Երևան +13°
copy image url
Խոսք Ներքին 1 տարի առաջ - 21:22 27-02-2023

Կարծում եմ, որոշում կայացնող ԲԴԽ դատավորներին էլ են համոզված, որ Նախշքարյանը նաև իրենց իրավունքների համար էր պայքարելու․ Դավիթ Հարությունյան

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր հրապարակեց միանգամից 3 դատավոր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթների վերաբերյալ որոշումներ։ Նապոլեոն Օհանյանին խորհուրդը նախազգուշացում հայտարարեց, Արթուր Ստեփանյանին՝ նկատողություն, իսկ դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցվեցին։

Oragir.News-ը դատավոր Նախշքարյանի լիազորությունների դադարեցման շուրջ զրուցել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի հետ։

-Պարոն Հարությունյան, դատավոր Նախշքարյանի նկատմամբ կայացված որոշումն արդյո՞ք նաև ազդակ պետք է լինի լրագրողներիս, որ որևէ դատավորի հարցեր ուղղելուց առաջ հաշվի առնենք, որ կարող են դատավորին պատասխանատվության ենթարկել։

-Այդ ազդակը վաղուց փոխանցվել է ու ինչպես դուք, այնպես էլ շատ լրագրողներ հարց տալուց առաջ ասում են՝ «Չհարցնենք, որ Ձեր նկատմամբ էլ վարույթ չհարուցեն»։ Իրականում այդ ազդակը կա ու տեղ հասել է։ Ինչ վերաբերում է ինձ, ես միշտ ասել եմ այն, ինչ մտածել եմ, այն, ինչ թույլատրելի է՝ անկախ նրանից՝ ինչ որոշում է կայացվում, ով է կայացնում այդ որոշումը։ Եթե որևէ բան չի բխում Սահմանադրությունից, ինձ դա չի կարող սահմանափակել։

-Պարոն Հարությունյան, առհասարակ խոսքի ազատությունը հիմնարար իրավունք է, որը նաև Սահմանադրությամբ է պաշտպանված։ Ինչո՞ւ պետք է բացառություններ կամ վերապահումներ լինեն դատավորի համար։

-Բնականաբար, դատավորների դեպքում նորմալ է, որ լինեն սահմանափակումներ, բայց ոչ թե խոսքի իրավունքի սահմանափակման մասին է խոսքը, այլ, ընդհանրապես, որոշ վարքագծի կանոններ կան, որոնցով պետք է առանջնորդվենք։ Այդ կանոնների սահմաններում են, որ սահմանափակվում է, ոչ թե խոսքի ազատությունը, այլ վարքագիծը։ Բայց խոսքի իրավունքը կամ ազատությունը, անգամ դատավորների դեպքում, չի կարող սահմանափակվել։ Այդ իրավունքը հավասարապես գործում է։ Եթե հետևում էիք դատավոր Նախշքարյանի վարույթին քննությանը, ՄԻԵԴ-ում քննված մի քանի նախադեպեր վկայակոչվեցին, որոնցով ու երկրի սահմանադրությամբ երաշխավորված է անձանց, այդ թվում՝ դատավորների խոսքի իրավունքը։

-Դուք հարցում էիք կատարել Արդարադատության նախարարին, թե ինչու նաև Ձեր նկատմամբ վարույթ չի հարուցվել, այն դեպքում երբ դուք նույնպես խոսել էիք Աննա Փիլոսյանի լիազորությունների դադարեցման մասին։ Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ ըստ էության չեն պատասխանել Ձեր հարցմանը։

-Միգուցե նախարարը իր տված նախկին հարցազրույցների հետ կապված կամ չի պնդում իր տեսակետը, կամ տեսակետն է փոխել, բայց բազմիցս թե՛ գործող, թե՛ նախկին նախարարը նշել էին, որ կարգապահական վարույթները դատավորների զգաստացնելու և այլ նպատակներ ունեն։ Հիմա, երբ ես հարցնում եմ, թե այս վարույթով ունե՞ն նման նպատակ, ուղղակի չեն պատասխանում։ Ես չեմ կարող իրենց փոխարեն պատասխանել , թե ինչու չեն պատասխանել հարցին, բայց իրենք նշում են, որ վարույթ չկա։ Ամեն դեպքում, իմ հարցադրումը բխում էր իրենց հրապարակային հնչեցրած մտքերից։

-Պարոն Հարությունյան, դատավոր Նախշքարյանը համարվում էր այն դատավորներից մեկը, ով մշտապես ներկա է եղել իր գործընկերների նկատմամբ հարուցված գրեթե բոլոր վարույթների քննություններին, չի վախեցել կարծիք հայտնելուց։ Եթե հարուցված այս վարույթը միտված է դատավորների խոսքի ազատությունը սահմանափակելուն, ապա ինչպես դատական համակարգը կարող է հակազդել նման հետապնդումներին։

-Զարուհի Նախշքարյանը այն դատավորն է, որ մտածում է այլ դատավորների իրավունքների իրացման, այլ դատավորների նկատմամբ ճնշումները բացառելու մասին, դատավորների անկախության համար էր պայքարում։ Ես կարծում եմ, որոշում կայացնող դատավորներին էլ են համոզված, որ երբ խնդիր առաջանար, Նախշքարյանը նաև իրենց իրավունքների համար էր պայքարելու։ Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես է արձագանքելու այս իրավիճակներին դատական համակարգը, ես ուղղակի հուսով եմ, որ հասանելի գործիքակազմերը կկիրառվեն։

Ձեզ գուցե հետաքրքրի