Երևան +12°
copy image url
Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 12:34 03-03-2023

Ինչ են քննարկել Միրզոյանն ու Լավրովը․ ՌԴ ԱԳՆ-ը մանրամասներ է հայտնել

Մարտի 3-ին Նյու Դելիում «Ռայսինի երկխոսություն» 8-րդ միջազգային համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի առանձնազրույցը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ օրակարգի հրատապ հարցեր։ Հաստատվել են միջազգային հարթակներում, ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում համագործակցության առաջմղման մոտեցումները։

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Նշվել է հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղիներում ջանքերի ակտիվացման հրատապությունը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի պայմանավորվածությունների համաձայն։

Բանակցություններն ընթացել են բարեկամական և վստահելի մթնոլորտում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել դիվանագիտական գծով հետագա շփումների վերաբերյալ»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։