Երևան +15°
copy image url
Մշակույթ Ներքին 1 տարի առաջ - 18:09 06-02-2023

Այն ազգը, որն իր պատմության դասերը չի սերտում և սխալները կրկնում է, ապագա չունի. Ռաֆայել Իշխանյանի հիշատակի օրն է

Ռաֆայել Իշխանյանը ունիկալ գիտնական էր՝ փայլուն լեզվաբան և գրականագետ։ Նա հայոց լեզվի ջերմ պաշտպանն էր ու ջատագովը։ Նրա ուսանողները հիշում էին, որ իրենց յուրօրինակ «քննության էր ենթարկում»՝ առաջարկելով ստորագրել։ Պահանջում էր փոխել ստորագրությունները, եթե դրանք հայտառ չէին, մինչև իսկ փոխել էր տալիս օտար անձնանունները։ Հենց Իշխանյանի պատգամավորության ժամանակ և նրա ջանքերով ընդունվեց «Հայոց լեզվի մասին» օրենքը, որի վրա հենվում ենք մինչ օրս։ Այսօր ականավոր հայագետի հիշատակի օրն է։

Ռաֆայել Իշխանյանը մասնակցել է պատերազմին,1941թ․ գերի ընկել, 1943թ․ ազատվել գերությունից և նորից ընդգրկվել է բանակում, որպես հրետանավոր, գեներալ Կոնևի բանակում։ Մասնակցել է Չեխոսլովակիայի, Գերմանիայի որոշ մարզերի, Ավստրիայի ազատագրմանը, պատերազմն ավարտել է Վիեննայում։ Պարգևատրվել է շքանշաններով և մեդալներով։ Զորացրվել է 1946թ․։ Վերադառնալով Երևան՝ շարունակել է ուսումը Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, երեկոները որպես պահակ աշխատել Հանրային գրադարանում։ Իսկ 1991 թ․ Իշխանյանը դարձել է գրադարանի տնօրեն։



Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Իշխանյանը անձնվեր հայրենասեր էր։ Նա հասարակական-քաղաքական ակտիվ գործունեություն էր ծավալում։ Իշխանյանը մի քանի մտավորականների հետ նախաձեռնել է Հայաստանի առաջին հարապետության հիմնադիր Արամ Մանուկյանի գերեզմանի խաչքարի տեղադրումը, Մովսես Գորգիսյանի, Վարագ Առաքելյանի հետ նա առաջիններից էր, որ 1988 թ․ Ազատության հրապարակում պարզեց եռագույնը։

Նա կանգնած էր Արցախյան շարժման հիմքերում։ Ռաֆայել Իշխանյանը 1989 թ․ հրապարակում է «Երրորդ ուժի բացառման օրենքը» հոդվածը, որտեղ մտորում է անկախության հաստատման ուղիների մասին։



Այդ մաքառման ճանապարհին Իշխանյանը հատկապես կարևորում է հայոց լեզվի դերը։

«Մեր ամենաիսկական, ամենամեծ անկախականը եղել Է Մեսրոպ Մաշտոցը, որը մեր պետականության անկման պահին մեզ գիր ու գրականություն, հայկական դպրոց տվեց, ու դրանցով մեր ազգը՝ քաղաքական անկախությունը կորցրած, բարոյապես անկախ ու ինքնուրույն մնաց շատ դարեր»,- գրել է նա։

Իշխանյանը խիստ քննադատության է ենթարկում կույր ռուսասիրությունը, բայց և չի բացառում դաշնակցային հարաբերությունները․ «Անիմաստ է Ռուսաստանի հետ թշնամանալը։ Ռուսաստանին չապավինել, նրա հզորության հետ ծրագրեր ու հույսեր չկապել բնավ չի նշանակում թշնամանալ։ Բարեկամ լինենք, բայց չապավինենք, ոտով-գլխով չնվիրվենք, մեր փրկիչը չհամարենք, ինքներս մեզ չռուսացնենք, Հայաստանը վերահայացնենք, ինքնուրույն ազգ դառնանք։ Եվ գիտեք ի՞նչ, ռուսները մեզ կսկսեն հարգել»։



Միաժամանակ շեշտում է, որ դաշնակիցը նա է, ում շահերը մերի հետ թեկուզ ինչ-որ ժամանակով համընկնում են, և դաշնակից կունենանք այն դեպքում, եթե մենք ինքնուրույն ուժ լինենք։ Բայց դաշնակցին չեն ապավինում, նրա ուժի վրա ծրագրեր չեն կառուցում, դաշնակիցը պարզապես օգնական է։

Իշխանյանը ցույց է տալիս մեր հաղթանակի, մեր հաջողման բանաձևը․ դա երրորդ ուժի բացառման օրենքն է։



«Մեր գլխավոր հաղթանակը 1918 թ. մայիսին եղավ առանց որևէ երրորդ ուժի օգնության։ Երկրորդ կարևոր հաղթանակը 1920-21 թթ. Զանգեզուրում (Նժդեհի գլխավորությամբ) դարձյալ որևէ երրորդ ուժի օգնության եղավ։ Առանց երրորդ ուժի՝ մենք հաղթել ենք, երրորդ ուժին ապավինելով միշտ պարտվել ենք։

Եվ այդ պարտության գլխավոր պատճառը երրորդ ուժին մեր ապավինելն էր։ Եթե մենք բացառեինք ամեն տեսակ երրորդ ուժ և մեր ծրագրերը կառուցեինք հայ ազգային եղած ուժը հաշվի առնելով ու ըստ այդ ուժի շարժվելով, մենք այսպիսի խայտառակ պարտություն չէինք կրի։ Մեր պատմաբանները, որոնց հիմնական գործը այս 70 տարում եղել է ստախոսությունը, լռում են մեր այս ահավոր պարտության մասին։ Իսկ սա շատ վնասակար է, ազգին տեղյակ չեն պահում իր պարտության մասին, չեն ասում դրա պատճառները։ Պետք է ասել, որպեսզի իր գործած սխալները ազգը չկրկնի։ Այն ազգը, որն իր պատմության դասերը չի սերտում և սխալները կրկնում է, ապագա չունի։

․․․․Անկախ Հայաստանի ծնունդը կախված է միջազգային հարմար իրադրությունից և մանավանդ այն բանից, թե որքանով է հայ ազգը պատրաստ դրան։ Ասացի, որ 1917-ին, մինչև 18֊ի մայիս, մենք պատրաստ չէինք դրան։ Հիմա էլ պատրաստ չենք, քանի որ մեր բուն գոյությունն անգամ մենք ազգովին պայմանավորում ենք երրորդ ուժով։

․․․․Որևէ երրորդ ուժ հայերի կամքով երբևէ չի շարժվել և չի շարժվի։ Նա իր ծրագրերն ու շահերն ունի։ Այդ մենք ենք հնարել, թե ռուսները մեզ փրկել են։ Ռուսները երբ լսում են այդ բանը, զարմանում են. «Մենք ե՞րբ ենք ձեզ փրկել, ինչո՞ւ պետք է փրկեինք»։ Եվրոպան էլ գեղեցիկ խոսքեր կասի հայերի հասցեին, բայց ռազմական ուժով երբևէ չի օգնել և չի օգնի (եթե շահ չունի)»։

Իշխանյանական հավատամքը պարզ է․ հայոց հարցը ոչ ոք չի լուծելու։ Լուծողը միայն մենք՝ հայերս ենք։ Եվ հայոց հարցը կլուծվի միայն մի դեպքում՝ եթե ընդունենք ու կիրառենք երրորդ ուժի բացառման օրենքը։


Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի