Երևան +10°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:38 15-02-2023

Թատրոն է, այն էլ՝ էժան. ԲՀԿ ավագանու անդամն անդրադառնում է Խաժակյանի ֆեյսբուքյան գրառմանը

«Երեկվա ավագանու նիստին գործընկերս՝ Քրիստինա Վարդանյանը, հարց բարձրացրեց կանաչապատման համայնքային կազմակերպության վերաբերյալ, թե իրեն պատշաճ կերպով չեն պատասխանել 2020, 2021 և 2022 թթ. թվային տվյալների վերաբերյալ: Որպեսզի հեռու չգնանք և ի վերջո հանրությանն էլ կարողանանք ներկայացնել 2020-2021թթ. ժամանակահատվածի կանաչապատման հիմնարկի գործունեության տվյալները, առաջարկում եմ 2020-2021 թթ. նույն կազմակերպության զարգացման գծով փոխտնօրեն պաշտոնավարած Քրիստինա Վարդանյանին տրամադրել այդ տարեթվերի հարցվող տվյալները, քանզի դրանք կա՛մ չեն կազմվել իրենց կողմից, կա՛մ չեն տրամադրվել քաղաքապետարանի համապատասխան վարչությանը։ Ավագանու մեր գործընկեր տիկին Վարդանյանը իսկապես կարևոր հարցում է իրականացրել, բայց բանն այն է, որ այդ հարցի հասցեատերը հենց ինքն է։ Ըստ այդմ, տիկին Վարդանյան, խնդրում եմ Ձեզ տրամադրել կամ մատնանշել, թե որտե՞ղ են 2020-2021թթ. ժամանակահատվածի հիմնարկի գործունեության այդ տվյալները, եթե իհարկե այդպիսիք առկա են»,-իր ֆեյսբուքյան էջում գրել էր Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը։

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանն Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով երեկվա նիստին, ասաց, որ քաղաքապետից խնդրել է հաշվետվություն՝ ՀՈԱԿ-ի ՝ 2020-2022 թվականների աշխատանքների արդյունքի մասին, որի արդյունքում պարզել են, որ ունեն հաշվետվություն ներկայացնելու նաև բնապահպանության վարչությանը։

«Ինձ դա պետք է գիտական աշխատանքների համար, իսկ քաղաքացիները, իմանալով որ այդ ոլորտում եմ, բազմաթիվ հարցեր են տալիս, և ինձ պետք է պաշտոնական փաստաթղթեր, դրանով է պայմանավորված նամակը, որով ուզում էի իմանալ, թե ինչ է արել ՀՈԱԿ-ը՝ 2022 թվականին, մենք այդ թվականի վերաբերյալ չունենք որևէ ինֆորմացիա։ Ես սպասեցի ամիս ու կես՝ և ոչ մի պատասխան էլ չստացա, պարոն Խաժակյանն էլ գրում է, որ կա աշխատանքնային քննարկում։ Մեկ ու կես ամսում կարող էին կա՛մ կապ հաստատել, կա՛մ զանգ տալ, կա՛մ կազմակերպել քննարկում, սակայն ոչ մի բան չեղավ, ու ես ստացա այն պատասխանը, որի մասին էլ նիստի ընթացքում խոսեցի։ Ես գրել էի տասնչորս հարցից բաղկացած գրություն, թե որքան ծառ է տնկվել, քանի թուփ է տնկվել»։

Վարդանյանի խոսքով՝ եթե ինքը լիներ ԱՄՆ-ում ու ոչ մի հարցադրում չլիներ, ոչ մեկին չէր հետաքրքրելու, թե ինչ է եղել. «Եթե դուք կարդաք իր գրառումը, նախ արդեն գտել են կազմակերպությունը, որը հինգ էջի վրա գրված միայն մեկ տարվա հաշվետվությունն է, այսինքն՝ մարդիկ հինգ էջ կարդում են, թե ես ինչ եմ արել հինգ տարիների ընթացում Երևանի համար։ Այն, ինչի մասին ինքը խոսում է, կպչողականության մասին է, որի վերաբերյալ Ավինյանի հետ քննարկում ունեցել եմ։ Կազմակերպությում կա կառուցվածքային այսպիսի մի բան, որ այն ունի գլխավոր դենդրոլոգ, որին ենթարկվում են վարչական շրջանների դենդրոլոգները, ըստ այդմ, նրան էլ տալիս են հաշվետվություն իրենց մոտ կպչողականության վերաբերյալ, Գլխավոր դենդրոլոգն էլ, ենթարկվում է, կազմակերպության տնօրենին։ Այսինքն, անկախ ինձանից, ինքն ունի իր կուրատորը, որը տնօրենն է ու աշխատում է կազմակերպությունում։ Այսինքն՝ հաշվետվությունը որն այդ անձը հավաքել է` 20, 21, 22 թվականներին՝ այդ մարդու մոտ պետք է լինի, ես գրել եմ ինձ հասանելիք հաշվետվությունը, որն ուրիշ նամակագրության մեջ է, ու իրականում շատ վատ է, որ իրենք իրենց սեփական կազմակերպության մեջ չեն գտնում»։

Անդրադառնալով Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան գրառմանը՝ ասաց. «Գրառման վերաբերյալ էլ կարող եմ ասել, որ մենք բազմաթիվ անգամներ հանդիպել ենք որպես կոլեգաներ, ու ինձ թվում է՝ նա, որպես տղամարդ... մի խոսքով՝ ես այդպես կանեի համենայն դեպս, ես նման բան չէի անի։ Իր գործն է, ամեն մարդ ինչ անում է, ինքն է պատասխանատուն, նա կարող էր զանգ տալ, ընդ որում՝ երեկ, որովհետև երեկ է եղել հրապարակումը, ինքը սպասել է մի ամբողջ օր, որ քննարկումն ավարտվի ու նոր որոշել է, որ պետք է արձագանքի։ Էս ի՞նչ թատրոն է, այն էլ՝ էժան թատրոն։ Ամեն ինչ թողել եմ, ես այդ կազմակերպության հիմնադիրն եմ, ամբողջ հաշվետվության ձևերը ես եմ արել, ու հիմա դուք ինձ ինչո՞ւմ եք մեղադրում, որ մեկ տարի է՝ չեմ աշխատում, գուցե 2022 թվականի համար ոչ մի բան չեք կարողանում ցույց տալ։ Նախ՝ ես չեմ ուզել հաշվետվություն, այլ՝ ուրիշ ավագանի, իսկ ավագանուն ենթակա է ցանկացած կազմակերպություն, և ցանկացած հաշվետվություն կարող ենք ուզել, և դա հարց չպետք է առաջացնի, քանի որ դա մեր գործառույթն է, իսկ սա թե ինչի մասին է, ես չգիտեմ։ Համենայն դեպս, ես իմ աշխատանքը կատարել եմ, ու թե ինչ օգուտ եմ տվել, օգուտ է նաև Երևանին»։