Երևան +12°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:36 27-02-2023

ԲԴԽ-ն մահակ է դարձել դատական համակարգի գլխին․ դատական համակարգը վախեցած է

Դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունների դադարեցմանը դատական համակարգից արձագանքել է թերևս միայն մեկ դատավոր, մինչդեռ Զարուհի Նախշքարյանն այն դատավորն էր, որ գրեթե մշտապես ներկա է եղել իր գործընկերների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթներին ու շատ հաճախ արձագանքել է այդ վարույթներին։

Փաստաբան Երվանդ Վարոսյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ Զարուհի Նախշքարյանի լիազորությունները նախ և առաջ դադարեցվեցին նաև այդ պատճառով։

«Իր իրական դատավոր և իրական մարդու կերպար ունենալու համար։ Տիկին Նախշքարյանի լիազորությունները դադարեցվեցին նաև այն պատճառով, որ նման դատավորները քիչ լինեն, որպեսզի դատավորներն անգամ ԲԴԽ չգնան․ սա է նպատակը։ Ես ցավով պետք է արձանագրեմ, որ տիկին Նախշքարյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշմամբ չէ, որ արձանագրվեց դատական համակարգի մահը Հայաստանում, դա արձանագրվել էր մի փոքր ավելի շուտ։ Հիմա արդեն ակնհայտ է, որ ինչ ուզում, անում են։ Նիկոլներն անում են իրենց նիկոլությունը»։

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանն ասաց, որ ԲԴԽ-ն վաղուց ապացուցել է, որ նպատակին չի ծառայում։

«Բարձրագույն դատական խորհուրդը մահակ է դարձել դատական համակարգի գլխին, ինչ վերաբերում է դատավորների լռությանը, սա էլ մարդու տեսակից է։ Առհասարակ, դատական նիստերին, երբ մասնակցում եմ, տեսնում եմ, որ դատավորների մոտ վախեցած վիճակ կա։ Դատավորներ ունեինք, որ քիչ թե շատ կիսանկախ էին, բայց այս պահին, երբ հետևում ենք դատավորների դատավարական վարքագծին, տեսնում ենք, որ ներքին վախ կա, ու այնպիսի վախ, որ արտաքուստ տեսանելի է, նրանք դա չեն կարողանում զսպե։ լԻհարկե, ունենք բացարձակ անկախություն վայելող և բացարձակ անկախ շատ սահմանափակ թվով, եզակի դատավորներ։ Խոսքն իրենց մասին չէ, ես կարծում եմ, որ ցանկացած իրավակարգ և ցանկացած իշխանություն այդ դատավորներին չի կարող ընկճել, բայց դատավորների գերակշիռ մասը վախեցած է, յուրաքանչյուրը մտածում է հետագա պաշտոնեական ճակատագրի մասին։ Ուստի, ես չեմ կարող որևէ մեկին մեղադրել լռության համար, քանի որ եթե որևէ մեկը խոսի, ինչպես Նախշքարյանի դեպքում անձի խոսքի ազատության իրավունքը ոտնահարվեց առաջին հերթին ԲԴԽ-ի կողմից, էդպես էլ մյուս դատավորներին կանեն։ Այնպես որ, այստեղ բոլորս հասկանում ենք, որ սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, որի քաղաքական գնահատականը կտրվի վստահ եմ, իհարկե, ոչ այս իշխանությունների դեպքում, ապագայում»։

Դիտարկմանը, թե ստացվում է, որ դատական համակարգը բուռը հավաքելու գործում նախորդ և գործող ԲԴԽ նախագահներն հաջողե՞լ են՝ Ասլանյանն ասաց, որ եթե դեռ չեն հասել, ապա իրենց նպատակին հասնելու ճանապարհին են։

«Մի քանի անկախ դատավորներ դեռ կան, շուտով նրանց էլ կհեռացնեն, նման հիմնավոր կասկած արդեն ունենք։ Իսկ այն դատավորներին, որ իրենք կնշանակեն՝ 1-2 բացառություններով՝ նույնիսկ զարմանալի են։ Մենք նորանշանակ դատավորներ ունենք, որ ոչ միայն ուրիշի ճակատագիրը որոշել, այլև անգամ սեփական ճակատագիրը տնօրինելու հնարավորություն, բավարար մտավոր պոտենցիալ, կամք, ունակություններ չունեն։ Այնպես որ, երբ նայում ենք իրենց նշանակած կադրերին, շատերի հետ աշխատել ենք, շատերին ճանաչում ենք, իհարկե լավ դատավորներ կան նաև նորանշանակ դատավորների մեջ, ինչպես օրինակ՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանն է, բայց նաև ունենք դրա լրիվ հակառակ պատկերը։ Նորանշանակ դատավորներ կան, որ իմ ենթակայությամբ են աշխատել ու նրանց մտավոր պոտենցիալի մասին ավելի լավ պատկերացում ունեմ, ես ապշեցի, երբ տեսա, որ նրանցից ոմանք դարձել են դատավորներ»։