Երևան +8°
copy image url
Մշակույթ Ներքին 1 տարի առաջ - 13:36 20-02-2023

Դժվարությունները ստեղծում են անհարմար կյանք, բայց լավ գրականություն

Զրուցել ենք ներկայումս Արգենտինայում բնակվող, գրող, սցենարիստ Արմինե Բոյաջյանի հետ։

Գրողն ինչ-որ տեղ նաև իր ժամանակի վավերագիրն է։ Այս դժվար շրջանը ի՞նչ կերպ է անդրադարձել քո ստեղծագործական կյանքի վրա։

–Այո, գրողը կամա, թե ակամա դառնում է իր ժամանակի վավերագիրը, եթե նույնիսկ նա գրում է պատմական անցյալի կամ դեռ չեկած ու չերևացող ապագայի մասին։ Ինչպես իմ սիրելի անտիկ գեղագետ, փիլիսոփա Արիստոտելն էր պնդում՝ տառապանքն է ծնում բյուրեղացումն արվեստում կամ հույզերի մաքուր ալիքները /սրանք իմ կողմից ընտրված հոմանիշներն են/։ Շատերի պնդմամբ սա գուցե հնացած սկզբունք է, սակայն փաստը, փորձը, իրար հաջորդող դարերը և հենց այսօրը վկայում են, որ գրականության մեջ բնական ակունք ունեցող կոնֆլիկտներն ունեն առանձնակի ու ընդգծված հաղթաթուղթ։ Այնպես որ, հանդիպող մեծ ու փոքր դժվարությունները ստեղծում են անհարմար կյանք, բայց լավ գրականություն։ Մասնավորապես իմ ստեղծագործական ընթացքում ես հայտնաբերել եմ բացառիկ հասունություն՝ ձևի, մոտեցման, կառուցվածքի, թեմայի և այլ շատ կարևոր հարցերի համատեքստում։ Մի քիչ խխունջվում, մեկուսանում եմ նման իրավիճակներում և դառնում ավելի լուռ, բայց հետո արդյունքը գոհացնող է լինում։

Հեռավորությունը քեզ համար խոչընդոտ չէ, փորձում ես աշխուժություն մտցնել հայկական գրական կյանքում։ Կպատմե՞ս դրա մասին։

– «Հայկական գրական կյանքում աշխուժություն մտցնելու իմ փորձը» արտահայտությունը մի քիչ շատ գրոտեսկային է, բայց հեռավորությունը չի խանգարում նույնիսկ գրական միջոցառումներ կազմակերպելուն։ Հենց հիմա Արմեն Նիազյանի հետ իրականացնում ենք մի հետաքրքիր նախագիծ՝ «ArtաԺամ», որի նպատակն է արվեստի ու մտքի շուրջ համախմբել մտածող ու ճաշակով երիտասարդներին, ճիշտ խորհրդատու ավագներին՝ ձևավորելով նոր հարթակ՝ ամենատարբեր համագործակցությունների, քննարկումների, միջոցառումների ու պարզապես լավ ժամանց անցկացնելու համար։ Նաև այս ուսումնական տարվա ավարտին նախաձեռնել եմ տպագրել Թատերական ինստիտուտի ստեղծագործող ուսանողների գործերի ժողովածուն։ Թող ուրախանան, սիրում եմ մարդկանց ուրախացնել։

Նաև որպես սցենարիստ ես ակտիվ գործունեություն ծավալում։ Ներկայացրու մի քանի նախագիծ, որ կհետաքրքրի ընթերցողին։

–Այո, շատ բուռն են իմ կուլիսային աշխատանքները, թեև դրանք շատ նկատելի չեն, որովհետև միշտ խոսում եմ անելիքներիս յոթանասուն տոկոսի մասին, բայց երևի դրանցից ամենակարևորները նշեմ՝ արդեն երեք և ավելի տարի է «Արմենիա» հեռուստատեսությամբ հեռարձակվող «Իմացիր ավելին» տեղեկատվական – ժամանցային հաղորդաշարի սցենարիստն եմ, շուտով կավարտեմ մի քսաներկու մասից բաղկացած հեռուստանովելի սցենարը։ Նաև շատ հետաքրքիր ու արդյունավետ համագործակցության մեջ եմ գրականության, դրամատուրգիայի, վստահ եմ՝ նաև մոտ ապագայում սցենարական գործի մեջ իր նոր, բայց հաստատուն քայլերն անող երիտասարդ ստեղծագործողի՝ Նարեկ Մանուչարյանի հետ։ Մեր երկուսի համագործակցության արդյունքում շուտով ավարտին կհասցնենք երկու շատ հետաքրքիր պիես և կսկսենք ևս մեկը։

Վերջին գիրքդ՝ «Նկարում եմ նապաստակ location պատի տակ» լույս է տեսել 2018-ին։ Ժամանակը չէ՞ նոր գրքի։

–Ժամանակն է։ Շուտով կլինեն այդ գրքերը։ Խմբագրման փուլում է «Հայի բաժին Կարմիր ծովը» Արցախի մասին բավականին հետաքրքիր վավերագիր–գեղարվեստական ակնարկը, այս տարի անպայման կտպագրվի։ Այս տարի անպայման կհրատարակվի էսսեների ժողովածու, վերնագիրը դեռ չեմ ընտրել, ժամանակն ինքը ամեն ինչ կվերնագրի որոշյալ պահին։ Չմոռանանք նաև իմ և քո համատեղ աշխատանքը՝ «Հայոց պատմությունը մանուկների համար» այսպես կոչված ձեռնարկը, որը էս պահին անավարտ է իմ զբաղվածության պատճառով, սակայն տարվա ընթացքում հաստատ կվերջացնենք՝ Աստծո կամքով։



Ո՞րն է աշխարհը լավը դարձնելու քո բանաձևը։

–Սիրելն ու ներելը։ Ընկածին բարձրացնելը, ձեռք մեկնողին օգնելը, հուսահատին հույս տալը, վշտացածին մխիթարելը, պարզապես լինել մարդու կողքին և մնալ նախնական «մարդ» կոչման մեջ։ Ասեմ՝ դժվար չէ։

Ի՞նչ ես կարդում հիմա և ո՞րն է քո սեղանի անբաժան գիրքը։

–Այս պահին կարդում եմ Մարգարեթ Աթվուդի «Պենելոպեականը»՝ «Ոդիսական»–ի այսպես ասած իգական տարբերակը ռուսերենով։ Գիտեմ, որ Զավեն Բոյաջյանն այս գործը թարգմանել է նաև հայերեն, բայց, ցավոք, այստեղ շատ հայերեն գրքեր չունեմ, ստիպված եմ լինում բավարարվել եղածով։ Իսկ սեղանիս երկու անբաժան գրքերն են՝ Աստվածաշունչն ու Չարենցի ընտրանին։


Արմինե Մուրադյան

Ամենից շատ դիտված

13:21 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին
21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
12:45 Փաշինյանը ստախոս է․ դանիական հեղինակավոր պարբերականը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
08:31 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․ Հրապարակ
12:26 Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում բաց դաս է անցկացնում․ ՈւՂԻՂ
11:58 Կարո՞ղ եք ասել՝ ինչի են նիկոլական բոլոր կանայք նույն դեմքով, իրար նման, կարծես կլոններ լինեն
13:46 Յոլյան կենտրոնում բոլորը վախեցած են, նախարարությունը սարսափ է տարածել
14:26 Հերթը Հայաստանի տարածքում գործող հանքավայրերինն է․ ադրբեջանական մամուլը գործի է անցել
09:20 Oragir.News-ի անդրադարձներից հետո արցախցիների գումարների վճարումն սկսված է