ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության գլխավոր փորձագետ Սերգեյ Նազարեթյանի
Oragir.News-ի հետ զրույցում՝ խոսելով այն մասին, թե որքանով են մեր բնակչությունը պատրաստ արտակարգ իրավիճակների, գիտե՞ն, թե ինչ պետք է անել երկրաշարժի ժամանակ, ասաց. «Մենք ունենք մշակված անհատական վարքականոններ անհատական ինչ պետք է անի մարդը երկրաշարժից առաջ պահին և հետո, կան նաև գրված դասագրքեր հայերեն սեյսմիկ պաշտպանության մասին։ Մենք նաև ունենք Սեյսմիկ ծառայությունում բաժին վարչություն, որոնք որ բնակչությանն ուսուցանում են վարքականոնները, դրանք բավականին հայտնի են»։
Նազարեթյանի խոսքով աշխատանքներ տարվում են նաև ՏԻՄ մարմինների հետ, որովհետև երկրաշարժից անմիջապես հետո ամենակարևոր օղակը, որ պիտի արագ արձագանքի ՏԻՄ-երն են և պետական կառավարման մարմինները։ «Մեր ժողովուրդը Սպիտակի երկրաշարժ տեսել է, հատկապես այդ գոտու բնակչությունը իրազեկված է, մեծերն իրենց աչքով են տեսել, հետո պատմել են փոքրերին պատրաստվածությունն ավելի բարձր է, քան թե երկրաշարժի աղետի գոտուց դուրս բնակչությանն է։
Մերոնք ուսուցանում են այդ վարքականոնները դպրոցներում մանկապարտեզներում և ՏԻՄ-երի հետ են աշխատում, բայց լավ կլիներ, որ այդ կանոնները մտնեին որևիցե դասագրքի մեջ, առանձին առարկա չենք ուզում, աշխարհագրության, ֆիզիկայի շրջանակներում ուսուցանվեր դա, ավելի արդյունավետ կլիներ»։
Նազարեթյանը նշեց, որ Հայաստանում շենքերի սեյսմակայունությունը տարբեր վայրերում տարբեր է. «Շենքերի սեյսմիկ խոցելիությունը տարբեր է, օրինակ աղետի գոտում նոր կառուցված շենքերը բավականին բարձր սեյսմակայունություն ունի, իսկ ինչ մնում է Անի կամ Մուշ թաղամասի շենքերին դրանք նույնիսկ ավելորդ ամուր են կառուցված»։
Խոսելով մայրաքաղաքի շենքերի սեյսմակայունությունից՝ Նազարեթյանն ասաց. «Երևանում մոտ մեկ մլրդ դոլարի շինարարություն գնաց անցած տարի, բնակարանաշինության մասին է խոսքը, այնտեղ նոր վտանգի մակարդակով ավելի այդ ստանդարտներին համապատասխանող շինանյութերով և վերահսկող կա շինարարության որակը անհամեմատ լավ է, քան թե մինչև Սպիտակի երկրաշարժի ժամանակ կառուցածներինը»։
«Երևանում կան բավականին մեծ քանակով շենքեր, որոնք միաձույլ բետոնից շենքեր են մոնոլիդ և խոշորապանել շենքեր, որոնք լավ կդիմանան 9 բալի ցնցումներին»։ Մասնագետի խոսքով մենք ունենք իննը տիպային շենքեր, որոնք, որ Հայաստանի ամբողջ տարածքով տարածված են, Երևանում համարյա բոլոր տիպերը կան և ունեն տարբեր սեյսմակայունություն։
Խոսելով երկրաշարժային կանխատեսումներից՝ Նազարեթյանն ասաց. «Կանխատեսումներ անելու համար պետք է ունենալ դիտարկումների ցանկ, լավ մասնագետներ և հետհայաց կանխատեսման տվյալներ, վիճակագրություն։ Այս ամենի համար փորձի կուտակումն էլ է անհրաժեշտ, բայց մասնագետներն էլ դժբախտաբար չեն գնում այդ գիտության ուղղությամբ, տարեցները դուրս են գալիս շարքից, նորերն էլ չեն պատրաստվում»։
Խոսելով այն մասին, թե մենք ինչ պատկեր կունենանք Հայաստանում 9 բալ ուժգնության երկրաշարժի դեպքում՝ Նազարեթյանն ասաց. «Գիտեք՝ ես այդպիսի հաշվարկներ նախարարի հանձնարարությամբ արել եմ, հիմի այդ տվյալները, որ հրապարակեմ խուճապից բացի ուրիշ ոչ մի լավ բանի չի բերի, այնպես որ վիճակը լավ չի, վատ է»։
Հարցին, թե ինչ աշխատանքներ են տարվում Հայաստանում սեյսմակայունությունն ավելի բարձրացնելու համար՝ Նազարեթյանն ասաց.«Հիմա իրավիճակը այլ է և մեր մոտ շենքերի սեյսմակայունությունը ապահովելը բավականին բարդ, ժամանակատար և ֆինանսական միջոցներ պահանջող գործ է, հիմա տեսեք, մենք խոցելի ենք, մեր դպրոցների շենքերում այդ խնդիրը լուծվում է։
Տարեկան մոտ 30-ից ավել դպրոցներ կամ նոր են կառուցվում կամ ամրացվում են։ Ծրագիր կա պետական, մինչև 30 թվականը որոշ դպրոցների սեյսմակայունությունը ապահովել։ Հիվանդանոցների շենքերը խիստ խոցելի են, այդ խնդիրը որոշ չափով լուծվեց, երբ որ բժշկական նոր կենտրոններ ստեղծվեցին՝ վտանգի նոր մակարդակի հաշվառումով և այլն։
Ամենաբարդը մնում է սովետական տարիներից ժառանգած վատ, խոցելի շենքերի խնդիրը, որը լուծելու համար պետք է ժամանակ և կազմակերպվածություն»։
Նազարեթյանը նշեց նաև, որ Հայաստանում սեյսմիկ ռիսկը ամենամեծը Երևանում է․ «Հատկապես Երևանն է վտանգի գոտին, սեյսմիկ ռիսկը այնտեղ է։ Մենք ուսումնասիրել ենք Երևան, Բաքու, Թբիլիսի քաղաքների սեյսմիկ ռիսկը․ երեք մայրաքաղաքների վիճակն էլ այդ տեսանկյունից վատ է։