Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 14:40 24-02-2023

Չինաստանը ռուս-ուկրաինական պատերազմի քաղաքական կարգավորման փաստաթուղթ է հրապարակել

Չինաստանը ռուս-ուկրաինական պատերազմի առաջին տարելիցի կապացկությամբ ճգնաժամի քաղաքական կարգավորման առաջարկներ է ներկայացրել։ Կարգավորման փաստաթուղթը հրապարակվել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության կայքում, և այն ներառում է 12 կետ՝ այդ թվում նաև ռազմական գործողությունների դադարեցման և հրադադարի հաստատման կոչը։

Փաստաթղթում մասնավորապես նշվում է.

«• Հարգե՛լ բոլոր երկրների ինքնիշխանությունը

Չինաստանի ժողովրդական հանրապետությունը անհրաժեշտ է համարում պահպանել միջազգային օրենքները, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրությունը, բայց առանց երկակի ստանդարտների, և «պետք է երաշխավորվեն նաև բոլոր երկրների ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը»:

• Հրաժարվե՛լ սառը պատերազմի մտածելակերպից

Չինաստանը համոզված է, որ մեկ երկրի անվտանգությանը չի կարելի հասնել այլ երկրների անվտանգության հաշվին, իսկ տարածաշրջանային անվտանգությունը չի կարող ապահովվել ռազմական բլոկների ուժեղացմամբ կամ ընդլայնմամբ։ Պեկինը կոչ է անում լրջորեն վերաբերվել բոլոր երկրների անվտանգության օրինական շահերին, ինչպես նաև «նպաստել հավասարակշռված, արդյունավետ և կայուն եվրոպական անվտանգության ճարտարապետության կառուցմանը և թույլ չտալ, որ ճամբարային առճակատումներ ձևավորվեն։

• Դադարեցնե՛լ կրակոցները

Չինաստանը նշում է, որ պատերազմներում հաղթողներ չկան և կարծում է, որ բոլոր կողմերը պետք է պահպանեն ռացիոնալությունը և զսպվածությունը, կրակի վրա յուղ չլցնեն, չսրեն հակամարտությունները և թույլ չտան, որ ուկրաինական ճգնաժամը սրվի, կամ վերահսկողությունից դուրս գա։ Չինաստանը պնդում է, որ անհրաժեշտ է աջակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ երկխոսության վերսկսմանը, նպաստել դեէսկալացիային, մեղմացնել իրավիճակը և հասնել համապարփակ զինադադարի։

• Սկսե՛լ խաղաղ բանակցություններ

ՉԺՀ-ի կարծիքով՝ երկխոսությունն ու բանակցությունները միակ իրական ելքն են ուկրաինական ճգնաժամից, և միջազգային հանրությունը պետք է օգնի հակամարտող կողմերին բացել դուռը քաղաքական կարգավորման համար, ինչպես նաև պայմաններ ստեղծի դրա համար և հարթակ ապահովի բանակցությունների համար։

• Լուծե՛լ հումանիտար ճգնաժամը

Պեկինը կոչ է արել պաշտպանել խաղաղ բնակիչների անվտանգությունը և ստեղծել հումանիտար միջանցքներ նրանց տարհանման համար, ավելացնել մարդասիրական օգնությունը և աջակցել ՄԱԿ-ի դերին այս հարցում։

• Պաշտպանե՛լ քաղաքացիական անձանց և ռազմագերիներին

Չինաստանը նշում է, որ հակամարտող կողմերը պետք է ձեռնպահ մնան քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներից, պաշտպանեն կանանց և երեխաներին և հարգեն ռազմագերիների իրավունքները։ Չինաստանը կոչ է արել «առավել բարենպաստ պայմաններ» ստեղծել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման համար։

• Պահպանե՛լ ատոմակայանների անվտանգությունը

ՉԺՀ-ն կարծում է, որ անհրաժեշտ է դիմակայել խաղաղ միջուկային օբյեկտների վրա կատարվող զինված հարձակումներին։ Փաստաթղթի համաձայն՝ բոլոր կողմերը պետք է պահպանեն միջուկային անվտանգության մասին կոնվենցիաները և խուսափեն տեխնածին միջուկային վթարներից։

• Նվազեցնել ռազմավարական ռիսկերը

Պեկինը շեշտում է, որ միջուկային զենքը չի կարող օգտագործվել, և պետք է հակազդել դրա կիրառմանը կամ օգտագործման սպառնալիքին։ Նա նաև դեմ է ցանկացած պարագայում ցանկացած երկրի կողմից կենսաբանական և քիմիական զենքի մշակմանն ու կիրառմանը։

• Երաշխավորել հացահատիկի արտահանումը

ՉԺՀ-ի համոզմամբ՝ բոլոր կողմերը պետք է պահպանեն 2022 թվականին Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի կողմից ստորագրված Սև ծովով հացահատիկի փոխադրման մասին համաձայնագիրը։

• Դադարեցնել միակողմանի պատժամիջոցները

Չինաստանը կարծում է, որ նման միջոցառումները ոչ միայն խնդիրներ չեն լուծի, այլ նաև նորերը կստեղծեն։ Նա կոչ է արել բոլոր երկրներին դադարեցնել միակողմանի պատժամիջոցների չարաշահումը և փոխարենը դեր խաղալ ուկրաինական ճգնաժամի սառեցման գործում՝ պայմաններ ստեղծելով զարգացող երկրների տնտեսությունների զարգացման և մարդկանց կենսապայմանների բարելավման համար։

• Ապահովել արտադրական և մատակարարման շղթաների կայունությունը

Պեկինը նշում է, որ անհրաժեշտ է պաշտպանել համաշխարհային տնտեսությունը և դիմակայել դրա քաղաքականացմանն ու ռազմական նպատակներով օգտագործմանը։ Նա կոչ է արել թույլ չտալ միջազգային համագործակցության խաթարում էներգետիկայի, ֆինանսների, հացահատիկի առևտրի և տրանսպորտի ոլորտներում։

• Նպաստել հետպատերազմյան վերակառուցմանը

Չինաստանը կարծում է, որ միջազգային հանրությունը պետք է գործողություններ ձեռնարկի հակամարտության գոտիների հետպատերազմյան վերականգնմանն աջակցելու համար, և պատրաստ է աջակցել ու կառուցողական դեր խաղալ այդ հարցում»։