copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 23:00 31-01-2023

Կարալյանի աշխարհը կախարդված հեքիաթային քաղաքն է

1897 փետրվարի 1-ին ծնվել է գեղանկարիչ Հովսեփ Կարալյանը։

Տաղանդավոր այս նկարչի նախնիները Կախեթիից են, ինքը` Թիֆլիսից. ծնվել է գինու վաճառականի ընտանիքում։ Հոր վաղաժամ մահը, ընտանիքի սնանկացումը ստիպեցին մաս-մաս վաճառել Թիֆլիսի տունն ու Սագարեջոյի ամառանոցը։ Մինչ այդ Կարալյանը հասցրեց նախնական մասնագիտական կրթություն ստանալ Թիֆլիսի նկարչական դպրոցում, իսկ 1936-ին` ընդունվել Մոսկվայի բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական ինստիտուտի գրաֆիկայի բաժին։ Ինստիտուտն ավարտելուց հետո նկարիչը Մոսկվայում, Բաքվում, ապա նաև Աշխաբադում զբաղվել է ստեղծագործական և մանկավարժական գործունեությամբ, իսկ 1953 թվականից հաստատվել է Երևանում։



Այս յուրօրինակ ու կոլորիտային նկարիչը ֆիզիկապես դուրս գալով Թիֆլիսից` երբեք հոգեպես չհեռացավ իր հայրենի քաղաքից։ Նա իր ողջ կյանքում պատկերեց Թիֆլիսի և Սագարեջոյի ծուռումուռ փողոցները, գեղեցիկ փորագրված ու զարդանախշված պատշգամբները, կաթ ու մածունով, ջրով ու բանջարեղենով բեռնված էշերը, Քուռը ու գետի ափերին գինովցած քեֆ անող կինտոներին...



Թիֆլիսն ու թիֆլիսյան կոլորիտն իր մեջ կրող այս նկարչին լավագույնս բնորոշել է քանդակագործ Երվանդ Քոչարը. «Կարալյանը նման է Փարիզի փողոցներում նստած այն երաժշտին, որ այդ մեծ քաղաքի թոհուբոհում, առանց ուշադրություն դարձնելու շրջապատի աղմուկին ու իրարանցմանը, սրինգ է նվագում։ Իր սրինգը իր աշխարհն է, և այդ աշխարհը` իր կյանքը»։

Կարալյանն իր կտավներում վերակենդանացրել ու վերականգնել է մի ողջ քաղաքի կյանքն ու կենցաղը։ Նա հայ կերպարվեստում ամենաշատ գործողություն պատկերած նկարիչն է։ Նրա բոլորը հերոսները պատկերված են հենց գործի թեժ պահին։ Ու այդ պահը շատ գեղարվեստորեն նկարագրում է Քոչարը. «Կարալյանի աշխարհը կախարդված այն հեքիաթային քաղաքն է, որտեղ մի ակնթարթում իրենց շարժման մեջ քարացած են մնացել մարդիկ և կենդանիները... Նայեցե՛ք, աղջնակն իր ճլոթու մեջ քարացած կախված է («Ճոճանակ»), քարացած է ամբողջ բակը, քարացած է հարսը` գլխին դրած գաթաների թաբախով, քարացած են և անշարժ թե՛ պառավը` խմորե գնդիկներով խոնչան ուսին, թե՛ աքաղաղը, քարացած են և՛ կախարդված պտուղները, և՛ երեք հավ ծախողները։ Մի կախարդական խոսք, կամ հրաշագործ գավազանի մի հարված` և բոլորը կարթնանան քարացումից... Կսկսվի առևտուրը, հավերը կթպրտան իրենց վանդակներում, պառավը կտանի խմորը թոնիր, և հարսը գաթաները տուն կմտցնի, իսկ աքաղաղը կսկսի կանչել... Բայց ինչու՞ է Կարալյանը այդպես քարացնում ամեն ինչ... Ես կարծում եմ, որ դա նրա ենթագիտակցական, ներքին աշխարհի զգայության արդյունքն է. չէ՞ որ Կարալյանի պատկերած կյանքը անցած-գնացած կյանք է, և այդ մարդիկ չկան...Կարալյանը պատկերում է հուշը, որ ժամանակից և տարածությունից դուրս է...»։



Իր հուշերը, մանկությունն ու իր միկրոաշխարհը պատկերելուց զատ, Հովսեփ Կարալյանը զբաղվել է գրքերի, պլակատների և ներկայացումների ձևավորմամբ:

Դեռևս 1935 թվականին նա Մոսկվայի հայկական պետական դրամատիկական ստուդիայում ձևավորել է Ռուբեն Սիմոնովի բեմադրությամբ` Գ. Սունդուկյանի «Քանդած օջախը», իսկ 1968-ին ստեղծել է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի զգեստները։ Հովսեփ Կարալյանը փարաջանովյան այս գլուխգործոցի համար ստեղծել է 60-ից ավելի էսքիզ, պատկերելով՝ «Որմնանկարի վանական-վարպետ», «Հայ գեղջկուհի», «Գյուղացի վարպետ», «Սանահինցի վանական», «Ղարաբաղցի տղա», «Ղարաբաղցի», «Կաթողիկոս Ղազար» և այլ կերպարներ։



Թիֆլիսահայ տաղանդավոր ու յուրօրինակ այս նկարիչն ապրեց 84 տարի։ Նա մահացավ 1981 թվականին Երևանում։

Արվեստի նրա ընկալման ու արարման գաղտնիքը շատ պարզ բացատրություն ու բնորոշում ունի, ինչը և գրեթե բանաձևային ձևակերպմամբ գրել է ինքը` նկարիչը. «Երբ արվեստի գավաթը մինչև վերջ լցվում է հմտությամբ ու արհեստի փայլատակումով, անհրաժեշտ է թափել պարունակությունը և կրկին լցնել նախաստեղծով, անաղարտով ու անպաճույճով։ Սրանում է արվեստի բարեշրջության փրկությունն ու հավիտենությունը»։



Հովսեփ Կարալյանի ստեղծագործությունները պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան պետական պատկերասրահում, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարանում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Թումանյանի տուն-թանգարանում և բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։

Նարիա Եղիազարյան