Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:37 28-01-2023

Վանաձորում ծորակներից սուրճ է գալիս. «Վեոլիա ջուր»-ը լռում է

Ֆեյսբուքյան տարբեր օգտատերեր համացանցում հրապարակում էին տեսանյութեր, որոնցում ծորակից հոսող ջուրը տարօրինակ գույն ունի և օգտագործման համար ոչ պիտանի է։ Oragir.News-ին պարզ դարձավ, որ այդ խնդիրը առկա է Վանաձոր քաղաքում որոշ սպառողների մոտ։

Oragir.News-ի հետ զրույցում Վանաձորի բնակիչ Արեն Մոսինյանը, արտահայտելով իր բողոքը, ասաց. «Ճիշտն ասած՝ ջուրը այսօր է այդ գույնին։ Բավականին երկար ժամանակ Վանաձորում ընդհանրապես ջուր չկար, այսօր տվել են, այն էլ՝ այդ վիճակով»։

Հարցին, թե ինչն է պատճառը, որ ջրանջատումները հաճախակի են քաղաքում, ջրամատակարարում իրականացնող ընկերությունը մատնանշե՞լ է դրանք, Մոսինյանը ասաց. «Իրականում, որպես բաժանորդ ինձ պատճառները չեն հետաքրքրում, որովհետև եթե այդ մեծ կառույցը ամբողջ հանրապետությունն է սպասարկում, ինքը պարտավոր է այլընտրանքային միջոցներ ունենալ գոնե մինիմալը՝ ջրի մեքենաներով բակեր ջուր բերել»։

Մեր զրուցակիցն ասաց, որ քաղաքի մի մասը ունի շուրջօրյա ջրամատակարարում, բայց դրան զուգահեռ իրենց մոտ շուրջօրյա ջրանջատումներ են։

«Այսինքն՝ քաղաքի մի մասը շուրջօրյա ջրամատակարարում ունի, մյուս մասը ամբողջական, լրիվ ջրազրկված է։ Այսինքն՝ ջուրը նույնիսկ մեքենաներով էլ չի բակեր բերվել։ Բազում թաղամաս ջուր տարել են, մեզ մոտ չեն բերել․ այսօր նոր ջուրը տվել են, այն էլ՝ այս տեսքով»։

Խոսելով մատակարարող ընկերության տված հիմնավորումներից՝ Մոսինյանն ասաց. «Իրենք ասում են, որ ջրամբարներում ջուր չկա, բայց եթե ջուր չկա, իրենք պետք է ունենան այլընտրանք, որովհետև մեր թաղամասից ընդամենը 300 մետր այն կողմ՝ Ներսիսյան թաղամասում, մինչև այսօր շուրջօրյա է, մեզ մոտ շուրջօրյա է, բայց առանց ջուր։ Իրենք չունեն նույնիսկ մի հատ խողովակային միացում, որ նման ֆորսմաժորային իրավիճակներում այնտեղից մեզ էլ ջուր մատակարարեն։ Այլընտրանք չունեն, ոչ մի տարբերակ չկա, այս ձևով ես էլ իմ բիզնեսն եմ իրականացնում, երբ ջուր լինում է աշխատում ենք, երբ չէ, կանգնում է»։

Մեր զրուցակիցն ասաց, որ «Վեոլիա ջրի» մոտ դա խրոնիկ բնույթ է կրում. «Երբ ուսումնասիրում ենք «Վեոլիա ջրի» էջը, առանց մեր բարձրաձայնելու, երևում է, որ խնդիրները անխուսափելի են և ստաբիլ։ Այսինքն՝ իրենց մոտ դա խրոնիկ բնույթ է կրում այնքանով, որ ժողովուրդը բունտ կանի։ Երեկ բարձրաձայնել եմ, պայքարիս երրորոդ օրն է, այսօր արդեն ջուրը տվեցին, տվեցին այս տեսքով։ Հիմա համոզված եմ՝ վաղն էլ կտան մի քիչ ավելի մաքուր տեսքով»։

Խոսելով քաղաքում տարածված ներքին ինֆորմացիաներից ջրանջատման հետ կապված՝ Մոսինյանն ասաց. «Ասում են, որ ջրագծերը արդեն քաշված են, որ դառնա շուրջօրյա, բայց միացումները տրված չեն։ Հիմա մեկը մեկի վրա է գցում, «Վեոլիան» պատասխանում է, որ ջրամբարներում ջուր չկա, բայց անկախ դրանցից՝ եթե ջրամբարներում ջուր չկա, թող նախկինում այնքան չտային, որ գոնե կատեգորիկ կտրելու խնդիր չլիներ, այսինքն՝ օգտագործեին ռացիոնալ»,- ասաց նա։

«Ես երեկ իմ ձայնը բարձրաձայնել եմ, խորհրդարանին պարտադրական կոչ եմ արել ամբողջ Վանաձորի անունից, որ պատգամավորները դնեն, նիստում ուսումնասիրեն «Վեոլիա ջրի» գործունեությունը, ոչ միայն այսօրվա, այլ ընթացիկ, ու կամ իրեն որակազրկեն, բարեխիղճ մատակարարի տան, կամ էլ թե չէ՝ «Վեոլիա ջրի» հետ միշտ այդ պրոբլեմները կան, եղել է ու լինելու է»։

Oragir.News-ը փորձեց «Վեոլիա ջրի»-ից պարզել՝ բողոքներ ստացե՞լ են, ինչո՞ւ են սպառողներին օգտագործման համար ոչ պիտանի ջուր մատակարարում, բայց «Վեոլիա ջրի» մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը ասաց․ «Ես կարող եմ էլեկտրոնային փոստի հասցե ուղարկել, որտեղ ձեր բողոքները կարող եք ուղարկել»։

Պատասխանից հետո անմիջապես անջատեց հեռախոսազանգը։