Երևան +16°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:27 23-02-2023

Բա չգնաս էտ զինկոմի գլխին տաս ու ասես՝ այ անասուն էս ի՞նչ արիր․ Արտակը մահացավ ազատամարտիկների ձեռքերի մեջ

Ընկերները նրան Մոցարտ էին ասում, բայց Արտակը գեղանկարիչ էր։ Գերազանցությամբ ավարտել էր Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան: 25 ամյա արվեստագետը լուսավոր երազանքներ ուներ, որոնք արտացոլվում էին նրա կտավներում։

Ծառայել է ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերում՝ որպես սերժանտ, ջոկի հրամանատար: 44 օրյա պատերազմի հենց առաջին օրը զորակոչվել է, բայց առաջնագիծ է մեկնել սեպտեմբերի 30-ին։ Մատաղիսում հասկացել է, որ հրամանատարությունը չի գործում ու զինվորների կյանքը վտանգված է։

«Խառնաշփոթ է եղել, կատարյալ մսաղաց, ամբողջ գիշերը տանը նստած ունեցած գիտելիքներն էր ստուգում։ Հետո պարզվում է ի՞նչ ՀՕՊ, ի՞նչ բան, խաբել, երեխեքին փուռն են տալիս։ Իր կամքով միացել է «Արամազդ» ջոկատին։ Կամավորները միանգամից իրենց հարազատ ընկերն են համարել Արտակին, այսօր պատմում են նրա մասին»։

Ազատամարտիկ Լևոն Բարսեղյանը պատմում է․ «Վայենկոմատով 4 հոգի էին եկել, վայենկոմատի աշխատողը ռմբակոծությունները հենց սկսում է, ասում ա՝ ձեզ գյուղ չեմ տանի, բայց ես հետ եմ գնում։ Ավտոբուսը կանգնում է մեր շտաբի մոտ, տղաները մոտենում են մեզ, պատմում են՝ ինչ եղելա։

Զեկուցեցինք հրամանատար Կորյուն Ղումաշյանին, ասաց, որ օգնենք տղաներին։ Արտակը շփվող տղա էր ու ասեց, որ ինքը կամավոր կգրվի ու հետ չի գնա։ Ասեց՝ հոպար մնամ էլի։ Երկուսը մնացին, հագուստ ու զենք ստացան։ Գիշերը մոտ երեսուն կիլոմետր միասին քայլել ենք։ Առավոտը 7-ին Արտակը վիրավորվել է մեջքից ու չի ասել։ Հենց իմացանք, շտապօգնություն զանգեցինք, բայց արնաքամ եղավ։ Մահացել է Հովհաննեսի և Տիգրանի ձեռքերի մեջ»։

Որդու մահը ծանր է ազդել մոր առողջության վրա։ Հուզվում է և դժվարությամբ խոսում։ Ասում է՝ առողջությունը չխանգարեր, կպայքարեր անմեղ զոհերի մահվան մեղավորներին պատժելու համար․ «Մարդկանց ուղարկել են Մատաղիս ու Մատաղիսը արդեն հանձնած է եղել։ Բա չգնաս էտ զինկոմի գլխին տաս ու ասես՝ այ անասուն էս ի՞նչ արիր»։

Դրամատուրգ Լիանա Անթառանյանը հանրագիտարան է պատրաստում՝ նվիրված զոհված տղաներին։ Գրքում տեղ կգտնեն նաև Արտակի մասին պատմությունները․ «Արտակը ժամկետային զինծառայությունը անցել է Բերդի զորամասում։ Այդ ժամանակ մասնակցել է նկարչական մրցույթի։ Շատ գեղեցիկ է նկարել Ցլիկ Ամրամի բերդը և արժանացել է մրցանակի։ Մայրը բացել է Արտակի թանգարանը, որտեղ նրա նկարներն են և շատ է ցանկանում, որ այն տեղ գտնի թանգարանում։

Արտակը նաև զորամասի մոտի քանդակներն է ռեստավրացիայի ենթարկել։ Շատ հետաքրքիր տղա է եղել, բայց, ցավոք, ինչ ստեղծել է, դա է պատմելու նրա մասին։ Ամեն բան պետք է անեմ, որ Արտակի մասին շատերը իմանան»։

Լուսին Ղազարյան

Ամենից շատ դիտված