ադրբեջանական տանդեմը ՀՀ-ին փորձում է զրկել նաև էներգիայի և անվտանգային գործոն հանդիսացող ատոմակայանից

Ատոմակայանի մասին ոչ միայն Ադրբեջանի կողմից են հնչում տարատեսակ մտահոգիչ հայտարարություններ, այլև Թուրքիայի կողմից։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը՝ ՀՀ Մեծամորի ատոմակայանի մասին։

«Սա պայմանավորված է շատ կարևոր հանգամանքով․ Հայաստանն ընդհանրապես 3 գործոնով է աշխարհի համար հետաքրքրություն ներկայացնում․ դա Արցախն է, Սյունիքը՝ իր ռազմավարական նշանակությամբ, և, իհարկե, Մեծամորի ատոմակայանը։ Դա ոչ միայն կայուն էլեկտրաէներգիայի աղբյուր է և տարածաշրջանում գործոն է՝ էլեկտրաէներգիայի ապահովման առումով, այլև կարող է դառնալ նաև անվտանգային գործոն»,- ասաց նա։

Oragir.News-ի զրուցակիցն այս համատեքստում անդադարձավ նաև Իրանի միջուկային գործընթացին։ «Ես չեմ ասում, թե Հայաստանը միջուկային գերտերություն է ցանկանում դառնալ, բայց կարող ենք հասկանալ, թե այս տեսակետից ինչպիսի սպառնալիքներ կարող են ունենալ Հայաստանի թշնամիները։ Հետևաբար, սրանք գործոններ են, որոնցով Հայաստանը հետաքրքիր է աշխարհին, կարող է իր համար ունենալ ուժի աղբյուրներ, և կարող է ապահովել սեփական անվտանգությունը»,- ասաց նա։

Այս առումով, ըստ պատգամավորի, սա է պատճառը թշնամու կողմից ատոմակայանի հանդեպ չդադարող հետաքրքրության հիմնական պատճառը։ «Քանի որ մենք որևէ կետով չենք տեսնում արդյունավետ պաշտպանական որևէ ռեակցիա՝ մեր ուժի աղբյուրներից որևէ մեկի առումով, ապա կարող ենք այն հիմնավոր մտահոգությունն ունենալ, որ թշնամական պահանջներից մեկն էլ ի վերջո կարող է լինել ատոմակայանի փակումը՝ տարատեսակ «բնապահպանական» պահանջների ներքո, ինչպես որ այդպիսի «բնապահպանական» պահանջների ներքո հիմա փակել են դեպի Արցախը Հայաստանին կապող միակ ուղին։ Հետևաբար, այս մտահոգությունները ոչ միայն տեղին են, այլև գնալով սրվում են»,- ասաց նա։

Ըստ Վարդանյանի, Թուրքիայի և Ադրբեջանի նպատակը երբևէ չի եղել միայն Արցախը։ «Նրանց հիմնական ու գլխավոր նպատակը Հայաստան ու հայ ժողովրդին, որպես գործոն վերացնելն է։ Դա է եղել ցեղասպանության նպատակը, դա է հիմա իրենց կոմից ձեռնարկվող գործողությունների նպատակը։ Այո, այդ ճանապարհին խոչընդոտ է նաև Մեծամորի ատոմակայանը։ Պատահական չէ, նախորդ տարիներին մեր դաշնակիների ու գործընկերների կողմից ներդրումների ու ատոմակայանի առումով շահագրգռվածության ավելացումը։ Ինչպես բազմիցս տարբեր դրվագներով կարողացել ենք համոզվել, Հայաստանը մենակ չէ իր շահերը պաշտպանելու գործում։ Որքանով Հայաստանի գործոն լինելը խանգարում է թշնամիներին, այնքան էլ Հայաստանի գործոն լինելը կարող է օգնել և օգնում է Հայաստանի դաշնակիցներին, բարեկամ ու հավանական բարեկամ երկրներին։ Որովհետև իրական Հայաստանն իսկապես կարող է օգնել դաշնակիցներին՝ տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման համար։ Հետևապես, այո, մենք իսկապես ունենք այս մարտահրավերը։ Եթե այդ իրավիճակը սրվի գուցե նաև կանգնենք այդ ընտրության առջև։ Դրա համար շատ կարևոր է այժմվանից խոսել, բացատրել կարևորությունը և էներգետիկ անվտանգության հարցը»,- ասաց նա։

Այս առումով, Oragir.News-ի զրուցակիցը կարևորեց թշնամական կողմից հնչող տարատեսակ պահանջներին դիմագրավելը։ «Դրա հիմքում անվտանգության ու բնապահպանության մասին մտահոգությունները չեն։ Դրա հիմքում Հայաստանը, որպես գործոն, ընդհանրապես վերացնելն է․ էնպես անելը, որ բոլոր կարևորագույն հանգամանքներում՝ անվտանգություն, էներգետիկ անվտանգություն, դեմոգրաֆիկ հարցեր, բոլոր առումով Հայաստանը կախվածության մեջ ընկնի ու պարզապես վերականգնվելու հնարավորություն չունենա»,- ասաց նա։

Պատգամավորն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ թուրքական ու ադրբեջանական կողմից հնչող պահանջները բավականին տրամաբանված են և ծառայում են մեկ՝ Հայաստանին ամբողջական կախման մեջ գցելու նպատակին։

«Պահանջում են, այսպես կոչված, ճանապարհների ապաշրջափակում, որի հետևանքով Հայաստանի երկու միջպետական ճանապահները, որով Հայաստանը կապվում է Իրանի և Վրաստանի հետ, հայտնվեն իրենց վերահսկողության ներքո։ Դեռևս անցած տարվանից Թուրքիան խոսում էր Մեծամորի ատոմակայանից եկող «վտանգներից», դրա հիմքում Հայաստանին ամբողջապես կախման մեջ գցելն ու վերականգնման հնարավորություն չթողնելն է։ Այսինքն, մենք մի շրջան ունեցանք, երբ փակվել էր Մեծամորի ատոմակայանը կամ դադարեցվել են աշխատանքները, և դրանից բխել են բոլոր այն դժվարությունները, որոնք նորանկախ պատմության մեջ հայտնի են որպես շատ վատ շրջան։

Հետևաբար, այո՛, ատոմակայանը, ինչպես Սյունիքը, ինչպես Արցախը թշնամու ուշադրության կենտրոնում են և, ամենակարևորն այն է, որ Արցախով որևէ մեկը չի պատրաստվում բավարարվել։ Դրա համար է Արցախը պաշտպանելը դառնում Հայաստանը պաշտպանել»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ՀՀ Բարձր տեխնոլոգիաների և Էկենոմիկայի նախարարությունների ու երկրի ղեկավարության արձագանքին՝ պատգամավորը հարցադրում է հնչեցնում․ «Իսկ մենք ունե՞նք հայկական շահեր պաշտպանող Էկոնոմիկայի նախարար, Բարձր տեխնոլոգիաների նախարար, իսկ մենք ունե՞նք հայկական շահեր պաշտպանող ղեկավարություն։ Կարծում եմ, որ ազգանունների վերջին «յան»-երին պետք չէ խաբվել։ Աշխարհում բազմաթիվ բռնապետական ու ֆաշիստական ուժեր, տարբեր երկրներում հաստատելով իրենց իշխանությունը, մարիոնետ ղեկավարներ այդ երկրերում նշանակել են և ազգությունն այդ առումով նշանակություն չի ունեցել։ Հին դարերից մինչև նոր ու նորագույն ժամանակաշրջաններ մենք այդ ձեռագիրը տեսել ենք։ Պետք չէ խաբվել ազգանվան վերջավորությամբ։ Եթե ուզում ենք տեսնել, թե մարդն ում շահերն է պաշտպանում, ապա պետք է տեսնենք, թե նրա գործողություններն ում են օգուտ տալիս»,- ասաց նա։

Այս առումով, ընդդիմադիր պատգամավորը վկայակոչեց վերջերս տեղի ունեցած մի դեպք, երբ «Մեր Էկոնամիկայի ներկայիս նախարարի աթոռը զբաղեցնողը կարո՞ղ է պաշտպանել մեր էներգետիկ անվտանգության շահերը, կանխել այնպիսի փաստարկներ ու գործողություններ անել, որ արդյունավետորեն չեզոքացնի Թուրքիայից ու Ադրբեջանից եկող վտանգները։ Էկոնոմիկայի նախարարը պետք է ամբողջ օրն զբաղված լիներ նրանով, որ բացատրեր, որ Թուրքիայի հետ սահման բացելը որևէ կերպ տնտեսական թռիչք չի ենթադրում։ Դա ենթադրում է ամբողջապես Թուրքիայից կախվածության մեջ հայտնվել։ Պետք է բացատրեր, որ մենք օրինակ՝ չունենք արտադրատեսակ, որ չենք կարող արտահանել Իրան, բայց կարող ենք Թուրքիա արտահանել։ Մենք չունենք որևէ արտադրատեսակ, որը մրցունակ է թուրքական որևէ արտադրանքի հետ։ Դրա համար սահման բացելը չի նշանակում գրավել թուրքական շուկան, ճիշտ հակառակը»,- ասաց նա։

Քրիստինե Վարդանանը համոզմունք հայտնեց,որ Հայաստանի իշխանական աթոռներին գտնվողները որևէ կերպ չեն պաշտպանում հայկական շահը, հետևաբար, նրանց գործողություններն, ըստ նրա, ուղղակի կամ ամուղղակի ձևով օգնում են առաջ տանել թշնամական պետությունների ծրագրերը։

«Բոլոր նախարարությունները հիմա կարող էին և ունեին այդ ներուժը՝ լծվելու Հայաստանի անվտանգությունը պաշտպանելու առաքելությանը։ Մամուլում տեսնում ենք հրապարակումներ, ըստ որոնց, թուրք-ադրբեջանական հատուկ ծառայությունները հաջողությամբ կարողանում են հետևել Հայաստանի քաղաքական գործիչներին։ Մենք տեսնում ենք բազմաթիվ թուրքական ու ադրբեջանական ֆեյքեր, որոնցով լիքն է հայկական համացանցի տիրույթը։ Մենք տեսնում ենք բազմաթիվ էջեր ու թշնամական պրոպագանդա։ Այս ամենի դեմ նույնպես տեսնում ենք զրո գործողություն։

Փոխարենը, եթե հանկարծ որևէ մեկը իշխանությունների հասցեին անհաճո մեկնաբանություն գրի, նրա հանդեպ տեսնում ենք հետապնդումներ։ Ահա այստեղ տեսնում ենք մարդկանց առաջնահերթությունները և, թե ինչ հանձնարարություններ են ստանում ու իրականացնում։

Մենք այս ամենի ֆոնին տեսնում ենք, որ մարդիկ չունեն հանձնարարություն ու գերնպատակ՝ պաշտպանելու հայերի շահերը։ Դրա համար ո՛չ Բարձր տեխնոլոգիաների նախարարությունը, ո՛չ Էկոնոմիկայի նախարարությունը, ո՛չ Առողջապահության նախարարությունը, ոչ էլ Նիկոլ Փաշինյանի օրոք գործող այլ նախարարություն կամ նախարար կարող է իրեն թույլ տալ պաշտպանել Հայաստանի շահերը։ Իրենք մաս են թշնամական ծրագրի՝ ուղիղ կամ անուղղակի»,- ասաց նա։