copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 23:17 02-02-2023

Շահրիմանյանների վիլլան Վենետիկում

«Վենետիկը երազ է՝ քանդակված անտեսանելի ու նրբորեն գեղեցիկ ձեռքերով»,- գրել է Վենետիկին սիրահարված հայ մեծանուն գրող Կոստան Զարյանը:

Վենետիկյան այս երազին ձգտել են շատ հայորդիներ։ Նրանցից ոմանք այստեղ սովորել են, մյուսները` ստեղծագործել, մի մասն էլ վենետիկցիների հետ հավասար զբաղվել այս գեղեցիկ քաղաքի պահպանմամբ ու զարգացմամբ։

Հայերի ներկայությունն այս քաղաքում տեսանելի է ու ակնհայտ, սակայն ոչ մինչև վերջ բացահայտված։ Քանի որ Վենետիկն այն քաղաքն է, ուր հազար անգամ էլ գնաս, միևնույն է, չես կարողանա մինչև վերջ ճանաչել, տեղեկանալ ու տեսնել ամեն ինչ։ Այս չքնաղ քաղաքում հայերն իրենց գեղեցիկ հետքն են թողել լիուլի։ Ու յուրաքանչյուր անգամ հերթական հետքը գտնելիս ոգևորում ու միևնույն ժամանակ անչափ հուզվում ես։



Վերջին այցս Վենետիկ, նույնպես, նմանատիպ զգացողությունների պակաս չունեցավ։ Այս անգամ ինձ համար բացահայտում էր Շերիման վիլլան, ուր մեզ հրավիրեց իտալաբնակ մեր հայրենակցուհի Սոնա Հարությունյանը` Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակի» և բազմաթիվ այլ երկերի թարգմանիչը:

Շերիման վիլլան գտնվում է Վենետիկից դեպի Պադովա տանող ճանապարհին։ Սա 12-րդ դարի կառույց է, որը 1740-ին գնել էր Նոր Ջուղայեցի հարուստ վաճառական Շահրիմանյանների ընտանիքը։



Իրանում մետաքսի արտահանման մենաշնորհը 17-18 դարերում հենց այս ընտանիքի ձեռքում էր։ Հայտնի Խոջա Զաքար Շեհրիմանի եղբորորդիներն առաջինն էին, որ իրենց մետաքսով մուտք գործեցին Վենետիկ։ Շեհրիմանները կամ Շահրիմանյանները Վենետիկում առևտրական ներկայացուցչություն հիմնեցին։ Նրանք դարձան ճանաչված վաճառականներ ադամանդի շուկայում։ Առաջատար էին նաև կտորեղենի, մորթեղենի, ծխախոտի, համեմունքների և բազմաթիվ այլ ապրանքների մեծածախ առևտրում:

Շեհրիմանները շատ արագ կարողացան լեզու գտնել իշխանությունների հետ և իրենց նվիրատվություններն ու ավանդը ներդնելով Վենետիկյան դրամարկղում, ստացան Վենետիկի քաղաքացիություն և կոմսի տիտղոս։ Նրանք Վենետիկում ձեռք բերեցին մեծաթիվ կալվածքներ ու պալատներ։ Դրանցից ամենատպավորիչն ու գեղեցիկն, իհարկե, այսօր գործող Դանիելի շքեղ հյուրանոցն է։ Իսկ Շերիման վիլլան, որը մենք այցելեցինք, նրանց գյուղական կալվածքն էր, որտեղ ի սկզբանե զբաղվել են գյուղատնտեսությամբ, խաղողագործությամբ ու գինեգործությամբ։



1959 թվականից այս վիլլան տնօրինում է իտալացի Ֆորտունատոների ընտանիքը։ Նրանք պահպանել ու ավելի մեծացրել են խաղողի այգիները, զարգացրել են գինեգործությունը, հենց վիլլայում ունեն խանութ ու գինու համտեսի համար նախատեսված բոլոր հարմարությունները։

Թե ինչպիսի հրաշալի օր անկացրեցինք այնտեղ` բառերով նկարագրել հնարավոր չէ։ Իտալական հրաշալի գինին, պանիրը, պրոշուտոն, չքնաղ բնությունն ու այն գիտակցությունը, որ սա ժամանակին պատկանել է քո հայրենակիցներին` աներևակայելի զգացողություններ էր առաջացնում։



Այս ամենի մեջ ամենազարմանալին ու հետաքրքիրն այն էր, որ իտալացի Ֆորտունատոները, որոնք արդեն վաթսուն տարուց ավելի տնօրինում են այս վիլլան, ոչ միայն պահպանել են վիլլայի հայկական ազգանվամբ անվանումը, այլ նաև չեն փոխել երբեմնի հայկական կալվածքի արտաքին տեսքն ու ներքին հարդարումը։

Եվրոպայի սրտում «եվրոռեմոնտը» անհասկանալի ու անընդունելի երևույթ է։

Նաիրա Եղիազարյան











Ամենից շատ դիտված