Թուրքիայի հարավ-արևելքում ՝ Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու, հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։
ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ 7,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 04:17-ին, 17,9 կմ խորության վրա, Գազիանթեփ քաղաքի մոտակայքում:
Մի քանի շենքեր փլուզվել են, փլատակներում կարող են մարդիկ լինել։
Թուրքիան հայտարարել է վտանգի ամենաբարձր մակարդակը. իշխանությունները դիմել են միջազգային օգնություն ստանալու համար։
Բազմաթիվ քաղաքներում ավերածություններ են տեղի ունեցել։ Թուրքիայի իշխանությունների հաղորդմամբ՝ երկրաշարժին հաջորդել է 22 հետցնցում, որոնցից վերջինի ուժգնությունը կազմել է ավելի քան 6 մագնիտուդ։ Հետցնցումներից ամենահզորի ուժգնությունը կազմել է 6,6 մագնիտուդ:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոլուն հայտնել է, որ տուժել են 10 քաղաքներ՝ Գազիանթեփ, Քահրամանմարաս, Հաթայ, Օսմանիե, Ադիյաման, Մալաթիա, Շանլըուրֆա, Ադանա, Դիարբեքիր և Քիլիս։
Ցնցումները զգացվել են մայրաքաղաք Անկարայում և թուրքական այլ քաղաքներում, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանում ՝ Կիպրոսում, Լիբանանում և Սիրիայում:
Սիրիական պետական լրատվամիջոցները հայտնել են, որ Հալեպի նահանգում մեծ թվով շենքեր են փլուզվել, Համայի քաղաքացիական ծառայության աղբյուրը հայտնել է, որ այնտեղ ևս մի քանի շենքեր են փլուզվել:
Առնվազն 42 մարդ է զոհվել Սիրիայի որոշ շրջաններում մի քանի շենքերի փլուզման հետևանքով 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո, որի էպիկենտրոնը գտնվում էր Թուրքիայի հարավ-արևելքում։ Զոհերի թվում կան հայեր։
«Նախնական տվյալներով, երկրաշարժի հետևանքով Հալեպում, Համայում և Լաթաքիայում գրանցվել է 42 զոհ և 200 վիրավոր»,- հայտնում է SANA պետական լրատվական գործակալությունը՝ հղում անելով առողջապահության նախարարության ներկայացուցչին։
Աղետների կանխարգելման և արձագանքման գրասենյակը հայտնել է՝ Թուրքիայի յոթ նահանգներում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 76 մարդ, վիրավորվել՝ 440-ը:
«Առավոտյան ժամը 06.30-ի դրությամբ (համընկնում է Մոսկվայի ժամանակով) յոթ նահանգներում 7,4 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով, որի էպիկենտրոնը եղել է Քահրամանմարաշի Պազարչիկ թաղամասը, զոհվել է 76, վիրավորվել՝ 440 մարդ»,- տեղեկացնում են վարչությունից։
Փրկարարներն ու բնակիչները որոնում են սահմանի երկու կողմերում գտնվող բազմաթիվ քաղաքներում փլված շենքերի փլատակների տակ ողջ մնացածներին: