Երևան +14°
copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 15:23 05-03-2023

Խեղճ բլուրս բարձր սարիդ վնաս չէ․ այսօր աշուղ Ջիվանու հիշատակի օրն է

Հանճարեղ Սայաթ-Նովայից հետո հայ աշուղական արվեստը չի ճանաչում ավելի մեծ անուն, քան Սերովբե Ստեփանի Լևոնյանը՝ նույն ինքը Ջիվանին։ Նա դարձավ հնամենի այդ արվեստի ամենաերևելի ներկայացուցիչը, հայկական աշուղական նոր դպրոցի հիմնադիրն ու չգերազանցված մեծությունը։

Այսօր գուսան, ժողովրդական երգիչ Ջիվանու հիշատակի օրն է։



Ջիվանին ծանր ճակատագիր է ունեցել։ Նա ծնվել էր 1846 թ․ Ախալքալաքի Կարծախ գյուղում՝ հողագործ Բենկոյենց ընտանիքում։ Հայրը Սերովբե որդուն փաղաքշաբար Ջիվանիկ էր կոչում, և տարիներ անց աշուղը, տուրք տալով հոր հիշատակին, վերցրեց հենց այդ անունը։ Հոր մահից հետո Ջիվանու ընտանիքին տիրություն է անում հորեղբայրը, բայց ուտող ավելորդ բերանից ազատվելու համար շուտով ամուսնացնում է եղբոր կնոջը։ Ժամանակակիցները հիշում են, թե ինչպես էին Բենկոյենց երեխաները լաց ու կոծով ճանապարհ դնում իրենց մորը։ Ջիվանու դաժան մանկության մաս էր կազմում նաև հորեղբար կնոջ ծեծը։ Որբուկները նրանից չառան մայրական սեր ու գորով։ Աշխարհից նեղացած պատանին իրեն միայնությանն էր տալիս, օրերով շրջում էր միայնակ՝ իր միակ սփոփանքը դարձնելով երգը։

Նա հետաքրքրությամբ է լսում Կարծախ այցելած շրջիկ աշուղների երգն ու զրույցը, և նրա մեջ հետզհետե ամրապնդվում է աշուղ դառնալու ցանկությունն ու երազանքը, և ինքն էլ սկսում է երգեր հորինել։ Համագյուղացի աշուղ Սիային, ում մուգ մաշկ ունենալու պատճառով կոչում էին Ղարա-Ղազար, նկատում է պատանու հակումներն ու սերը և համաձայնվում է վերցնել վերջինիս իրեն աշակերտ։

Ջիվանին Սիայուն աշակերտում է հինգ տարի։ Սովորում է ու հմտանում աշուղական երգարվեստի մեջ։ Նա շուտով սովորում է նաև սազ նվագել, տիրապետել աշուղական արվեստի նրբություններին ու յուրահատկություններին, հորինել երգեր, երբեմն էլ գերազանցել նաև իր վարպետին։ Ընդունված կարգի համաձայն՝ աշուղ Սիային նրան հինգ տարի անց շնորհում է աշուղի կոչում և աշուղի անուն՝ Ջիվանի։



Ջիվանին առաջինն էր, որ ազատեց աշուղական լեզուն պաճուճանքներից և օտարածին բառերից, նաև մի կողմ նետեց արևելյան ավանդական մեղեդիներն ու մշակումներ արեց՝ օգտվելով հայակական ժողովրդական և հոգևոր երաժշտությունից, նաև դասական եվրոպական երաժշտարվեստից։

Ջիվանին չի կարողանում քիչ թե շատ ապահով կյանք վարել։ Կարիքը, չքավորությունը նրան մշտապես հետապնդում են։ Նրա երազանքն է եղել «ունենալ շնորհք, միտք ու խելք, որ կրթեմ զավակներս՝ չմտած դագաղ»։ Աշուղի բազմանդամ ընտանիքի նյութական վիճակն այդպես էլ չի բարելավվում, դրա հետ օրեցօր վատանում էր նրա առողջությունը, ավելի թուլանում առանց այն էլ վատ տեսողությունը։

1896–1900 թվականներին Ջիվանին տեսողությունը վերականգնելու նպատակով մեկնում է Բուլղարիա՝ Պլովդիվ քաղաք։ Բարեկամների խորհրդով նա գնում է Վիեննա, դիմում մասնագետների, բայց վերադառնում է անարդյունք։

Ջիվանին վախճանվել է 1909 թվականի փետրվարի 24-ին։ Անվանի աշուղի հուղարկավորությանը մասնակցել են տարբեր ազգերի մեծ թվով ներկայացուցիչներ։ Այդ օրերին «Դաշնակցության» գործով վրացական Մետեխի վանքի ներքևում գտնվող համանուն բանտում պահվող Հովհաննես Թումանյանն ու Ավետիք Իսահակյանը, երբ հուղարկավորության թափորն անցնում էր բանտի մոտով, վանդակապատ պատուհանից թաշկինակները թափահարելով վերջին հրաժեշտն են տվել մեծ աշուղին։



Նրա մարմինը ամփոփվել է Թիֆլիսի Հավլաբար հայկական թաղամասի Խոջիվանքի հայկական գերեզմանատանը։ Նրա գերեզմանը գերեզմանատան հետ միասին ոչնչացվել է 1938 թվականին։

Ասում են՝ Ավետիք Իսահակյանը գինովցած կեսկատակ-կեսլուրջ ասել է Ջիվանուն, թե աշուղը բանաստեղծ չէ, իսկական բանաստեղծությունը վեր է ինքնուս աշուղների գրվածքներից։ Ջիվանին որպես պատասխան անմիջապես հնարել է և ընկերոջ համար երգել է իր գլուխգործոցը՝ «Քնաքարավոր ընկեր»-ը։

Քանքարավոր ընկեր, ինձ մի նախանձիլ,
Գոյությունըս գաղափարիդ վնաս չէ,
Դու քաղաքացի ես, ես գյուղական ծիլ,
Իմ բանջարս քու հանճարիդ վնաս չէ։


Ես խըսիր եմ գործում, դու ընտիր գորգեր,
Իզուր ես նեղանում ինձնից, մարդ–ընկեր.
Ես եզներ եմ լծել, դու նժույգ ձիեր,
Սայլապանս կառավարիդ վնաս չէ։


Քեզ սրտով հարգում է, պատվում Ջիվանին.
Դու միամիտ եղիր, գնա քու բանին.
Նա չի կարող հասնել այն աստիճանին,
Խեղճ բլուրս բարձր սարիդ վնաս չէ։

Օվսաննա Իսրայելյան