«Պատիվ ունեմ» խմբակցությունը երբևէ չի դադարել խորհրդարանական դիվանագիտության և վերահսկողական գործունեությունը։ Այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Հիմա էլ մենք խորհրդարանական և կուսակցական դիվանագիտության բոլոր խողովակները ուղղում ենք Արցախի շրջափակման ու Լաչինի միջանցքի բլոկադայի՝ հնարավորինս շուտափույթ վերացման գործին։ Մեր նպատակն է միջազգային հանրության ուշադրությունն ավելի շատ հրավիրել Արցախում առկա խնդրին և ավելացնել միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա»,- ասաց նա։
Մամիջանյանն անդրադարձավ նաև ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հայցով իշխանական թեև կողմից դատարան դիմելու մասին հայտարարությանն ու ավելի ուշ այդ որոշումը չեղյալ հայտարարելուն։
«Երկու հայկական պետությունների համար ստեղծված անվտանգային այս իրավիճակում, ճիշտն ասած, նույնիսկ ծիծաղելի եմ համարում անգամ մեկնաբանել այդ օրակարգը»,- ասաց նա։
Ըստ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի՝ «Հայաստան» դաշինքը ԱԺ լիագումար նիստերի բոյկոտը դադարեցնելու մասին հայտարարությունն արել էր դեռևս անցած տարվա վերջում։ Այդ աշխատելաոճում որևէ բան չի փոխվել։
«Մենք հայտարարել էինք, որ փողոցում պայքարի առժամանակ դադարով պայմանավորված՝ մենք մասնակցում ենք լիագումար նիստերին։ Այն հարցերը, որոնք կարևոր ենք համարում, մեր ուշադրության կենտրոնում են։ Փողոցում դադարն էլ ժամանակավոր է, պատրաստվում ենք փողոցի հաջորդ պայքարին։ Որովհետև որևէ մեկն իլյուզիա չունի, որ այս իշխանությունները պիտի հեռանան խորհրդարանական աշխատանքի արդյունքում»,- ասաց նա։
Պատգամավորն անդրադարձավ նաև ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու միջնորդությամբ իշխանական կողմի դատարան դիմելու նախաձեռնությանը։ Համոզմունք հայտնեց, որ այդպիսի հայտարարություններն արվում են հանրության ուշադրությունն ավելի կարևոր հարցերից շեղելու համար։ Հայց, այդուհանդերձ, որոշվել է չներկայացնել դատարան։
«Սա արդեն երկրորդ դեպքն է։ Մենք որևէ կանխատեսում կամ որևէ տրամաբանական շղթա փորձել գտնել իշխանական աթեռները զբաղեցնող մարդկանց գործողություններում չենք էլ փորձում։ Եվ դրան առանձնապես կարևորություն չենք տալիս այն պատճառով, որ գտենք, որ գործ ունենք առանց կրակոցի Քարվաճառ վիճակ, Սյունիքի Սյունիքի դիրքերից զորքերը հետ քաշած մարդու հետ, որը կարող է, օրինակ, հղի կնոջը գցել մեքենայի տակ, դառնալ նրա մահված պատճառ ու շարունակել երթը։ Հետևաբար, էստեղ ակնկալել, որ ինքն ականջալուր կլինի օրենքին, Սահմանադրությանը, և չի գնա ընդդիմադիրներին ճնշումների ենթարկելու ուղղությամբ՝ անիրատեսական է։ Մենք գործ ունենք մարդկանց խմբի հետ, որոնք միայն անցած տարվա ընթացքում 50-ից ավելի քաղբանտարկյալ են ունեցել։ Հետևապես, որևէ բան չկա այստեղ ակնկալելու, թե իրենք կփորձեն լինել օրենքի տառին հավատարիմ։ Իրենք կառուցում են բռնապետություն, բռնապետական համակարգ և այդ տրամաբանության մեջ տեղավորում են իրենց արածները»,-ասաց նա։
Ըստ նրա՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ծավալվել է պայքար՝ Արցախի ու Հայաստանի լինելիության համար։
«Այդ պայքարի առաջնագծում են եղել բոլոր այն մարդիկ, որոնք հիմա ունեն մանդատ։ Այդ մանդատը նախապայման չի եղել այս իշխանությունների դեմ պայքարելու։ Հետևաբար, մանդատով կամ առանց մանդատի՝ այդ պայքարը ծավալվելու է Հայաստանի փողոցներում, այդ պայքարը լինելու է, ու այդ մարդիկ էլ լինելու են այդ պայքարի առաջնագծում։ Այստեղ իրականությունն այլ տարբերակ պարզապես չի թողնում»,- ասաց նա։
Քրիստինե Վարդանյանի խոսքով՝ իշխանական կողմն արդեն իսկ հրաժարվել է իր մտքից, քանի որ նպատակն այլ բան էր։
«Ինչ-որ մի հարց են բերում օրակարգ, ուշադրությունը շեղում են, հետո անհայտ է՝ կանեն, թե ոչ։ «Պատիվ ունեմ»-ի պատգամավորներին չներառելու պատճառն այն է, որ իրենք շատ ավելի վաղ էին վերադարձել խորհրդարան։ Եվ մասնակցել են լիագումար նիստերին։ Հետևաբար, «Պատիվ ունեմ» խմբակցության մեր գործընկերների բացակայությունները շատ ավելի քիչ էին, քանի «Հայաստան» դաշինքի այդ 22 պատգամավորներինը։ Պատգամավորների բացակայության հիմքով ՍԴ դիմելը բացառապես անհիմն է այն տեսակետից, որ բացակայությունները պայմանավորված են եղել քաղաքական բոյկոտով։ Դրա իրավունքը ունեն ոչ միայն բոլոր քաղաքական գործիչները, այլև խմբակցությունները»,- ասաց նա։