Երևան +14°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:48 23-02-2023

Վթարների մեջ թաղանթապատ մեքենաների «ծանրակշիռ» դերի ու դրանց մասին խոսելու Արսեն Թորոսյանի իրական պատճառների մասին

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ճանապարհային վթարների առաջացման պատճառներին, նշելով, որ վթարների մեջ «ծանրակշիռ» դեր ունի նաև ավտոմեքենաների ապակիների թաղանթապատումը։ Նա ներկայացրել էր օրենքի պահանջները ու նշել, որ դրանց իրագործման վերաբերյալ հարցում է ուղարկել ՆԳՆ։

Չնայած օրենսդրական կարգավորումների մեջբերումների՝ Թորոսյանը որևէ վիճակագրություն չէր ներկայացրել, թե քանի վթար է տեղի ունեցել իր մատնանշած խնդրի առկայության պարագայում։ Նման վիճակագրության առկայության մասին դժվարացավ խոսել նաև փաստաբան Մհեր Հակոբյանը։

Oragir.News-ի հետ զրույցում իրավաբանն ասաց, որ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի 123 րդ 4-րդ հոդվածով կարգավորվում է ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ, առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում կամ վարագուրապատված տրանսպորտային միջոցների վարելու կարգը։ Այս հոդվածով արգելվում է միայն մեքենայի առջևի հողմապակին թաղաթապատ վիճակում վարելը։

«Եթե միայն կողքի ապակիներն են թաղանթապատված, ապա օրենքի խախտում չի համարվում։ Մեր պրակտիկայում հիմնականում ապակիները թաղանթապատում են, սակայն առջևի հողմապակու թաղանթապատումն առաջացնում է տուգանք՝ 25 հազար դրամի չափով։ Իսկ նույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ այդ լուսաթափանցելիության չափերը սահմանում է ՀՀ կառավարությունը»։

Հակոբյանն ընդգծեց, որ չնայած կարգավորումներով որոշակի թույլատրելիությանը՝ իր մեքենան, օրինակ, լուսաթափանցելիության խնդիր չունի։

«Իմ մեքենայի ապակիները թաղանթապատ չեն։ Հաճախ, երբ իմ ընկերները հարցնում են, թե ինչու չեմ թաղանթապատում, ես ասում եմ, որ որոշակի խնդիրներ ունեմ տեսողության հետ կապված, և օրվա որոշակի ժամերի, երբ աղջամուղջ է, ես տեսողության հետ խնդիր եմ ունենում, դրա համար էլ իմ մեքենան չեմ թաղանթապատում։ Հասկանալի է, չէ, որ սա 20-25 000 դրամի պատմություն է, ու մեծ դժվարություն չէ որևէ մեկի համար դա անել։ Բայց այնպես չէ, որ մարդկանց մեծամասնությունն իմ նման տեսողության խնդիրն ունի, հետևաբար, ամենևին էլ չեմ պատրաստվում որևէ մեկին վզին փաթաթել իմ կարծիքը կամ իմ խնդիրը։ Ի վերջո, գաղտնիք չէ, որ շատերը մեքենան ընկալում են որպես յուրօրինակ անձնական տարածք, տուն։ Գաղտնիք չէ նաև, որ շատերը մեքենայի մեջ կարող են լինել այնպիսի մարդկանց հետ, որոնք չեն ուզենա, որ կողքինները տեսնեն, որ այդ մեքենայի մեջ են։ Այսինքն, խնդիրը կարող է հասնել, ընդհուպ, տղամարդ-կին հարաբերություններին կամ էլ կարող են ընկերներով հավաքված լինել ու մարդը կարող է համարել, որ այդ մեքենան իր անձանական տարածքն է, ու չի ուզում, որ դրսի հայացքները նայեն իր մեքենայի մեջ։ Մարդկանց այս իմաստով կարելի է հասկանալ, քանի որ թեև մեքենան ամբողջությամբ հավասարեցված չէ բնակարանին, սակայն գործնականում, իրավական որոշ գործընթացների դեպքում՝ այն գրեթե բնակարանի կարգավիճակ ունի, օրինակ՝ խուզարկությունների դեպքում։ Ուզում եմ ասել, որ թեև ինքս իմ մեքենան չեմ թաղանթապատում, սակայն ճիշտ էլ չեմ համարում, որ ապակիները թաղանթապատելու դեմ պայքար մղվի»։

Նկատենք, որ պնդումը, թե վթարների մեջ «ծանրակշիռ» դեր ունեն թաղանթապատ մեքենաները, ավելի ամուր կլիներ, եթե թեզն ամրապնդվեր վիճակագրությամբ։ Հակառակ դեպքում՝ ստացվում է՝ պատգամավորին կամ մի տեսակ՝ ՆԳ նախարարն է սկսել է դուր չգալ, հատկապես իրեն առաջիկայում անձեռնմխելիությունից զրկելու մասին մամուլում շրջանառվող տեղեկությունների ֆոնին, ու նա մտածում է, ուշադրությունն իրենից շեղելու մասին, միաժամանակ, իշխանության համար բավական ականջահաճո հայտարարություն անում, որով նկատում է՝ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները լավ չեն աշխատում, քաղաքացիներին էլ մի տեսակ քիչ են տուգանում ։