Երևան +15°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:12 21-01-2023

Ինչ բնապահպանական անդառնալի հետևանքներ կարող են ունենալ ձյան սակավ տեղումները

Օրեր առաջ Oragir.News-ի հետ զրույցում Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը, խոսելով տեղումների քանակից, ասաց, որ հանրապետության մի շարք շրջաններ կան, որ նույնիսկ հունվարին ձյուն չի տեղացել, որքան էլ զարմանալի է, դրանց մեջ մտնում է նաև Հայասստանի ցրտի բևեռը՝ Շիրակը։

Բնապահպան Սիլվա Ադամյանը Oragir.News-ի հետ զրույցում, խոսելով այն մասին, թե տեղումների նման սակավությունը ինչ բնապահպանական, գյուղատնտեսական, շրջակա միջավայրի ինչ խնդիրներ կարող է հարուցել, ասաց. «Մենք գիտենք, թե կլիմայական փոփոխությունները ինչպիսի հետևանքներ կարող են թողնել, դրանց մեջ մտնում է նաև սակավաջրությունը, քանի որ Հայասստանի տարածքը գտնվում է տափաստանային գոտում, և տեղումները մեզ համար մեծ նշանակություն ունեն»։

Խոսելով խնդրի մասին՝ Ադամյանն ասաց՝ այս պրոցեսը միայն մեր երկրում չէ, այլ ամբողջ աշխարում։

«Այն, որ տեղումները կարող են կրճատվել, դա միանշանակ է, ինչպես մենք տեսնում ենք, բայց կարող է տեղումների քանակը լինել այնպիսին, որ միջին տարեկանից բարձր լինի։ Ընդհանուր առմամբ այս պրոցեսը տեղի է ունենում ամբողջ աշխարհում, և ոչ միայն ՀՀ-ում, սա հղի է հողերի դեգրադացիայով, առանց դրա էլ ՀՀ-ում գյուղատնտեսությունը վերջին 30 տարիներին շատ վատ է զարգացած, մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, աղակալած հողեր, որոնք չեն մշակվում, որևէ գործունեություն այդտեղ չի ծավալվում, և այս կլիմիայի փոփոխությունները, որ որքան քիչ լինի տեղումները, ավելի վատ է անդրադառնալու գյուղատնտեսության և շրջակա միջավայրի վրա, դա կարող է լինիել այն առումով էլ, որ մենք առանց դրա էլ բավականին վնասված տարածքում ենք էկոլոգիական առումով, ՀՀ-ի տարածքը փոքր է, բայց շահագործումը, որպես արդյունաբերական շահագործում, բավականին շատ է։ Դա պոչամբարներն են, դա հանքարդյունաբերությունն է, որը անկանոն է աշխատում՝ միջազգային բոլոր մեթոդները անտեսելով, այս ամեն ինչը գումարվում է կլիմայական փոփոխություններին, և մենք կարող ենք մի քանի տարի հետո ունենալ անապատացված տարածքներ, և ոչ մի բան ուղղակիորեն չենք կարողանալու անել»։

Բնապահպանն ասաց, որ այն տարածքները, որոնք գյուղացիները մշակում են տարբեր պարարտանյութերով, կարող է գալ մի շրջան, որ այլևս հնարավոր չլինի մշակել։ Այսինքն՝ սկսվում է հողի բերրի շերտի ոչնչացում։

«Ես բացարձակ դեմ եմ եղել, որ Գյուղատնտեսության նախարարությունը մեզ մոտ փակվեց, երբ որ մեր գյուղակադեմիան այս վիճակում է, նայեք՝ ինչ վիճակում է, կարծես թե կա և չկա»,- ասաց Ադամյանը։

Բնապահպանն ընդգծեց, որ տարբեր միջազգային կազմակերպություններ շարունակական պայքար են մղում այն բանի համար, որ հնարավորինս նվազեցնեն մարդկային գործոնը շրջակա միջավայրի վրա։

«Բոլոր միջազգային կոնֆերանսների ժամանակ միջազգային կազմակերպությունները պայքարում են նրա համար, որ անեն ամեն ինչ, որպեսզի մարդկային գործոնը չազդի կլիմայի փոփոխությանը և չտանի նրան, որ մենք կանգնենք գլոբալ էկոլոգիական փոփոխությունների առաջ։ Մարդկային գործոնը սարսափելի ազդում է շրջակա միջավայրի դեգրադացման վրա։ Մենք դա տեսնում ենք տեղումների քանակի պակասով, Երևանի օդի փոփոխությամբ։ Որոշ երկրներ շատ լավ պայքարում են այդ մարդկային գործոնի դեմ, սակայն մեր երկիրը, ինչպես տեսնում եք, այդ պայքարին շատ վատ է միացել»։