copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 23:09 09-02-2023

Սպասում եմ արքայական խոսքին, որ հանգիստ մեռնեմ...

1837 թվականի փետրվարի 10-ին մահացավ ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինը։

Մահից երկու օր առաջ` փետրվարի 8-ին, Սանկտ Պետերբուրգի ծայրամասում ժամը 17:30-18:30-ի միջակայքում Պուշկինի և Ժորժ դե Հեկկերնի (Դանտես) միջև մենամարտ է կայացել, որի ընթացքում Դանտեսը ատրճանակից մահացու վիրավորել է Պուշկինին։



Դանտեսի հետ բախումը քսանմեկերորդ մենամարտն էր բանաստեղծի կյանքում։ Դրանցից տասնհինգի նախաձեռնողնը հենց ինքը` Պուշկինն է եղել։

Բանաստեղծին իր վերջին մենամարտի վայրից տուն բերեցին ժամը 18:30-ին։ Ծառաները փոխեցին Պուշկինի հագուստները ու նրան պառկեցրեցին բազմոցին։ Կինը` Նատալյա Գոնչարովան տեսնելով այս ամենը` աղեկտուր լաց էր լինում, լացը երբեմն վերածվում էր հիստերիայի։



Պուշկինի մահացու վիրավորված լինելու մասին լուրը արագ տարածվեց ողջ Պետերբուրգում։

Բանաստեղծի կյանքի համար պայքարում էին մեկ տասնյակից ավելի բժիշկներ։ Նրանց եզրակացությունը մխիթարական չէր. փամփուշտը մասնատելով հյուսվածքները՝ խրվել ու խորը մնացել է որովայնում։ Հաջորդող փետրվարի 8-ի լույս 9-ի գիշերը Պուշկինը սարսափելի ու տանջալից նոպաներ ունեցավ, նա ծանր հառաչում էր։ Բժիշկները ցավը մեղմացնում էին միայն սառույցով։ Հունվարի 9-ի ժամը 2:00-ին բանաստեղծը ծառաներից մեկի միջոցով Դանտեսին գրություն է ուղարկել հետևյալ բովանդակությամբ. «Ես Ձեզ ներում եմ։ Իմ ազդրն է կոտրված։ Փոխանցեք Եկատերինային, որ նա նույնպես ներում է ստացել»։



«Վերքը մահացու է». սա էր բժիշկ Վասիլի Շոլցի վերջնական եզրակացությունը։ Պալատական բժիշկ Արենդտը մեկնում է Ձմեռային պալատ՝ կատարվածի մասին զեկուցելու Նիկոլայ I-ին։ Կայսրին լուրը ցնցում է։

Բժիշկների ջանքերն ապարդյուն են անցնում։ Պուշկինը մահանում է մենամարտից երկու օր անց` 1837 թվականի փետրվարի 10-ի ուրբաթ օրը, ժամը 2:45-ին։ Նրա մահվան պահին կանգնեցվում է տան ժամացույցը, որը պահվում է մինչ օրս՝ դառնալով բանաստեղծի թանգարանի ցուցանմուշներից մեկը։



Մահվան օրը հանվում է բանաստեղծի գիպսե մահադիմակը։ Այս աշխատանքն իրանացնում է քանդակագործ Ս. Գալբերգը։ Մահադիմակի հիման վրա է հետագայում ստեղծում բանաստեղծի կիսանդրին։

Պուշկինի մահվան օրը Ռուսաստանի մայրաքաղաքում ամեն տեսակ շարժում կանգ է առել։ Հրաժեշտի արարողությանը ներկա է եղել մոտ 50.000 մարդ։



Ամուսնու մահվան մասին Նատալյա Պուշկինայի անունից ուղարկված հաղորդագրության մեջ գրված է եղել՝ «հոգեհանգիստը տեղի կունենա Իսահակի տաճարում՝ Ծովակալության եկեղեցուն կից, փետրվարի մեկին (13-ին), ժամը 11–ին»։ Բանաստեղծին վերջին հրաժեշտը տվողների մեծ բազմության հնարավոր հուզումներից խուսափելու համար, սակայն, Նիկոլայ I-ի հրամանով արարողությունը տեղափոխել են պալատական համարվող, նաև համեմատաբար ավելի փոքր եկեղեցի, որտեղ կարողացել են ներկա լինել միայն Պուշկինի մտերիմ ընկերները և օտարերկրյա առաքելությունների անդամներ՝ մեծ թվով ժանդարմների հսկողության ներքո։ Հոգեհանգստի պատարագից հետո դագաղը տեղափոխվել է եկեղեցու նկուղ։



Բանաստեղծի կենդանության օրոք արտահայտած ցանկության համաձայն` նրան թաղել են Պսկովի նահանգի Սվյատոգորսկի վանքում, որտեղ նրա նախնիների գերեզմաններն են։ Գրող Կ.Պաուստովսկին հետագայում գրել է. «Լավագույն տեղը երկրի վրա ես համարում եմ Պսկովի մարզի Սվյատոգորսկի վանքի պատի տակ գտնվող բլուրը, որտեղ թաղված է Պուշկինը։ Նման հեռավոր և մաքուր հեռուներ, որոնք բացվում են այս բլուրից, այլևս ոչ մի տեղ չկա Ռուսաստանում»։



Ի դեպ, մահից առաջ Պուշկինը, պալատական բժշկի` Ն. Արենդտի միջոցով կայսր Նիկոկայի I-ին փոխանցել էր իր խնդրանքը` ներում շնորհել մարտավկա Դանզասին։ Նա նաև ներողություն է խնդրել մենամարտի թագավորական արգելքը խախտելու համար՝ «... սպասում եմ արքայական խոսքին, որ հանգիստ մեռնեմ…»,- գրել էր բանաստեղծը։

Նիկոլայ I-ը պատասխանել է. «Եթե Աստված չկամենա, որ մենք միմյանց տեսնենք այս արևի տակ, ապա ուղարկում եմ ձեզ իմ ներումը և իմ վերջին խորհուրդը՝ մեռնել քրիստոնյա. կնոջ և երեխաների մասին մի մտահոգվեք, ես նրանց տիրություն կանեմ»։



Նիկոլայ I–ը կատարեց բանաստեղծին տված խոստումը։ Նա ներում շնորհեց ոչ միայն մահապատժի դատապարտված Դանզասին, այլ նաև` Դանտեսին։

Կայսրը նաև կարգադրեց. «Վճարել Պուշկինի պարտքերը։ Հոր պարտադրված գույքը ազատել պարտքից։ Այրուն՝ թոշակ և դուստրերին՝ ամուսնություն։ Որդիներին նշանակել պաժ և 1 500 ռուբլի՝ յուրաքանչյուրին ծառայության անցնելու նպատակով դաստիարակելու համար։ Ստեղծագործությունները հրատարակել գանձարանի հաշվին՝ ի նպաստ այրու և երեխաների։ Ինչպես նաև միանվագ վճարել 10 հազար ռուբլի»։

Դանտեսն ապրեց մինչև խոր ծերություն։ Նա մեկնեց Ֆրանսիա և հետագայում դարձավ Ֆրանսիայի Սենատի անդամ։ Տարիներ անց Դանտեսը խոստովանել է, որ եթե չլիներ մենամարտը, ինչի հետևանքով ստիպված էր լքել Ռուսաստանը, ապա նրա ճակատագիրն այնքան էլ հաջող չէր դասավորվի։ Ամենայն հավանականությամբ, նա ստիպված կլիներ իր թոշակի տարիքն ապրել Ռուսաստանի ծայրամասում՝ անապահով և առանց ընտանիքի։

Նաիրա Եղիազարյան

Ամենից շատ դիտված

15:45 Լարված իրավիճակ՝ Թալինի հիվանդանոցի ծննդատանը. 29-ամյա կինը, ով 3 երեխաների մայր է, մահացել է. shamshyan.com
11:37 Արթուր Չախոյանին ծեծել են, ապա բերման ենթարկել․ Մարինա Խաչատրյանը մանրամասներ է հայտնում
20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
17:16 Իրանի նախագահ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
12:06 Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ․ հայտարարություն
22:46 Ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան
19:40 Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները
20:02 Արծվաշենը պետք է վերադարձվի Արծվաշենում ծնված սերունդների կենդանության օրոք․ Կարեն Հեքիմյան