Երևան +20°
copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 12:06 26-02-2023

Արցախի համար մշտապես, անգամ պատերազմից առաջ ոչ միայն ցույցեր և երթեր են եղել, նաև ավտոերթեր են եղել, օրինակ, Բերձորում, որտեղ հարձակում եղավ մեզ վրա․ Գարեգին Չուգասզյան

Հանրահավաքը նախևառաջ համերաշխության հանրահավաք էր Ուկրաինայի ժողովրդի հետ, բայց նաև մեր ժողովրդի գիտակից մասի ազդարարությունն էր, որ մենք սառը հաշվարկով ենք այս ամեն ինչը անում: Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԱԺԲ խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը՝ անդրադառնալով երեկ՝ Ազատության հրապարակում Ազգային - Ժողովրդավարական Բևեռի հանրահավաքին` ի աջակցություն Ուկրաինայի:

Նրա խոսքով, եթե Ուկրաինան պարտվեր, ապա Հայաստանն ու այլ երկրներ զավթված կլինեին. «Մի կողմից դա ազատության գաղափարի կիսումն է, բայց մյուս կողմից էլ մենք շատ լավ հասկանում ենք, որ այն վիճակը, որը կստեղծվեր, Աստված մի արասցե, Ուկրաինան պարտվեր՝ Հայաստանը արդեն իսկ անեքսիայի ենթարկված կլիներ՝ ի թիվս հետ խորհրդային այլ երկրների:

Ավելին՝ վտանգ կառաջանար նաև Ռուսաստանի կայսրության վերականգնման համար, ինչպես ազդարարվում էր պատերազմից առաջ Ռուսաստանի կողմից: Մենք հասկանում ենք, որ սրանք փոխկապակցված անուններ են՝ Հարավային Կովկասն ու Ուկրաինան, և դրա համար շատ կարևոր էր, որ փարոսի նման ինչ-որ մեկը այդ ուղին ցույց տա, որ այս տարածաշրջանների ճակատագրերն ընդհանուր են»:

Չուգասզյանը նշեց՝ այս հանրահավաքին պարզ դարձավ, որ գիտակից մասսան հասկանում է, թե որ կողմ պետք է շարժվել. «Ինչպես 100 տարի առաջ՝ 1920 թվականին ռուս-լեհական պատերազմն էր ու ապրիլ ամսին լեհերի սկսվեց Կիևի ազատագրման գործընթացը, այդ նույն ժամանակ նախատեսվում էր, որ Կարմիր բանակը մայիս ամսին կմտնի Հայաստան, բայց, քանի որ Բուդյոնիի բանակը տեղափոխվեց Ուկրաինա, դա հետաձգվեց, և մայիսյան խռովությունը տապալվեց Հայաստանում: Դրանից հետո, երբ զինադադար կնքվեց աշնանը, այդ նույն Կարմիր բանակը նորից հարձակում վերսկսեց Հարավային Կովկաս: Այնպես, որ պատմական օրինաչափություններն էլ են գալիս վկայելու, որ Ուկրաինայի ազատագրության ճակատամարտը ճակատագրական է նաև մեր՝ հայության համար:

Դրա համար շատ կարևոր էր այդ հանրահավաքը, և այն իր դերը կատարեց բոլոր իմաստներով, որովհետև թե մեր ժողովրդին մեկ անգամ ևս ի ցույց տրվեց այդ արժանապատիվ կեցվածքը, ինչպես պետք է լինի և թե այսօրվա քաղաքակիրթ մարդկությունը տեսավ, որ Հայաստանում նույնպես գիտակից մասսան հասկանում է, թե որ կողմ պետք է շարժվել»- ասաց նա:

Հարցին՝ ինչո՞ւ նույն ջերմեռանդությամբ Արցախի համար ցույցեր չեն անում, Չուգասզյանն ասաց. «Ես, ճիշտն ասած, Ձեր հարցի մեջ պնդում եմ տեսնում, որը, կարծում եմ՝ տեղին չէ, որովհետև Արցախի համար մշտապես, անգամ պատերազմից առաջ, ոչ միայն ցույցեր և երթեր են եղել, նաև ավտոերթեր են եղել, օրինակ, Բերձորում, որտեղ հարձակում եղավ մեր վրա: Եվ դրանից հետո էլ մինչև իսկ հենց այս տարվա հունվարին արվող մեր ցույցերը, որոնք մենք Գյումրիի առաջ անում էինք, դա արվում էր Բերձորի միջանցքի և Արցախի շրջափակման համար: Այնպես, որ ձեր պնդումը տեղին չէ»:

Հարցին՝ այդ հանրահավքը կարելի՞ է համարել հավաք նաև Արցախի համար, Չուգասզյանը նշեց, որ ուկրաինական ճակատում վճռվում է նաև Արցախի հարցը. «Հանրահավաքը համերաշխության ցույց էր Ուկրաինայի հետ, որը նաև մեր ելույթների ժամանակ բացատրվեց, որ Հայաստանի ներառյալ Արցախի ապագան այսօր վճռվում է ուկրաինական ճակատում: Եվ այն հիմնական, այսպես ասած ճակատամարտը, որը այս տարի սպասվում է, նաև որոշիչ է լինելու մեր դեoկուպացիայի համար, այսինքն՝ Հայաստանն ինքը կարիք ունի դեoկուպացիայի, և դրա մեջ է մտնում նաև Արցախը»,- եզրափակեց նա: