Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին Միտք 1 տարի առաջ - 21:04 30-01-2023

Նման հարձակումների նպատակը Իրանի դիմադրողականության որոշումն է. քաղաքագետ

«Անկասկած է, որ այս պահին Իրանը բավականին զսպիչ դեր է կատարում տարածաշրջանում»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը՝ խոսելով Իրանի՝ տարածաշրջանում ունեցած դերից։

«Միաժամանակ բավականին զսպիչ դերակատարում ունի, Թուրքիայի հետ համեմատած, որովհետև եթե Թուրքիան ձգտում է տարածաշրջանում միակենտրոն կամ միանձնյա գերիշխանության, ապա այդ ճանապարհին Թուրքիային բավականին խոչնդոտում է Իրանը, և Իրանը՝ որպես գործոն, թեպետ վերջին տարիներին բավականին պասիվ էր՝ կապված իր վրա եղած արտաքին ճնշումների հետ, բայց այնուամենայնիվ այն բավականին լուրջ գործոն էր և շարունակում է մնալ»,- ասաց քաղաքագետը։

Քաղաքագետը նշեց նաև, որ հատկապես վերջին մեկ-երկու տարիների ընթացքում Իրանում ակտիվացված արտաքին քաղաքականությունը նպաստում է նաև իր դերի և հեղինակության բարձրացմանը տարածաշրջանում։

«Թե ինչ դեր ունի Իրանը ՀՀ-ի այս պահին եղած անվտանգային միջավայրի մեջ, կարծում եմ՝ բավականին ակնառու է, հատկապես իրանական կողմի ազդակները թե՛ ադրբեջանական կողմին, թե՛ Թուրքիային՝ կապված Բերձորի միջանցքի հետ, կապված Ադրբեջանի կողմից հորջորջվող, այսպես կոչված, Զանգեզուրյան միջանցքի հետ»,-ասաց Պողոսյանը։

Այդ պետությունները ուզեն թե չուզեն շատ հաշվարկներում հաշվի են առնում նաև իրանական գործոնը։ Եվ պատահական չէ նաև, որ Իրանը իր զսպիչ գործառույթը իրականացնում է նաև պարբերաբար զորավարժությունների անցկացման տեսքով, ինչպես նաև զորավարժությունների ընթացքում հղած մեսիջներով՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին։ Եվ եթե Իրանում իրադարձությունները զարգանան այնպիսի ընթացքով, որ Իրանը ստիպված լինի ակտիվ պատերազմի մեջ մտնել, կարծում եմ՝ այդ պատերազմը չի լինի այն ընկալմամբ, որով շատերը սպասում են, այսինքն՝ չի լինի կոնկրետ պետություն, որը կհարձակվի Իրանի վրա, այլ դա բազմաշերտ հարձակում է լինելու Իրանի վրա»։

Ըստ քաղաքագետի՝ նման հարձակումներով փորձումների նպատակը Իրանի դիմադրողականության որոշումն է. «Վերջին հարձակումները ցույց են տալիս, որ ստուգվում է Իրանի դիմադրողականությունը տարբեր տեսակի անօդաչու միջոցների հռթիռների նկատմամբ և այլն։ Չնայած այս պահին շատ բարձր չէ հավանականությունը, որ մեկ-երկու շաբաթվա ընթացքում կսկսվի, բայց այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ ստուգվում է Իրանի աչալրջությունը, իր ունեցած պաշտպանական համակարգի դիմադրողականությունը, որի հետևանքով էլ , որից հետո էլ կպլանավորվի, թե ինչպիսի հարձակում կլինի։ Այդ հարձակման տեղը, ձևը, ծավալները ուղիղ անդրադարձ կունենա ՀՀ-ի վրա, որովհետև պարտադիր չէ, որ այդ հարձակումները տեղի ունենան բուն Իրանի տարածքի վրա․ և՛ տարածքի, և՛ տարածաշրջանի ընտրությունը, կարծում եմ, պայմանավորված կլինի այդ պահին Իրանի ունեցած պաշտպանական համակարգերի դիմադրողականության ստուգումների արդյունքներից»։

Դիտարկմանը, որ այսինքն՝ մեզ համար խիստ վտանգավոր է հնարավոր պատերազմը, որում ներգրավված է լինելու Իրանը, քաղաքագետն ասաց. «Իհարկե, մեզ ձեռնտու չէ, որովհետև ինչպես նշեցի, դեռ հստակ չէ, թե որտեղ տեղի կունենա այդ բախումը, բախման այդ կենտրոններից մեկը կարող է լինել հենց ՀՀ տարածքը։ Այդ բախումը պարտադիր չէ, որ Իսրայելի միջոցով լինի, շատերը պատկերացնում են, որ այդ հարձակումը պետք է լինի Իսրայելի տեսքով, օրինակ՝ շատերը պատկերացնում են, որ Իսրայելն է հարձակվելու և իր տարածքից հրթիռներ է արձակելու, բայց ես կարծում եմ, որ պարտադիր չէ, որ ուղիղ Իսրայելից հռթիռներ թռչեն դեպի Իրան, այլ մեկ այլ վայրից, որը կարող է լինել նաև Ադրբեջանը։ Կարծում եմ՝ այս իմաստով պատահական չէ Արցախից օկուպացված այն շրջանները, որոնցում այժմ տեղի են ունենում շատ արագ և շատ ուժեղ ամրաշինական, շինարարական աշխատանքներ, լոգիստիկ միջոցներ են այնտեղ պատրաստվում, օդանավակայանը, որը կառուցվում է, բավականին մեծ ազդեցություն են ունենալու»։