Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը օգնում է լսողության խանգարում ունեցող երեխաների սոցիալականացմանը
copy image url

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը օգնում է լսողության խանգարում ունեցող երեխաների սոցիալականացմանը

Ներքին 2 տարի առաջ - 11:25 11-02-2023
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և լսողական խնդիրներ ունեցող երեխաների մայրերի «Հավատ» ՀԿ-ն համատեղում են հասարակական արժեքներ ստեղծելու առաքելությանն ուղղված իրենց ջանքերը: Կողմերի միջև կնքվել է համագործակցության հուշագիր։ Վերջիններս համատեղ ուժերով կաշխատեն՝ նպաստելու լսողության խանգարում ունեցող երեխաների սոցիալականացմանը, հասարակական կյանքի բոլոր ոլորտներում լսողության հաշմանդամություն ունեցող երիտասարդների լիակատար և արդյունավետ ներառմանը։

Համագործակցությունն ուղղված կլինի երեխաների համար լսողական սարքերի ձեռքբերման կամ բուժման նպատակով իրականացվող նախագծերին` երեխաներին պարգևելու գեղեցիկը ընկալելու, գնահատելու կարևորագույն զգացողությունը՝ լսողությունը։ Համատեղ իրականացվելիք ծրագրերը միտված կլինեն նաև լսողական խնդիրներ ունեցող երեխաներին և երիտասարդներին դասական երաժշտությանը հաղորդակից դարձնելուն:

Հուշագրի ստորագրման արարողության առթիվ հրավիրված միջոցառմանը ներկա էին նաև լսողական խնդիրներ ունեցող երեխաներ, որոնք հանդես եկան իրենց կատարումներով՝ ներկայացնելով երաժշտական, ասմունքի ու պարի փոքրիկ համարներ։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ լսողական դժվարություններ ունեցող երեխաների խնդիրները նաև նվագախմբի խնդիրներն են։

«Մեր բոլորի ցանկությունն է ունենալ ավելի լավ հասարակություն, առողջ հաղորդակցություն, և այս համատեքստում անհրաժեշտ է, որպեսզի այստեղ նստած երեխաները տարիներ անց լինեն մեր ունկնդիրների թվում ու կարողանան հետևել թե՜ նվագախմբին, թե՜ երաժշտությանն ընդհանրապես»,- ասաց մաեստրո Սմբատյանը։

«Հավատ» ՀԿ-ի ներկայացուցիչ Կարինե Հարությունյանը նկատեց.

«Երաժիշտներն իրենց լսողության շնորհիվ Հայաստանը ներկայացնում են աշխարհին: Մեր երեխաներն աշխարհ մտնելու կարիք ունեն, բայց չունեն այն լսողությունը, որ մենք՝ որպես ծնողներ, կցանկանայինք։ Գուցե այսօր այստեղ ներկա երեխաները երաժիշտներ չդառնան, բայց որ նրանք պիտանի մարդիկ են դառնում, մենք համոզվել ենք, և հույս ունենք, որ Սիմֆոնիկի հետ մեր բարեկամությունը միայն ու միայն նպաստելու է դրան»։

Վատ լսող երեխաների ծնողների «Հավատ» ՀԿ-ն գործում է 1996 թվականից՝ «Արաբկիր» բժշկական համալիրի հանրապետական սուրդոկենտրոնին կից, որտեղ հաշվառված են Հայաստանում բնակվող և լսողության խնդիր ունեցող 0-18 տարեկան 1000-ից ավելի երախաներ և դեռահասներ:

«Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը նշեց, որ մեր բոլորի նպատակն է, որպեսզի երեխաները լինեն անկաշկանդ և առավելագույնս ներառվեն հասարակություն, և ստորագրված հուշագիրն ուղղված է այդ նպատակին։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտներն իրենց հերթին գեղեցիկ կատարումներ պարգևեցին երեխաներին, ինչպես նաև նվերներ, այդ թվում՝ Դեն Բրաունի «Վայրի սիմֆոնիա» նկարազարդ գիրքը։

Ամենից շատ դիտված

14:25 Քասախ գետում խեղդված փոքրիկն արցախցի 4-ամյա Նոյն է
17:35 Քասախ գետում խեղդված արցախցի փոքրիկը տան միակ երեխան էր. մանրամասներ՝ ողբերգական դեպքից    
21:39 Բժիշկներն ասել էին՝ մեռնելու վրա է, ես 3 ժամում խելքի բերեցի. տիկին Շուշանիկը հրաշքներ է գործում
17:05 Ես այս կյանքը քեզ կտամ. սկանդալային գրառումից հետո Անդրեի նախկին կինը լուսանկար է հրապարակել
22:15 “Какой стоп?”. Շարմազանովը ադրբեջանցիներին թույլ չի տվել իրեն ընդհատել՝ խոսելով Արցախի մասին
17:45 Այրումի բնակիչները վախով ու հերթապահելով են լուսացնում գիշերները. Դեբեդը կրկին վարարել է
15:15 Ռոզա Դավթյանի հարսանիքի հայտնի հյուրերը
16:10 Ադամանդներ, ոսկի և շռայլություն. ինչպես է Սամվել Կարապետյանի դուստրը Դուբայում նշել իր 35-ամյակը
18:27 ԿԳՄՍՆ-ի նոր նախագիծն անարդար է. չի կարելի դպրոցների միջև տարբերություն դնել
12:49 Գոնկա՞, թե՞ շաշկի․ նախարարին սպասարկող մեքենաներն առանց նախարարի գիշերն ի՞նչ էին անում փողոցներում