Երևան +10°
copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 15:25 27-02-2023

Ռուբեն Վարդանյանի նշանակումն Ալիևին հնարավորություն տվեց ցուցադրելու իր գերիշխանությունն Արցախում

Ես, երկար տարիների ընթացքում Ռուբեն Վարդանյանի գաղափարախոսական և քաղաքական նկրտումների նկատմամբ ունեի ընդգծված բացասական վերաբերմունք։ Հատկապես հաշվի առնելով, որ նա, եկեք իրերն իրենց անունով կոչենք, ռուսաստանյան քրեական օլիգարխ էր, որը սպասարկում էր Ռուսաստանի կայսերապաշտ և քրեաօլիգարֆիկ վարչակազմի կարիքները։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը։

«Արցախ գալու հանգամանքը նույնպես ես դիտարկել եմ որպես կամ ռուսական ծրագրի մի իներցիոն ընթացք կամ, չբացառենք, մինչև իսկ Ռուբեն Վարդանյանի ինքնագործունեությունը։ Պազապես հայտնի է, որ Ռուբեն Վարդանյանը շատ տարիներ առաջ առնչվել է նաև ադրբեջանական օլիգարխիայի հետ, այդ թվում՝ ասում են, որ անգամ Ալիևի գումարների լվացմանն էլ է մասնակցել՝ ի թիվս բազում այլ անձանց»,- ասաց նա։

Փորձագետի գնահատմամբ՝ Ռուբեն Վարդանյանն, ըստ երևույթին, Արցախ գալուց առաջ բավականին դրական նախատրամադրվածություն է ունեցել, որը չի արդարացել։ «Ռուբեն Վարդանյանին, հավանաբար, թվում էր, որ ինքը կկարողանա Ալիևի հետ անձամբ բանակցել, որ նա կկարողանա հասնել որոշակի հաջողությունների ու կայունացման, այդ թվում և զգալի զիջումների գնով՝ միաժամանակ կատարելով ռուսական դրածոյի գործառույթ։ Բայց Ալիևն Արցախը համարում է լիովին ու բացառապես իր անձնական կալվածքը։ Եվ, ուկրաինական պատերազմի ֆոնին Ռուսաստանի ներկա վիճակը Ալիևին ընդհանրապես ոչ միայն ազատում է Ռուսաստանի նկատմամբ որոշ պարտավորություններից, այլև հնարավորություն է տալիս արագացնելու Արցախի մնացորդի հանձնման գործընթացը։ Որովհետև, ի վերջո, ծրագիրը դա էր։
Այսինքն՝ թյուրիմացություն է կարծել, թե Ռուսաստանը պետք է իսկապես կամենար Արցախի մնացորդը երկար ժամանա իր հսկողության տակ պահել»,- ասաց նա։

Այս առումով, քաղաքագետը միանշանակ չի գնահատում Ռուբեն Վարդանյանի հեռանալու փաստը Արցախի պետնախարարի պաշտոնից։ «Ռուբեն Վարդանյանի քաղաքականապես սխալ հետևանքն է։ Ոչ նրա գալը մի բան կփոխեր, ոչ էլ նրա գնալը, և սա վերաբերում է թե պետնախարարի պաշտոնի և թե Արցախի առումով։

Նոյեմբերի 9-ը, ցավոք սրտի, կանխորոշել է ամենավատթար զարգացումները՝ ոչ միայն Արցախի մնացորդի, այլև ողջ Հայաստանի համար։ Եվ պետք է բացառիկ, աննկարագրելի, Աստվածային հրաշքին հավասարազոր ազգային պոռթկում, որպեսզի մեզ համար կատարելապես քայքայիչ այս ընթացքը մի կերպ հնարավոր լինի կասեցնել։ Կրկնեմ, որ Ռուբեն Վարդանյանն Արցախի մնացորդն ու ամբողջ Հայաստանը փրկելու առաքելության մեջ ունի ոչ թե մերձզրոյական, այլ, բազմաթիվ առարկայական հանգամանքների բերմամբ, զրոյական կշիռ»,- ասաց նա։

Ավելին, քաղաքագետը համոզմունք հայտնեց, որ պետնախարարի պաշտոնում Ռուբեն Վարդանյանի նշանակվելը որևէ վտանգ չէր Ադրբեջանի համար։ Իր խոսքով՝ դա Ալիևի համար հրաշալի հնարավորություն էր Հայաստանում, Արցախում ու Ռուսաստանում ցուցադրելու, թե ով է գերիշխում Արցախում, ինչը և հաջողեց անել։

«Ալիևը չի թույլատրել Ռուսաստանի մասնակի, իր հետ չհամաձայնեցված խաղը, ցույց է տվել, որ ոչ մի միլիարդատեր չի կարող գալ Արցախ և որևէ հույս ներշնչել։ Եվ ցույց է տվել, որ Արցախի մնացորդում ևս նա է վճռում բոլոր հարցերը։ Իսկ Արայիկ Հարությունյանն արդեն վաղուց սոսկ Ալիևի կամակատարների կամակատարն է և ազգային պետական դավաճան»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցադրմանը, թե ինչ փոփոխությունների սպասել Ռուբեն Վարդանյանի հեռանալուց հետո, արդյո՞ք ակնկալել Բերձորի միջանցքի բացում՝ Քանանյանն ասաց․ «Մարդիկ կարող են մեկնաբանել կամ արդարացնել Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունը՝ ճանապարհը բացելու հարցով։ Այսինքն՝ հանուն ճանապարհը բացելու Արցախի ղեկավարությունն ստիպված է գնացել այդ քայլին։ Բայց մենք պետք է չափազանց քաջ գիտակցենք, որ ճանապարհը դեռևս մի քանի անգամ որոշ ժամանակով կբացվի։ Բայց երբեք էլ չի լինելու այն ազատ երթևեկությունը, բացառությամբ, իհարկե, որ ռուս «խաղաղապահները» ստուգում էին և չէին թույլատրում զենք-զինամթերք փոխադրել Արցախ՝ ինքնապաշտպանությունն ամրապնդելու համար»,- ասաց նա։

Ադրբեջանն, ըստ փորձագետի, առաջիկայում նաև մաքսային հսկողության նպատակով մաքսատուն է ամրակայելու Բերձորի միջանցքում։ «Չգիտեմ, միանգամից ու ողջ ծավալով է դնելու, թե սկզբից հատվածական է դնելու՝ էական չէ։ Այսուհետ ոչ ոք Արցախ չի մտնելու և ոչ ոք Արցախի մնացորդից դեպի Գորիս դուրս չի գալու՝ առանց ադրբեջանական հսկողության միջով, ավելի կոպիտ ասած, ադրբեջանական «սրի տակով» անցնելու։ Իսկ սա կատարելապես փոխում է իրավիճակը։ Սա չի նշանակում, որ շրջափակումը վերացել է։ Սա նշանակում է շրջափակման էլ ավելի վտանգավոր, էլ ավելի ստորացուցիչ, էլ ավելի հայաթափող տարբերակ»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է միջազգային հարթակներում Արցախի խնդրի բարձրացման ու հանրային շրջանակներում Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ձևավորված վստահությանը՝ Քանանյանն արձանագրեց, որ «Ռուբեն Վարդանյանն 90-ականների Ռուսաստանում, հայտնի հանգամանքներում, հաջողված բիզնեսմեն էր, որ երբևէ հաջողության չէր հասնեի, եթե ամենասկզբից պայմանավորվածությունների ու ծառայությունների դաշտ մտած չլիներ կոռումպացված պետական համակարգի հետ։

Ռուբեն Վարդանյանի հաջողությունները կարող էին տեղի ունենալ միայն 90-ականների և 2000-ականների Ռուսաստանի պայմաններում։ Բայց Ռուբեն Վարդանյանին, չգիտես՝ ինչու, թվացել է, որ ինքը կարող է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գաղափարախոսական աջակցությամբ ազգի զարգացման հայեցակարգեր մշակել, կամ հանդես գալ որպես ազգի փրկիչ և ապագա կառավարիչ, այդպիսի բազմաթիվ սին և ուղղակի ծիծաղելի հույսեր և հաշվարկներ ուներ։

Այսինքն, դասական և օրինական, օրենսդրական դաշտում աշխատող բիզնեսում Ռուբեն Վարդանյանը ոչ մի հաջողություն չի կարող ունենալ։ Առավել ևս, քաղաքականության մեջ նա ի սկզբանե սնանկ է՝ իր պատկերացումներով, իր գիտելիքներով ու իր բոլոր հատկանիշներով։

Այսինքն՝ մենք գործ ունենք քաղաքականապես ապրիորի, ի սկզբանե կատարելապես սնանկ անձնավորության հետ, որի հետ կապված լուրջ ու հիմնավոր ակնկալիք ունենալը պարզապես անլրջություն է»,- եզրափակեց Oragir.News-ի զրուցակիցը։