Երևան +14°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:27 16-01-2023

Ուզում էի՝ փշալարերի վրայից սաղավարտը վերցնել, ոստիկանը փորձեց հարվածել ձեռքիս․ Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դատարանում է․ նա որպես տուժող հարցաքննվում է նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով։

Սիմոնյանը 2018 թվականի ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում հատուկ միջոցների կիրառման հետևանքով վնասվածք էր ստացել ու տեղափոխվել հիվանդանոց: Հետագայում հարուցված քրեական գործի շրջանակներում Սիմոնյանը տուժող էր ճանաչվել։

Գործը դատարանում քննվում է 2019 թվականի մարտից։

Երանոսյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը և հայտարարել է, որ ոստիկանության գործողությունների արդյունքում է հնարավոր եղել ապահովել իշխանության անցնցում փոխանցումը։

Այսօր դատարանում Ալեն Սիմոնյանն, ի պատասխան մեղադրող դատախազի հարցին, պատմեց, որ Բաղրամայան փողոցում փշալարի վրա սաղավարտ կար գցված, փորձում էր սաղավարտը վերցնել, ոստիկանն այդ պահին հարվածեց իր ձեռքին։ «Դրանից կես րոպե հետո պայթյուն տեղի ունեցավ ձախ կողմում, 2-րդ կամ 3-րդ պայթյունն էր։ Այնտեղ բազմաթիվ ոստիկաններ կային, այդ թվում պարոն Երանոսյանն էր այդտեղ»։

Սիմոնյանը նշեց, որ հավաքի նպատակը խաղաղ ակցիայով ցույց տալն էր, որ իրենք դեմ են, որ Սերժ Սարգսյանը 3-րդ անգամ ՀՀ ղեկավարի դեր ստանձնի։

Հարցին, թե ինչպես էիք ձեր բողոքն արտահայտում, կանգնա՞ծ էիք, ինչպե՞ս էիք արտահայտում ձեր անհամաձայնությունը՝ Սիմոնյանն ասաց, որ այդ պահին կանգնած էին, որից հետո Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ուզում է գնալ գործի՝ Ազգային ժողով։

«Դրանից հետո սկսվեց հրմշտոց։ Փաշինյանին խանգարում էին փշալարերն ու ոստիկանական պատնեշտը»։

Երանոսյանի փաստաբանը հարցրեց, թե ի՞նչ բանակցություններ են եղել ոստիկանների ու Փաշինյանի միջև և ո՞վ էր բանակցում՝ Սիմոնյանն ասաց, որ Փաշինյանն ուզում էր գնալ աշխատավայր, քաղաքացիները կոչ էին անում ոստիկաններին միանալ։

«Հայտնի հումոր կար, մարդիկ բղավում էին «Աշոտ, տատիկդ էլ էստեղ», այդ տրամադրությունն էր, փորձում էին ոստիկաններին էմոցիոնալ ազդեցության տակ գցել»։

Փաստաբանն հարցրեց, թե արդյոք ստացվեց էմոցիոնալ ազդեցության տակ գցել ոստիկաններին՝ Սիմոնյանը պատասխանեց, որ չի կարող ասել։ Փաստաբանը նաև հարցրեց, թե ո՞ւմ հետ էր խոսում Փաշինյանը և արդյոք Երանոսյանն այնտե՞ղ էր։ Սիմոնյանն ասաց, որ Օսիպյանի հետ էր հիմնականում բանակցում, իսկ Երանոսյանն այնտեղ էր, թե՝ ոչ, հստակ չի հիշում։

Փաստաբանը նշեց, որ որևէ կոնտակտ ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև չի եղել մինչ այն պահը, երբ Փաշինյանը փորձում էր անցնել փշալարերի վրայով։

Հիշեցնենք, որ համաձայն մեղադրական եզրակացության՝ Լևոն Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։

Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել նախկին քրեական օրենսգրքի 309 հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Դատական նիստը նախագահում է դատավոր Հարություն Մանուկյանը։