Երևան +11°
copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 23:00 27-01-2023

Ամեն ինչ չէ, որ մահով ավարտվում է

1996 թվականի հունվարի 28-ին մահացավ ազգությամբ հրեա, ռուս բանաստեղծ, էսսեիստ, դրամատուրգ, թարգմանիչ, գրականության Նոբելյան մրցանակակիր Իոսիֆ Բրոդսկին։ Նա 55 տարեկան էր։



Մահվանից շատ առաջ՝ 1962 թվականին 22-ամյա բանաստեղծը գրել էր. «Չեմ ուզում ընտրել ո՛չ երկիր, ո՛չ եկեղեցու բակ, ես մեռնելու կգամ Վասիլևյան կղզի»:

Բրոդսկու կանխատեսումը չիրականացավ։ Նա մահացավ Ամերիկայում և թաղվեց կղզում, բայց ոչ թե Վասիլևյան, այլ Վենետիկյան ՝ Սան Միքելեում։



Բանաստեղծի սիրտը կանգ էր առել հունվարի 28-ի գիշերը նյույորքյան իր բնակարանում` քնի մեջ։ Ըստ բժիշկների` սա ինֆարկտ էր։ Ի դեպ, հինգերորդն անընդմեջ։ Բրոդսկու առաջին հուղարկավորությունը ժամանակավոր էր. նրա մարմինը դրվեց ցինկապատ դագաղի մեջ և պահվեց Հուդզոնի ափին գտնվող Սուրբ Երրորդություն եկեղեցու դամբարանում: Վերջնական հանգստավայրի մասին որոշումը տևեց ավելի քան մեկ տարի։ Այդ ընթացքում ՌԴ Պետդումայի պատգամավոր Գալինա Ստարովոյտովայի դիմում-առաջարկը` բանաստեղծին Սանկտ Պետերբուրգում հուղարկավորելու վերաբերյալ, մերժվեց։ Պատճառաբանությունը հստակ էր. «Դա կնշանակի Բրոդսկու փոխարեն որոշել հայրենիք վերադառնալու հարցը»։ Հարկ է հիշել, որ Իոսիֆին նույն հայրենիքը թույլ չտվեց մասնակցել իր ո՛չ մոր, և ո՛չ էլ հոր թաղմանը։

Բրոդսկու այրին` ռուս արմատներով իտալացի Մարիան հավաստում է. «Վենետիկում հուղարկավորության գաղափարն առաջարկել էր մեր ընկերներից մեկը։ Սա այն քաղաքն է, որը, բացի Սանկտ Պետերբուրգից, Իոսիֆն ամենաշատն էր սիրում»։



1997 թվականի հունիսի 21-ին Բրոդսկու մարմինը վերաթաղվեց Վենետիկի Սան Միքելեի գերեզմանատանը։ Նախատեսել էին բանաստեղծին հուղարկավորել գերեզմանատան ռուսական մասում` Ստրավինսկու և Դիագիլևի գերեզմանների կողքին։ Պարզվեց, սակայն, որ դա անհնար է, քանի որ Բրոդսկին ուղղափառ չէր։ Մերժեցին նաև կաթոլիկ եկեղեցականները։

Բանաստեղծին թաղեցին գերեզմանատան բողոքական հատվածում։ Սկզբում գերեզմանի վրա դրեցին փայտե խաչ՝ «Իոսիֆ Բրոդսկի» մակագրությամբ, իսկ մի քանի տարի անց այն փոխարինվեց հուշարձանով, որի հեղինակը ռուս տարագիր նկարիչ Վլադիմիր Ռադունսկին էր, ով ժամանակին նկարազարդել է նաև Բրոդսկու գրքերից մեկը։

Հուշարձանի հետևի մասում կա լատիներեն մակագրություն՝ տող հռոմեացի բանաստեղծ Սեքստոս Պրոպերցիոսի էլեգիաներից՝ «Ամեն ինչ չէ, որ մահով ավարտվում է»։

Բրոդսկու գերեզմանը միշտ մարդաշատ է։ Այցելուները և բանաստեղծի երկրպագուները նրա գերեզմանին թողնում են բանաստեղծություններ, նամակներ, խճաքարեր, լուսանկարներ, մատիտներ և.... ծխախոտ, քանի որ Բրոդսկին մոլի ծխող էր։



Ի դեպ, մահվանից քիչ առաջ Բրոդսկին նամակ էր ուղարկել Սանկտ Պետերբուրգի Ռուսական ազգային գրադարանի ձեռագրերի բաժին, որտեղ պահվում է բանաստեղծի արխիվի հիմնական մասը` մինչև 1972 թվականը, ԽՍՀՄ-ից վտարվելու ժամանակը։ Նամակում նա խնդրել է` 50 տարի իր օրագրերի, նամակների և ընտանեկան փաստաթղթերի հասանելիությունը փակել: Արգելքը չի տարածվել ձեռագրերի և նմանատիպ այլ նյութերի վրա։ Արխիվի գրական մասը բաց է հետազոտողների համար։

Բրոդսկին նաև խնդրել է ընկերներին և ընտանիքին` չմասնակցել իր կենսագրությունը գրելուն, հավելելով. «Ես դեմ չեմ իմ արվեստի հետ կապված բանասիրական ուսումնասիրություններին, դրանք, ինչպես ասում են, հանրության սեփականությունն են։ Բայց իմ կյանքը, իմ ֆիզիկական վիճակը, Աստծո օգնությամբ, պատկանել և պատկանում է միայն ինձ...»։

Բրոդսկու գրական կենսագրությունը մանրամասն շարադրել է իր վտարանդի ընկեր Լև Լոսևը, իսկ նրա կյանքին անդրադառնալն արգելված է մինչև 2071 թվականը, այսինքն՝ բանաստեղծի մահին հաջորդող 75 տարիներին։

Նաիրա Եղիազարյան

Ամենից շատ դիտված