Երևան +17°
Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:09 16-02-2023

Ռուսաստանի ագրեսիվ հայտարարությունները կարող են ՀՀ-ում հակառուսական տրամադրություններ ստեղծել ու ամրապնդել ԵՄ դիրքերը մեր երկրում․ քաղաքագետ

Վերջին շրջանում՝ հատկապես 2020 թվականից հետո, մենք տեսնում ենք, որ Արցախյան պատերազմը զուգորդվեց մեր տարածաշրջանում ՌԴ դիրքերի թուլացմամբ։ Միևնույն ժամանակ, մենք տեսնում ենք Արևմուտք-Ռուսաստան մրցակցություն՝ մեր տարածաշրջանի համար։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արա Պողոսյանն՝ անդրադառնալով ՌԴ բարձրմակարդակով հակաեվրոպական հայտարարությունների ֆոնին, վաղը Փաշինյանի՝ Գերմանիա նախատեսվող այցի վերաբերյալ հարցին։

«Հետագա բոլոր գործընթացները միասին շաղկապված էին։ Մենք միաժամանակ տեսնում էինք և՛ Արևմուտքի ակտիվացումը՝ արցախյան խնդրի, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապված։ Զուգահեռաբար, ակտիվացում տեսնում էինք նաև Ռուսաստանի Դաշնության կողմից։ Ընդ որում, կողմերից յուրաքանչյուրը փորձում էր հատկապես հակառակ կոմից ազդակներ ստանալուն պես նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել։ Սա վկայում է այն մասին, որ Արևմուտք-Ռուսաստան մրցակցությունը գնալով ավելի է մեծանում տարածաշրջանում»։

Միաժամանակ, ըստ փորձագետի, Ռուսաստանը փորձ է անում փափուկ դիվանագիտությունից անցում կատարել կոշտ դիվանագիտության, ինչը կարող է հակադիր կարծիքներ ստեղծել հայ հանրության շրջանում։

«Այս անցումը զուգորդվում է ռուսական պետական բարձրագույն պաշտոնյաների, ինչպիսին էր Պետդումայի նախագահը, ով իր պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ կարող են կորցնել իրենց անկախությունը՝ վստահաբար, նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությանը»,- ասաց նա։

Արա Պողոսյանի գնահատմամբ, այդ դիմակայությունը շարունակվելու է, քանի որ Ռուսաստանի այս հայտարարությունների ֆոնին Արևմուտքը ևս, այսպես ասած, քնած չէ։ «Այս դեպքում Արևմուտքը փորձում է ամեն կերպ ձեռքը պահել տարածաշրջանի զարկերակին։ Փորձելու են ՌԴ-ից մեկ քայլ առաջ անել։ Այս իմաստով բավականին օպերատիվ է Արևմուտքի աշխատանքը՝ մասնավորապես, դիտորդական առաքելության մասով։ Նախկինում մենք հիշում ենք, որ բավականին բյուրոկրատական քաշքշուկների կարող էին հանդիպել, մինչև որևէ որոշում կայացնելը։ Սակայն, ԵՄ-ն բավականին օպերատիվ կերպով կայացրեց որոշում՝ մինչև փետրվարի 20-ը Հայաստանում տեղակայելու դիտորդական առաքելություն։ Դա, ըստ էության, կարող ենք համարել նաև, որ աննախադեպ էր։ Դա զուգորդվեց նաև տարբեր կենտրոններից ու կետերից եկող տեղեկատվական հոսքերով, որ միևնույն ժամանակ Հայաստան են ժամանելու նաև ֆրանսիական ժանդարմները և խոսակցություն կա, որ Գերմանիան պատրաստ է ոստիկանական որոշակի ուժեր ուղարկել»,- ասաց նա։

Այս ամենն, ըստ փորձագետի, խոսում է տարածաշրջանից ՌԴ-ի դուրսմղման գոծում Արևմուտքի վճռականության մասին։ «Կարծում եմ, որ սա նաև բավականին լավ հասկանում են Ռուսաստանում և դրա հետ է կապված ռուսական տարբեր պաշտոնյաների, իմ խորին համոզմամբ, ոչ շրջահայաց հայտարարությունները։ Այդ հայտարարություններն իրականում ո՛չ թե սաստելու են ՀՀ-ին, այլ բնականորեն առաջ են բերելու հասարակության, առանց այն էլ հակառուսական տրամադրություններ։ Հանրությունն այսպիսով Ռուսաստանին կարող է դիտարկել որպես հակառակորդ, ոմանք էլ՝ որպես թշնամի։ Սա էլ իր հերթին, կարող է ավելի նպաստել Արևմուտքի ամրապնդմանը՝ ՀՀ-ում»,- ասաց նա։

Քաղաքագետը վստահություն հայտնեց, որ Փաշինյանն ու Ալիևը Գերմանիայում կհանդիպեն։ Ըստ նրա, այլ հարց է, թե այդ հանդիպումն ինչ ձևաչափով կկայանա։ «Հաշվի առնելով, որ վերջին շրջանում շատ են խոսում խաղաղության հնարավոր պայմանագրի մասին։ ՀՀ կառավարությունը հայտարարեց, որ ստացել է առաջարկներ։ Այսօր էլ վարչապետը կառավարության նիստի ընթացքում հայտարարեց, որ հայկական կողմն իր առաջարկներն է ուղարկել Ադրբեջան։ Կարծում եմ, որ ամբողջ խոսակցությունը լինելու է սրա վերաբերյալ, և որոշակի հումանիտար խնդիրների քննարկում՝ Արցախի հետ կապված։

Բնականաբար, Արևմուտքը փորձելու է անել ամեն ինչ, որպեսզի ցանկացած որոշում կայացվի իր հարթակում։ Որովհետև, այս պարագայում, Արևմուտքն ինքն է դառնալու այդ որոշումների, համաձայնությունների կամ պայմանագրերի երաշխավորը, ինչը նշանակում է, որ Արևմուտքի ազդեցությունը տարածաշրջանում մեծանալու է, բնականաբար, ռուսական ազդեցության նվազման հաշվին»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը համոզված է, որ ռուսական կողմը փորձելու է խոչընդոտել դրան, բայց, ըստ նրա, թե որքանով դա կրականացնի՝ ժամանակը ցույց կտա՝ հաշվի առնելով, որ հանդիպումներ նախատեսված են նաև ռուսական կողմի, այսպես կոչված, հարթակում։

Այդուհանդերձ, հետաքրքրվում ենք, թե որքան հավանական է, որ Արևմուտքի ակտիվացման ֆոնին ռուսական կողմը փորձի հանդես գալ որևէ դրական առաջարկով։ «Դա լավագույն լուծումը կլիներ։ Այդպիսի փորձ եղավ, երբ ՌԴ նախագահը Պրահայի հանդիպումից հետո հայտարարեց, որ ռուսական առաջարկը շատ ավելի լավն է։ Եթե Պրահայի պայմանավորվածություններով Արցախը մնալու էր որպես Ադրբեջանի սուվերենության ներքո տարածք, ապա ռուսական կողմի առաջարկությունը վերաբերում էր նրան, որ Արցախի հարցի լուծումը մնալու էր անորոշ ապագայի։ Սա, բնականաբար, մեզ համար գայթակղիչ էր, և ստեղծված իրավիճակում մեզ համար լավագույն լուծումներից մեկը կլիներ։

Հիմա էլ տրամաբանական է, որ ռուսական կողմի միակ և խելամիտ պահվածքը կամ քաղաքական խոսույթը հենց այդպիսին պետք է լիներ՝ ավելի գրավիչ առաջարկ անելով փորձել շահագրգռել ո՛չ միայն իշխանություններին, այլև հասարակության մեջ տրամադրություններ փոխել, միևնույն ժամանակ, ձեռք բերել համախոհներ հայկական ընդդիմության մեջ։ Ագրեսիվ պահվածքը, բնականաբար, հակառակ էֆեկտ կարող է ունենալ ու ազդել Ռուսաստանի դուրսմղմանը տարածաշրջանից»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

13:21 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին
21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
12:45 Փաշինյանը ստախոս է․ դանիական հեղինակավոր պարբերականը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
13:46 Յոլյան կենտրոնում բոլորը վախեցած են, նախարարությունը սարսափ է տարածել
14:26 Հերթը Հայաստանի տարածքում գործող հանքավայրերինն է․ ադրբեջանական մամուլը գործի է անցել
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում
21:48 Թե ինչպես Իսահակյանը կերակրեց ցրտին ու անձևին իրեն հսկող ՊԱԿ աշխատակցին