Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 18:36 17-02-2023

Ստամբուլի հավանական երկրաշարժի պատճառած վնասը կուլ կտա բոլորին. թուրք փորձագետների համոզմամբ՝ Ստամբուլում կարող է ավերիչ երկրաշարժ տեղի ունենալ

Թուրքիայում ավերիչ երկրաշարժերի ֆոնին սեյմոլոգներն ակնկալում են, որ ևս մեկ երկրաշարժ կարող է տեղի ունենալ երկրի ամենախոշոր քաղաքում՝ Ստամբուլում, որի կորուստները կգերազանցնեն երկրի հարավ-արևելյան նահանգներում փետրվարի 6-ին տեղի ունեցած բնական աղետի պատճառած կորուստներին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Հյուրիեթ պարբերականը։

Սեյսմոլոգներն ուշադրություն են հրավիրում այն բանին, որ Ստամբուլը գտնվում է անատոլիական և եվրասիական տեկտոնական թիթեղների միացման վայրում՝ Հյուսիսային Անատոլիայի խզվածքի հատվածից 15-20 կիլոմետր դեպի հարավ, որն անցնում է Մարմարա ծովի տակ։ Այսպիսով, Ստամբուլում հնարավոր երկրաշարժը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների։

Փորձագետների համոզմամբ ներկայումս Ստամբուլում երկրաշարժի հավանականությունը գնահատվում է շուրջ 80 տոկոս, մինչդեռ 24 տարի առաջ՝ 1999 թվականի օգոստոսի 17-ին, Թուրքիայի Քոջաելի նահանգում տեղի ունեցած երկրաշարժից հետո Ստամբուլում երկրաշարժի հավանականությունը գնահատվում էր 60 տոկոս։ Այս գնահատականները մի շարք բանավեճերի պատճառ են դարձել, սակայն հոդվածագիրը շեշտում է, որ ցանկացած պահի Ստամբուլում սպասվում է մոտավորապես 7 բալանոց երկրաշարժ։

Հաղորդվում է, որ Ստամբուլի սպասվող երկրաշարժը գրեթե կգերազանցի Մարաշի երկրաշարժի պատճառած կորուստներին՝ ավերածությունների, տնտեսական ու սոցիալական հետևանքների առումով։ «Այսինքն՝ Քահրամանմարաշի երկրաշարժը Ստամբուլի երկրաշարժի համարյա փորձն է»,- ասվում է հոդվածում։

Ստամբուլի Բողազիչի համալսարանի Քանդիլլի աստղադիտարանի և երկրաշարժերի հետազոտությունների ինստիտուտի պատրաստծ համատեղ զեկույցի համաձայն՝ քաղաքում կա 1 միլիոն 164 հազար շենք և 4,5 միլիոն բնակարան, որոնցից յուրաքանչյուրում միջինը 3.3 մարդ է ապրում։ Զեկույցի հեղինակների կարծիքով՝ 7.5 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժի ժամանակ 13 հազար 492 շենք կկրի շատ ծանր վնաս, լուրջ վնաս՝ 39 հազար 325 շենք, միջին ծանրության՝ 136 հազար 746 և թեթև վնաս՝ 300 հազար 963 շենք։

Նշվում է, որ Ստամբուլի շենքերից 255 հազարը կառուցվել են մինչև 1980 թվականը։ Դրանցից 538 հազարը կառուցվել է 1980-ից 2000 թվականներին, իսկ 376 հազարը՝ 2000 թվականից հետո՝ 1999 թվականին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո: Այսպիսով Ստամբուլի շենքերի 70 տոկոսը կառուցվել է մինչեւ 2000 թվականը։ Սակայն հեղինակներն ուշադրություն են հրավիրում այն բանին, եթե շենքերի շուրջ 30 տոկոսը կառուցվել են 2000 թվականից հետո, ապա դա չի նշանակում, որ դրանք անվտանգ են։

«Մենք տեսանք նաև Քահրամանմարաշի կենտրոնում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ, ավերվեցին մի քանի տարի առաջ «սեյսմակայուն» և հարյուրավոր մարդկանցով բնակեցված շքեղ վայրերը»,- ասվում է հոդվածում։

Միևնույն ժամանակ հոդվածի հեղինակները կարծում են, որ հնարավոր չէ հաշվարկել, թե սպասվող երկրաշարժն ինչ վնաս կպատճառի ոչ միայն Ստամբուլին, այլ նաև ողջ երկրին, քանի որ քաղաքը Թուրքիայի տնտեսության մեջ 50 տոկոս մասնաբաժին ունի։ Նշվում է, որ բացի ներքին խնդիրներից, հավանական երկրաշարժը ազգային անվտանգության խնդիրներ կառաջանի։

«Բացի վերանորոգումից, վերանորոգված շենքերում պետք է հսկողություն իրականացնենք, իսկ որպես հասարակություն պետք է պատրաստվենք երկրաշարժի իրականությանը։ Հակառակ դեպքում, երբ Ստամբուլի երկրաշարժը տեղի ունենա, Հյուսիսային Անատոլիայի խզվածքի գծի պատճառած վնասը կուլ կտա բոլորին»,- եզրափակում են հեղինակները։