«Հումանիտար օգնություն տրամադրելը մարդասիրական հարց է։ Մարդասիրական օգնություն տրամադրելու քաղաքական հարցեր չեն լուծում»։
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը։
«Թուրքիային Հայաստանի կողմից տրված օգնությունը, չեմ կարծում, թե որևէ բան կարող է փոխել երկու երկրների հետագա քաղաքական հարաբերություններում։ Իսկ հարցին, թե ճիշտ է արել թե սխալ՝ կարծում եմ, որ որևէ հանցագործություն չկա այն բանում, որ փրկարար ջոկատ ես ուղարկում փլատակներից երեխա կամ արհավիրքից տուժողի դուրս բերելու համար։ Դա, ըստ երևույթին, օգնություն է ոչ թե Թուրքիային կամ թուրքական պետական կառույցին, այլ տվյալ երեխային կամ մարդուն ես օգնում։ Սա ասում եմ, որովհետև ընդդիմությունը վայնասուն էր բարձրացրել, թե չպետք է օգնեինք։ Այդ դեպքում ամբողջ աշխարհը մեզ էր դատապարտելու։ Իսկ թուրքերն օգտագործելու էին այդ փաստն ու հայտարարեին, թե մենք օգնություն ենք խնդրել, իսկ Հայաստանը մերժել է մեզ»,- ասաց նա։
Փորձագետի խոսքով՝ Թուրքիային հումանիտար օգնություն տրամադրելով՝ Հայաստանը որևէ բան չի կորցնում։
«Մենք ընդամենը մեր անկեղծ աջակցությունն ենք ցուցաբերում։ Իսկ Թուրքիան պարզապես անկեղծ չէ այն առումով, որ երբ Փաշինյանն ու Էրդողանը հանդիպեցին, Թուրքիայի ղեավարն անընդհատ հայտարարում էր, թե իրենք անկեղծորեն շահագրգռված է նպաստելու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը և այլն։ Ասես անկեղծության վիրուսով վարակված լիներ»,- ասաց նա։
Ըստ թուրքագետի՝ եթե Թուրքիան իսկապես ցանկանում է նպաստել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, ապա պետք է դադարի Հայաստանին հորդորել Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» ստորագրելու և Հայաստանի ինքնիշխան տարածքում 5 կմ միջանցքի գաղափարից։
«Միջազգային պրակտիկայում այդպիսի խայտառակություն չկա։ Ինչի՞ համար․ ընդամենը Հայաստանի առջև սահման բացելու։ Այդ սահմանն իրենք են փակել 1993 թվականին։ Մենք էլ փոխադարձաբար կարող էինք փակել, բայց չենք փակել։ Հիմա ինչպես փակել են, այնպես էլ թող բացեն։ Դա, առաջին հերթին, Թուրքիային է պետք՝ այն առումով, որ Նախիջևանից Զանգեզուրով ցամաքային ուղիղ կապ է հաստատելու Ադրբեջանի հետ, որպեսզի Ադրբեջանում ամրապնդի դիրքերը, հնարավորության դեպքում Ադրբեջանից ներթափանցի Միջին Ասիա, եթե ոչ, ապա գոնե Հարավային Կովկասը վերցնի իր ազդեցության տակ։ Մե՞նք ինչ պետք է անենք։ Մեր առևտրականներն էլ, Վրաստանը շրջանցելով, կգնան այնտեղի անորակ ապրանքները կբերեն ու մեզ կծախեն»,- ասաց նա։
Անդրադառնալով հարցին, թե որքանով էր տեղին Արցախյան ճգնաժամի պայմաններում ՀՀ արտգործնախարարի կողմից Թուրքիա կատարվող այցը՝ թուրքագետն այս համատեքստում դիտարկեց նաև Հունաստանի արտգործնախարարի այցի փաստը։
«Հունաստանի արտգործնախարարն էլ էր գնացել, այլ արտգործնախարարներ էլ էին գնացել։ Երկիրն աղետալի վիճակում է, ու դրան մեծ նշանակություն տալ պետք չէ։ Այս այցով կարելի է պարզապես թուրքերի տրամադրությունները շոշափել»։
Նկատեցինք, որ թուրքական տրամադրություններն ակնհայտորեն երևում են անգամ լրատվամիջոցներում արված հրապարակումներից։ Օրինակ, թե ինչպես էին հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատար մեքենան լուսանկարել թուրքերի հիշատակը հավերացնող հուշահամալիրի ֆոնին և այլն։
«Դա խոսում է այն մասին, որ գորշ գալն իր մորթին չի փոխում։ Եթե այս շոկն անցկացնեն, կարծում եմ, որ ամեն բան կվերադառնա ելման կետ։ Թուրքիան իր որդեգրած հակահայ քաղաքականությունը կշարունակի։ Կշարունակի պնդել, որ մենք այդ պայմանագիրն ստորագրենք Ադրբեջանի հետ, ու «Զանգեզուրի միջանցք»-ը տրամադրենք։ Մեր երկրի ինքնիշխան տարածքը։ Դա անընդունելի է։ Ինչ-որ սահման բացելու համար միջանցք չեն տրամադրում, այն էլ 5 կմ լայնությամբ։ Դիվանագիտական հարաբերությունները հաստատում են, փոխադարձաբար դեսպանատներով փոանակվում են, սահմաններն էլ ինքնըստինքյան բացվում են։ Թուրքական գնացքն էլ կանցնի մեր սահմանով, բայց մեր մաքսատնից անցնելու պայմանով։ Որովհետև այդ միջանցքը տրամադրելուց հայտնի չէ, թե դա ովքեր են վերահսկելու։ Օրինակ՝ Իդլիբում Պուտինը սիրիացիների պարտադրեց, որ միջանցք բացեն Մ4 մայրուղու վրա՝ էլի 5 կմ-անոց։ Հյուսիսային հատվածու Թուրքերն են պարեկություն անում, հարավայինում՝ ռուս զինվորականները։ Իսկ Սիրիայի կառավարութան զորքերն այնտեղ մոտ էլ չեն գնում։ Դեռևս 2019-իննախագահ Բաշար Ասադի զորքերն ընդհուպ մոտեցել էին Իդլիբին, մտնելու էին քաղաքն ահաբեկիչներից ազատելու։ Պուտինն Էրդողանի հետ համաձայնագիրն ստորագրեց, որ Սիրիայի կենտրոնական կառավարական զորքերը հանկարծ չմտնեն Իդլիբ։ Հետագայում էի նրանց մուտքի հավանականությունը բացառելու համար էլ մի 5 կմ լայնությամբ միջանցք հորինեց։ Այսինքն, Պուտինը ոչ միայն մեր կամ Ուկրաինայի հանդեպ է չարագործ, այլև Սիրիայի հանդեպ»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Թուրքիայում սպասվող առաջիկա ընտրություններին, թուրքագետն ասաց․ «Թուրքիայում սպասվում են ընտրություններ։ Ընդդիմադիր դաշինքը հրապարակել է ապագա ծրագրերի հիմնական դրույթները։ Այնտեղ ասվում է Ադրբեջանի ու Հայաստանի մասին։ 9-րդ գլուխն է։ Ադրբեջանի մասին 3-4 տող էր, Հայաստանի մասին՝ 2 տող։ Այնտեղ ուշադրություն գրավեց հետևյալ նախադասությունը, որ եթե մենք իշխանության գանք կշարունակենք զարգացնել եղբայրական Ադրբեջանի հետ փոխհարաբերությունները, սակայն, փոխվստահության հենքի վրա։ Այս դեպքում կարելի է եզրակացնել, որ ոչ թե Իլհամ- Ալիև, այլ միջպետական կառույցների հարաբերություններում այդ փոխվստահությունը չկա։ Հայաստանի համար էլ ասել էին, թե պետք է զարգացնեն ներմալացման գործընթացը։ Մի տեղում էլ ընդգծվել էր, որ բոոր հարևանների նկատմամբ պետք է գործի իրավահավասարության սկզբունքը։ Այդուհանդերձ, չեմ կարծում, թե հետագայում էլ շատ բան փոխվի»,- ասաց նա։
Թուրքագետի գնահատմամբ՝ առաջիկա ընտրություններում Էրդողանի չընտրվեու հավանականությունը մեծ էր անգամ երկրաշարժից առաջ։
«Երկրաշարժն, այնուամենայնիվ, նրա վարկանիշն ավելի իջեցրեց։ Իսկ ընդդիմության ընտրվեու դեպքում պետք է շարունակի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, իսկ այդ դեպքում որքան այդ կառույցներին անդամացի այնքան կհեռանա ագրեսիվության դիրքերից»,-ասաց նա։
Ըստ մեր զրուցակցի՝ որոշ լրատվամիջոցներ ու ժխտողականների առաջնորդ Փերինչեքը հայտարարում էին, որ հայ- թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունն է։ «Պուտինից որևէ հայանպաստ քայլ ակնկալելնիրատեսական չէ, առնվազն տխմարություն կլինի։ Չեմ կարծում թե անասնական բնազդով այդ վիժվածքը կամ Բայդենի տիպիկ արտահայտությամբ «մսագործ մարդասպանը» Հայաստանի օգտին որևէ քայլ կկատարի»,- ասաց նա։
Փորձագետը համոզմունք է հայտնում, որ որևէ խնդիր լուծելու համար Հայաստանը պետք է ձերբազատվի Ռուսաստանի «բարեհաճ» վերաբերմունքից։