Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:00 16-02-2023

Հայաստանը ոչ միայն արտադրության ու վաճառքի, այլև ներկրման մենաշնորհի երկիր է եղել․ այսօր էլ շատ քիչ բան է փոխվել․ տնտեսագետ

«Էլեկտրոմոբիլներ ներկրողների պահանջը՝ իրենց գույքահարկից ազատելու վերաբերյալ, իհարկե, արդարացի է և առաջընթացի կողմ է տանում»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

«Պետք է առաջ նայել։ Պետք է հասկանալ, թե ուր է գնում աշխարհը, ընդհանրապես, ավտոինդուստրիան։ Համաշխարհային ավտոշինության ոլորտն առաջիկա տասնամյակի ընթացքում անցնելու է էլեկտրոմոբիլների շահագործման։ Ընդ որում, դա վերաբերում է ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներին։ Սա ձեռնտու է ինչպես բնապահպանական, այնպես էլ բազային էներգակիրների, բենզինի ու դիզվառելիքի շահագործման տեսակետից։ Նախ և առաջ այդ ռեսուրսներն են գնալով թանկանում։ Մյուս կողմից շրջակա միջավայրի աղտոտումն ուղղակի հասել է կրիտիկական մասշտաբների և ջերմոցային էֆեկտն, ըստ էության, սպառնում է մարդկության բնականոն գոյությանը»,- ասաց նա։

Փորձագետի խոսքով՝ պետք է խթանել ոչ միայն էլեկտրոմոբիլների ներկրումն, այլև արտադրության գործընթացները՝ հարկային ու այլ արտոնություններով։

«Բացի դա, վերջին 4-5 տարիներին Հայաստանը վեր է ածվել ավտոգերեզմանոցի՝ բառի բուն իմաստով։ Ավտոմեքենա կոչեցյալի անվան տակ մետաղի բազմաթիվ ջանդոններ են ներկրվել Հայաստան, ու այսօր տեսնում եք, որ հատկապես մայրաքաղաքը տրանսպորտային կոլապսի մեջ է։ Մինչև 40 տարվա հնության, բենզինային դիզվառելիքի և վերասարքավորված հեղուկ գազով աշխատող մեքենաների շարժը բացարձակապես չի ապահովում մեր մայրուղիների և ճանապարհների հիմնական ու երկրորդական թողունակությունը։ Սա ակնհայտ է»,- ասաց նա։

Նաև այս առումով, փորձագետը կարևորում է ավտշուկայի նորացմանն ուղղված գործողությունների իրականացումը։

«Այս մեքենաներն էկոլոգիապես մաքուր, շահագործման տեսակետից հարմար են, ըստ էության, անաղմուկ։ Բոլոր առումներով մեծ առավելություններով օժտված այդ ավտոմեքենաների և՛ ներկրումը, և՛ վաճառքը պետք է խրախուսել։ Այդ տեսանկյունից, այդ արտոնությունները, մեծ հաշվով, կան, բայց ամբողջ հարցն այն է, որ այդ ոլորտի նկատմամբ համակարգված քաղաքականություն պարզապես գոյություն չունի։ Նույնիսկ նախկինում հայտնի բրենդներ ներկրողների բիզնեսները չափազանց լավ վիճակում են։ Նրանք գերշահույթներ են ստանում։ Անուններ չտանք, չգովազդենք, բայց դա փաստ է։ Շատ դեպքերում այդպիսի բիզնեսները գործել են ստվերում»,- ասաց նա։

Մյուս խնդիրն, ըստ տնտեսագետի, կապված է ներմուծման կամ այսպես կոչված՝ միասնական մաքսային տարածության (ԵԱՏՄ – խմբ․) չափանիշների հետ։ Դրանց ֆոնին մաքսատուրքերը բավականին բարձր են։

«Այսօր ավտոմեքենա ներկրելը չափազանց թանկ հաճույք է։ Այդ թվում, եթե դա տարածվում է էլենտրոմոբիլների ներմուծման վրա, ապա կարող են որոշակի հարցեր առաջանալ։ Դա մեզ համար, ըստ էության, օտար խաղ է։ ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքը մշակվել է Ռուսաստանի «հագով», այսինքն՝ խոշոր երկրների համար։ Տվյալ դեպքում Ռուսաստանն ավտոարտադրող է։ Մյուս երկրները ևս՝ նույն Բելառուսը հայտնի է իր, հիմնականում, գյուղատնտեսական ավտոմեքենաշինությամբ, Ղազախստանը ևս մեքենաներ է հավաքում։ Ստացվում է, որ շատ բարձր մաքսատուրքեր սահմանելով իրենց, կոպիտ ասած, «պայթած», անմրցունակ ավտոինդուստրիան են խրախուսում, իրենց ներքին արտադրողներին։ Մեզ էլ ստիպում են, որ գնենք իրենց անմրցունակ մեքենաներն ու շահագործենք։ Դրա համար էլ աներևակայելի, չափազանց բարձր մաքսատուրքեր են սահմանված։ Յուրաքանչյուր շարժիչի սմ խորանարդի հաշվով կարող է 1․5-7․5 դոլարի հասնել գինը։ Դա նշանակում է, որ, այսպես ասած, հզոր շարժիչով ավտոմեքենա ներկրել ու գնելը միայն մեծահարուստների համար հասանելի միջոց կարող է լինել»,- ասաց նա։

Համադրելով այս բոլոր կետերը՝ փորձագետը գալիս է եզրահանգման, որ խելացի մեքենաների ներկրմամբ մի շարք հարցեր ինքնըստինքյան լուծում կստանան։

«Ընդ որում, առաջիկա տարիներին դրանց և՛ արտադրությունը, և՛ վաճառքը զգալիորեն ու կտրուկ էժանանալու է, որովհետև պահանջը աճում է ոչ գծային ֆունկցիաների տեսքով։ Դա, ըստ էության, կլասիկ մեքենա է՝ առանց ներքին այրման շարժիչի, ուղղակի էլեկտրաէներգիայով է աշխատում»,- ասաց նա։

Այս դեպքում, սակայն, ըստ տնտեսագետի, մեկ այլ խնդիր է առաջանալու։ Առաջիկա 10-ամյակի ընթացքում կտրուկ կաճի էլեկտրաէներգիայի օգտագործման ծավալը։ Ընդ որում, Ատոմ Մարգարյանի խոսքով, դա տեղի է կունենա ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում ու ամբողջ աշխարհում։

«Մենք պետք է զարգացնենք հատկապես էկոլոգիապես մաքուր էներգիայի արտադրության աղբյուրները։ Իհարկե, մենք այստեղ տեսնում ենք դինամիկա՝ որոշակի մասով արևային պանելների միջոցով արեգակնային էներգիայի կիրառման ու հողմակայանների արտադրության առումով։ Բայց դա քիչ է և առաջիկա տարիներին պետք է սպասել նաև խրախուսման ու խթանման գործիքակազմերի կիրառման պրակտիկա, որպեսզի մյուս ոլորտները ևս զուգահեռաբար զարգանան»,- ասաց նա։

Ատոմ Մարգարյանն անդրադարձավ նաև հանրային տեսակետին, որ էլեկտրոմոբիլներ ներկրողները գերշահույթներ ու միլիոններ են վաստակում։

«Ես, իհարկե, լոբբիստ չեմ ու նրանց շահերը չեմ սպասարկում, բայց ուզում եմ հասկանալ, թե այդ ինչ հիմնավորումների ու հաշվարկների վրա է հիմնված այդ գերշահույթ հասկացությունը։ Այստեղ ցանկացած նոր պրոդուկտ, որը նոր տեխնոլոգիական է, էկոլոգիապես մաքուր է, իր դիզայնով ու պարամետրերով շատ ավելի նախընտրելի է ու գերազանցում է գործող ավանդական մոդելներին, այո՛, կարող է ապահովել նաև գերշահույթ։ Համեմատեմ սմարթֆոնների Apple ընկերության դասի հետ։ Ինչո՞ւ մարդիկ կարող են գրեթե կրկնակի, եռակի ու անգամ հնգակի ավելին վճարել, քան այդ սմարթֆոնների արտադրության ինքնարժեքն է, իսկ էլեկտրոմոբիլների համար չվճարել։ Սմարթֆոնների այդ ցանցերն, ըստ էության, նույնպես գերշահույթներ են ստանում։ Ի՞նչ է, գերշահույթ չե՞ն ստանում խաղադրույքների ոլորտում»,- հարցադրում հնչեցրեց նա։

Այս առումով, ըստ փորձագետի, ամբողջ խնդիրն այն է, թե հարկային քաղաքականությունը որքանով է դիֆերենցված ու ողջամիտ։

«Հարցն այն է, թե որքանով է բարձր տեխնոլոգիական բիզնեսի, կարկանդակ արտադրող բիզնեսի կամ հանք արդյունաբերող բիզնեսի համար սահմանված հարկը ողջամիտ։ Վերջին դեպքում պարզապես քանդում, հանում են երկրի ընդերքը, մի փոքր մշակում, հարստացնում, խտանյութի ձևով վաճառում են ու ոչ թե միլիոններ, այլ միլիարդներ են ստանում։ Օֆշորներում գնագոյացման մեխանիզմներով ահռելի ստվերային եկամուտներ են գրանցում։ Այդ խնդիրներն է պետք լուծել։ Հարկային քաղաքականությունն, այո՛, պետք է լինի դիֆերենցված, այսինքն, այն բիզնեսները, որոնք ստեղծում են բարձր տեխնոլոգիական, էկոլոգիապես մաքուր, գիտատար, աշխատատար, բարձր արտադրողական ու եկամտաբեր աշխատատեղեր՝ պետք է գտնվեն հարկային արտոնությունների դաշտում։ Այս թվին դասվում են նաև բարձր տեխնոլոգիական պրոդուկտների արտադրության ոլորտները»,- ասաց նա։

Ըստ մեր զրուցակցի՝ մեր պետությունը ոչ միայն պետք է արտոնություններ տա էլեկտրոմոբիլ ներկրողներին, այլև կազմակերպի դրանց արտադրություն։

«Պետք է մտնեն այդ ռիսկի գոտի, ոչ թե գնան ու ուրիշի պատրաստածը բերեն։ Մենք Հայաստանում տեսնում ենք, որ Volkswagen ընկերության չինական հավաքածուներն են շատ մեծ պահանջարկ վայելում։ 25-30 հազ․ դոլար արժեն։ Մարդիկ շատ լավ էլ գնում են։ Հիմա, եթե հարկային արտոնություններ տանք զանգվածաբար, ապա դա էլ ճիշտ չի լինի։ Ուղղակի պետք է որոշակիորեն հետևել դինամիկային։ Ինչո՞ւ միայն Volkswagen ընկերության էլեկտրոմոբիլները։ Չէ՞ որ դրանցից արտադրում են նաև բազմաթիվ այլ ընկերություններ։ Կնշանակի, որ կարծես թե մենաշնորհներ նույնպես կան։ Պետք է նաև այդ խնդրով զբաղվել։ Հայաստանը ոչ միայն արտադրության ու վաճառքի, այլև ներկրման մենաշնորհի երկիր է եղել՝ տասնամյակներ շարունակ։ Այդ առումով շատ քիչ բան է փոխվել»,- եզրափակոց տնտեսագետը։