Մշակույթ 3 տարի առաջ - 16:36 18-02-2023

Այրված գրքեր․ երբ քաղաքականությունը հաղթում էր գրքին

Մեր ժամանակներում հանդուրժում ենք ցանկացած գրքի ծնունդ ու կյանք՝ անկախ իր գաղափարական գծից ու բովանդակությունից, մինդեռ դարեր շարունակ անցանկալի գրքերն այրվել են ամբողջ աշխարհում՝ հին ժամանակներից մինչև մեր օրեր։ Դա հիմնականում եղել է քաղաքական ճնշումների կամ ըմբոստության հետևանք:

1930-ականներին գերմանական ուսանողական միությունը (DSt) գրքերը հրապարակավ այրելու նպատակով նացիստական Գերմանիայում և Ավստրիայում անցկացրեց արշավ, որը կոչվում էր «The Nazi Book Burnings»: Նրանց կողմից թիրախավորվեցին, ըստ իրենց, դիվերսիոն կամ նացիզմին հակադրող գաղափարախոսություններ ունեցող գրքերը։



1933-ի մայիսի 10-ին Բեռլինի պետական օպերայի հրապարակում ուսանողներն այրեցին ավելի քան 25000 «ոչ գերմանական» գիրք։ Բազմաթիվ այլ համալսարանական քաղաքներում ազգայնական ուսանողները ջահերով շքերթներ անցկացրին ընդդեմ ոչ գերմանական ոգու: Ուսանողներն արգելված գրքերը մեծ ուրախությամբ շպրտեցին խարույկի մեջ։ Առաջնահերթ հրկիզվեցին հրեական ծագում ունեցող գրողների գրքերը։ Դա այնքան խորացավ, որ կրակի բաժին դարձան նույնիսկ 19-րդ դարի հրեական ծագում ունեցող գերմանացի պոետներից մեկի՝ Հայնրիխ Հայնեի գրքերը։ Մինչդեռ այդ դեպքերից դեռ հարյուր տարի առաջ՝ 1822-ին, Հայնեն մարգարեացել էր գրելով՝ «Այնտեղ, որտեղ գրքեր են այրում, մի օր, ի վերջո, մարդ էլ կայրեն»։ Հայնեի գրքերի կողքին՝ նույն խարույկի մեջ, այրվում էին Էռնեստ Հեմինգուեյի «Հրաժեշտ զենքին», «Եվ արևը ծագում է», Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա», Ֆրանց Կաֆկայի «Կերպարանափոխություն», Օլդոս Հաքսլիի «Չքնաղ նոր աշխարհ», Ջեյմս Ջոյսի «Ուլիսես», Լեւ Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն», Մաքսիմ Գորկու «Մայր», Անդրե Ժիդի և Հ․ Գ․ Ուելսի վեպերը։



Մեծաքանակ գրքեր այրելու մշակույթ ձևավորվել էր նաև բոլշևիկների կողմից։ Նրանք հայտարարում էին, որ այրում են միայն ուղղափառ քրիստոնեական և միապետական ​​ուղղվածություն ունեցող գրքերը՝ դա համարելով պայքարի միջոց, բայց իրական պատկերն այլ էր։

1920-ին Լենինի կնոջ՝ Նադեժդա Կրուպսկայայի նախաձեռնությամբ հրահանգներ ուղարկեցին հանրային գրադարաններից «գաղափարապես վնասակար և հնացած» գրականությունը հեռացնելու վերաբերյալ: Հենց Կրուպսկայան կազմեց Խորհրդային Ռուսաստանի գրադարաններից արգելված և դուրս բերված գրքերի առաջին «սև ցուցակները»: 1924-ին նա այս ցուցակներում ընդգրկեց Պլատոնին, Կանտին, Շոպենհաուերին, Լեսկովին և այլ խոշոր հեղինակների, ինչը ցնցեց նույնիսկ Մաքսիմ Գորկուն։

Հատկապես տուժել են մանկական գրադարանները։ Ընդհանուր առմամբ, նրա հրահանգը պարունակում էր մանկագիրների 97 անուն, ներառյալ Չուկովսկին։ Կրուպսկայայի ստորագրած շրջաբերականով արգելվում էր Աստվածաշունչը և ցանկացած այլ կրոնական գրականություն բաժանել ընթերցողներին։

Ժամանակակից աշխարհում գիրք այրելը հիմնականում դիտարկվում է որպես բողոքի միջոց՝ ռեժիմի, կրոնի կամ այլ երևույթների դեմ։ Վառ օրինակ է վերջերս Շվեդիայում Թուրքիայի դեսպանատան դիմաց Ղուրանի այրումը։



Այստեղ հարկ է հիշել, որ 2010 թ․-ին քրիստոնյա ֆունդամենտալիստ հովիվ Թերի Ջոնսը միջազգային աղմուկ բարձրացրեց՝ խոստանալով սեպտեմբերի 11-ի տարելիցին այրել մահմեդականների սուրբ գիրքը: Ամբողջ աշխարհում առաջացած ցնցումների հետևանքով ավելի քան 20 մարդ սպանվեց։ Ջոնսն այդպես էլ հրապարակային չհրկիզեց Ղուրանը, չնայած հաջորդ տարի նա այրել է մի քանի օրինակ իր եկեղեցու սրբավայրում։

Ի դեպ, գրքեր այրելու մասին հետաքրքիր սյուժե ունի Ռեյ Բրեդբըրիի «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» վեպը։

Արմինե Մուրադյան

Ամենից շատ դիտված

14:55 Մանվել Սարիբեկյանը մոլորվել ու հայտնվել էր Ադրբեջանում. նրան ներկայացրել էին՝ որպես դիվերսանտ, խոշտանգել, սպանել
14:34 Փաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվել
17:59 Ժամերով հերթ ենք կանգնում, բժիշկներն էլ քմահաճույքով են աշխատում․ ահազանգ
18:46 Թագադրվելուց կարճ ժամանակ անց՝ ողբերգական մահ․ ռոդեոյի 22-ամյա թագուհուն հարվածել է կայծակը
15:53 Շիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. վարորդը տեղում մահացել է
18:19 Երևանում՝ «MG» սուպերմարկետի մոտ, հրդեհ է բռնկվել վագոն-տնակում․ այն վերածվել է մոխրակույտի
19:42 Երևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է