Երևան +13°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:23 31-01-2023

Եթե ունենանք արժանապատիվ աշխատանքով ապահովված աշխատող, կունենանք նաև կայուն զարգացող բիզնես. Էլեն Մանասերյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ նախատեսվում է լայնածավալ փոփոխություններ իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսգրքում․ օրենսգրքի 266 հոդվածից փոփոխվելու է 122-ը։ Նախագիծը հավանության է արժանացել Կառավարության կողմից։

Oragir.News-ի հետ զրույցում ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանը, խոսելով տեղի ունեցած փոփոխություններից, ասաց, որ դրանք գլոբալ փոփոխություններն են։ Աշխատանքային օրենսգրքի ամենամեծ փոփոխությունների փաթեթն է սա, որը աշխատանքային օրենսգրքի ընդունման օրից եղել է։

«2004-ին ընդունել ենք աշխատանքային օրենսգիրքը, երկու գլոբալ փոփոխություններ եղել են, սա երրորդն է, որը իրականում փոխում է 122 հոդված, ոչ միայն փոխում է, այլ նաև լրացումներ ունենք։ Ասել, որ այդ փոփոխությունները միայն աշխատանքային իրավունքների համար է, ոչ իհարկե։ Դա իրականում ավելի շատ արվել է՝ ոչ միայն աշխատողների իրավունքների կամ շահերից բխելով, այլ նաև միջազգային բոլոր պարտավորությունների համապատասխանեցնելու խնդիր ունի աշխատանքային օրենսգիրքը, որոնք հանձն է առել ՀՀ-ն, բայց միևնույնն է ամբողջությամբ էլի մեր պարտավորությունների գծով չի լրացնի, որովհետև միևնույնն է, և աշխատանքի միջազգային կոնվենցիաների մասով և եվրոպական սոցիալական վերանայված խարտիայի մասով էլի, միևնույնն է, բացեր մնալու են, աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների այս մեծ փաթեթներից հետո էլ, միևնույնն է, էլի բացեր մնալու են, իսկ ինչ վերաբերում է աշխատողների իրավունքների մասով, այո՛, հոդվածներ կան, որ բխում են աշխատողների իրավունքների պաշտպանությունից, հոդվածներ կան, որ իմ սյուբեկտիվ գնահատմամբ՝ բյուրոկրատիան ավելացել է, բայց դա էլ արվում է նրա համար, որպեսզի հնարավորինս կարողանանք զսպել այդ չարաշահումները»։

Մանասերյանը նշեց նաև, որ աշխատանքային իրավահարաբերությունները շատ կենսունակ են և անընդհատ ենթակա են փոփոխման. «Աշխատանքային իրավահարաբերությունները դրանք կենդանի օրգանիզմ են, որքան փոխենք, այնքան փոփոխվելու է, որորվհետև ամեն ինչ հոսում է, փոփոխվում է, մասնագիտություններ են ավելանում, աշխատանքային գործիքներ են փոխվում, բայց միևնույնն է, սա բոլոր հարցերը չի լուծում»։

Հարցին, թե մատնանշված փոփոխությունը հիմնականում վերաբերում են աշխատողին, այստեղ գործատուների իրավունքները չեն տուժում, Մանասերյանն ասաց, որ աշխատանքային օրենսգրքում կողմերի իրավահավասարության սկզբունք է ֆիքսված․ «Օրենսգրքի երրորդ հոդվածը սահմանում է կողմերի իրավահավասարությունը, և եթե մենք խոսում ենք կայուն աշխատանքային իրավահարաբերություններ ձևավորելու մասին, ապա այս բոլոր փոփոխությունները, որոնք կան, նախատեսված են, դրանք արված են, որպեսզի աշխատանքային իրավահարաբերություններում կայունություն ապահովվի, իսկ եթե աշխատանքային իրավահարաբերություններում կայունություն կա, դա բխում է և գործատուի և աշխատողի շահերից, որովհետև եթե մենք ունենք արժանապատիվ աշխատանք, ապահովված աշխատող, մենք կունենանք նաև կայուն զարգացող բիզնես, եթե աշխատողը պաշտպանված է աշխատատեղում, եթե ինքը ունի առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ, եթե ինքը կարողանում է այնքան աշխատավարձ ստանալ, որպեսզի իր կենսաապահովումը ապահովել, դրանից բարձրանում է իր աշխատանքի արդյունավետությունը, որից շահում է գործատուի բիզնեսը։ Մեկը մյուսի պատճառահետևանքային կապն է, եթե մենք ունենք այնպիսի գործատու, որը չի մտածում, որ իրեն պետք է ուղղակի աշխատող, որը վստահելի լինի, ոչինչ, որ մի քիչ էլ վատ է աշխատում, այսինքն՝ եթե այդպես չմտածի, որ իրեն պետք է մասնագետ և իրեն պետք է, որ այդ մասնագետը աշխատի այսօր, վաղը և մյուս օրը, ոչ թե հենց իր դուրը չգա, հանի դուրս, այդ դեպքում մենք կունենանք աշխատանքային իրավահարաբերությունների կայունություն և բնականաբար փոխշահավետ զարգացում»։