Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:13 24-02-2023

Խաղաղության պայմանագրով ուժեղը թույլին պարտադրում է իր բոլոր պայմանները․ Շավարշ Քոչարյան

Անցյալում միջազգային հարաբերությունների համակարգի փոփոխության ժամանակահատվածներում են տեղի ունեցել հայ ժողովրդի ողբերգական կորուստներ։ ԱՅս մասին այսօ «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովին իր ելույթում ասաց ՀՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Ըստ նրա համակարգը փոխվում է այն դեպքում, երբ գերպետությունների միջև գոյություն ունեցող ուժային հավասարակշռությունը խախտվում է, դրան հետևում է քաոսային անցման փուլը, մինչև հաստատվում է նոր համակարգ: Նրա խոսքով հենց նոր համակարգի ձևավորման ժամանակ էլ արձանագրվել է մեր պատմական հայրենիքի մեծ մասի կորուստը:

«Սա շատ կարևոր է գիտակցել, որովհետև հիմա մենք կրկին գտնվում ենք միջազգային հարաբերությունների համակարգի փոփոխության փուլում: Երկրորդ աշխարհամարտից հետո ձևավորված համակարգը հիմնված էր երկբևեռ աշխարհի վրա. մի կողմից՝ ԱՄՆ, մյուս կողմից՝ ԽՍՀՄ: ԽՍՀՄ փլուզումը բերեց նրան, որ այդ համակարգն արդեն խախտվեց և առաջացան տարբեր խաղացողների մղումներ: ԱՄՆ նպատակը շատ հստակ է. ամեն գնով հաստատել միաբևեռ համակարգ: Բազմաթիվ պետություններ դրան դեմ են: Քանի որ պատերազմները, բախումներն անցումային փուլում անխուսափելի են, ժամնակակակից միջազգային հակամարտություններին բնորոշ են առանձնահատկություններ, որոնցից առաջինն է՝ պատերազմները սկսվում են՝ չհայտարարելով, հաջորդը, չեն ավարտվում խաղաղության պայմանագրով, այլ որպես կանոն՝ դա լինում է փխրուն հրադադար, որը ցանկացած պահի կարող է նորից խախտվել: Այդ խաղաղության պայմանագիրն իրականում հնուց եկած գաղափար է, երբ գործում էր ուժի իրավունքը: Երբ Խաղաղության պայմանագրով ուժեղը թույլին պարտադրում էր իր բոլոր պայմանները: Այսօր, երբ ասում ենք «խաղաղության պայմանագիր», կամա թե ակամա, նույն Ադրբեջանն ու Թուրքիան դրանով են առաջնորդվում: Խաղաղության պայմանագրի տակ հասկանում են հնուց եկած գաղափարը, որ պետք է պարտադրեն իրենց բոլոր պայմանները։

Հաջորդը, կիրառվում են բոլոր այն մեխանիզմները՝ քաղաքական, դիվանագիտական, հոգեբանական, քարոզչական ճնշման բոլոր միջոցները, որոնց նպատակն է, որ դու ենթարկեցնես հակառակորդ պետության ղեկավարությանը սեփական կամքին, իրենք պետք է առաջնորդվեն քո կամքով: Հաջորդը, դու պետք է ամեն ինչ անես, որ պառակտվի ու բարոյալքվի ժողովուրդը: Դա արվում է մինչ ռազմական գործողություն սկսելը։

Այս ամենը մոզ մոտ կա, և այս պայմաններում ակնհայտ է, որ մեզ պետք է համախմբում, և դա պետք է լինի հստակ ձևակերպված նպատակների շուրջ: Այս դեպքում Արցախի ճանաչումը դառնում է հենց այդ նպատակը, որը նաև խթան է և երկու հայկական պետությունների համար ավելի արդյունավետ գործելու համար»,- նշեց Շավարշ Քոչարյանը:

Իսկ թե ինչ հետևանք կունենա Արցախի ժողովրդի իրականացված ինքնորոշման իրավունքից հրաժարվելու գինը, Շավարշ Քոչարյանը նշեց.

«Առաջինը նշանակում է՝ Արցախի հանձնում Ադրբեջանին, որն իր հերթին՝ ենթադրում է Արցախի հայաթափում՝ տարբեր սցենարներով: Արցախը դե ֆակտո կայացած պետություն է, ավելին, անհնար է Արցախի ժողովրդի գոյատևումն Ադրբեջանի կազմում: Եթե դու հրաժարվում ես ինքնորոշման իրավունքից՝ ագրեսոր Ադրբեջանի մեղքը քո վրա ես վերցնում. խոսքը վերաբերում է Հայաստանին: Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ փաստացի քո դաշնակիցը քո հակառակորդն է, ում շահերը բավարարում ես՝ հակառակ սեփական ազգային, պետական, գոյաբանական շահերի: Այստեղ կարևոր է գիտակցել, որ առաջնայինը սեփական շահերի հստակ ֆիքսումը և հետամուտ լինելն է: Այդ դեպքում դու կունենաս դաշնակիցներ: Եթե դա չես անում՝ մանրադրամ ես բոլորի համար: Մենք մեր դաշնակիցներին կորցնում ենք, նորերին ձեռք չենք բերի, քանի դեռ հստակ չենք ձևակերպել մեր շահերը»: