Ձեռքերը ոլորել են, շրջափակել և ձեռքերով ու ոտքերով հարվածել են փաստաբաններին․ մանրամասներ դեպքից

Ներքին Խոսք Տեսանյութ 2 տարի առաջ - 13:23 10-02-2023
Փաստաբաններին ոստիկանության Էրեբունու բաժնում ծեծի ենթարկելու միջադեպի շարժառիթը փաստաբանների մասնագիտական գործունեությունն է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց տուժած երկու փաստաբաններ Մարզպետ Ավագյանի և Էմանուել Անանյանի շահերը ներկայացնող Հրանտ Անանյանը:

«Սա ոչ թե մասնավոր դեպք է, այլ փաստաբանական ինստիտուտի դեմ քայլ է, որովհետև մարդկանց ծեծի են ենթարկել մասնագիտական պարտականությունները կատարելու կապակցությամբ: Որևէ ձևով ծանոթ չեն եղել նախկինում, առնչություն չեն ունեցել»,- ասաց նա, ապա ներկայացրեց դեպքի մանրամասները:

«Առերես հարցաքննության ընթացքում, որին մասնակցել են փաստաբաններ Մարզպետ Ավագյանն ու Էմանուել Անանյանը, անչափահաս վկան իր օրինական ներկայացուցչի և հոգեբանի մասնակցությամբ ցուցմունքներ է տվել իր հետ առերեսվող ոստիկանության Էրեբունու բաժնի օպերլիազորի հետ այն մասին, թե ինչպես են իրենց նախորդ օրը, ուսանողներին բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկել Էրեբունու բաժին և ինչպես են բաժնում խոշտանգել իրենց: Այդ թվում գլուխը ինչ-որ շորով ծածկել են, մի քանի հոգով ծեծի ենթարկել, գետնին պառկացրել, ոտքերը դրել իրենց վրա:

Այդ ցուցմունքի ժամանակ առերեսվող օպեր լիազորի մոտ, ըստ էության, լարվածություն է կուտակվել: Լարվածությունը հասել է գագաթնակետին, երբ անչափահաս ձերբակալվածի պաշտպանները հարցեր են ուղղել օպեր լիազորին դեպքի հանգամանքների ամբողջական բացահայտմանն ուղղված, ըստ էության, նաև օպեր լիազորին մերկացնելուն ուղղված: Այդ բոլոր հարցերը արձանագրվել են քննչական գործողության արձանագրության մեջ, դրանք ամբողջովին կոկիկ են ու կոռեկտ:

Սակայն առերեսվող օպեր լիազորը էլ ավելի է տաքացել, լարվել: Քննչական գործողության ժամանակ դռան մուտքի մոտ հավաքված են եղել շուրջ 10 հոգի օպեր լիազորներ, որոնք այդտեղ չպետք է լինեին:

Ըստ էության, փաստաբաններին վիրավորելը, նրանց նկատմամբ անհարգալից արտահայտություններ անելը, անունը մերթ ընդ մերթ անվանարկելը, այնուհետև մինչև տվյալ քննչական գործողության արձանագրությունը ստորագրելը, օպեր լիազորը նաև դուրս է եկել սենյակից և միջանցքից կրկին սկսել է տարբեր բնույթի վիրավորական, պատիվն ու արժանապատվությունը կսկածի տակ դնող արտահայտություններ անել Մարզպետ Ավագյանի հասցեին:

Վերջինս պարզաբանում է պահանջել և ասել՝ իրար չենք ճանաչում, մասնագիտական բերումով եմ այստեղ, ինչն է խնդիրը: Այդ հարցադրումներին հետևում է ագրեսիվ պատասխաններն ու հարձակումը Մարզպետ Ավագյանի վրա:

Էմանուել Անանյանը, որ մի քանի վայրկյան անց է դուրս եկել միջանցք, երբ արդեն Մարզպետ Ավագյանին շրջափակել և ձեռքերով ու ոտքերով հարվածել են, հորդորել է հանգստանալ բոլորին, ոլորել են ձեռքերն ու հարվածներ են հասցրել: Երբ ձեռքերը ոլորված վիճակում է եղել, հատկապես առերեսմանը մասնակցած օպեր լիազորը, ինչպես նաև ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական օպեր գծով տեղակալը նույնպես հայհոյել են Էմանուել Անանյանին, իսկ առերեսվողը ձեռքով հարվածել է Անանյանի գլխին: Սա տևական ժամանակ շարունակվել է եւ դադարել է բացառապես ՔԿ քննիչների միջամտության արդյունքում»,- պատմեց փաստաբանը:

Նրա խոսքով, հետագայում գնացել են, փորձել են արդարանալ, իբր Մարզպետ Ավագյանն է իրեն բացասական վարքագիծ դրսևորել. «Նույն ոճի մեջ են փորձել ներկայացնել, ինչ ոճի մեջ անչափահասներին էին բերման ենթարկել ոստիկանների նկատմամբ բռնության գործադրելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով։ Այսինքն՝ սցենարը նույնն է»,- ասաց փաստաբան Հրանտ Անանյանը։

Նա հայտնեց, որ փաստաբանները շարունակելու են անչափահաս ձերբակավածների շահերի պաշտպանությունը։

Հիշեցնենք, որ Էրեբունիի բաժնում ոստիկանները ծեծի են ենթարկել երկու փաստաբանի։

Մանրամասները՝ տեսանյութում։