Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:00 15-01-2023

Ադրբեջանի կողմից «վարձած» լրագրողները հարկադրված են ընդունել Արցախում ստեղծված հումանիտար աղետը. ադրբեջանագետ

Մեկ ամսից ավելի է, ինչ ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է:

Ըստ ադրբեջանական «haqqin.az» լրատվական կայքի՝ օտարերկրյա լրագրողներին խիստ հետաքրքրել է բնապահպանների ակցիան և նրանք շտապել են տեղում ծանոթանալ իրադարձություններին ու դրանց մասին հայտնել աշխարհին։

«Ադրբեջանի ներքին դաշտում խոսում են, որ իրենք տանուլ են տալիս այդ շարժումը, որովհետև արդեն ամբողջ աշխարհում են խոսում, որ դա ֆեյք շարժում է։ Այդ պատճառով նրանք մի քանի լրագրող են վարձել, որպեսզի դրանով աշխարհին ինչ-որ բան ապացուցեն»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

Նրա պնդմամբ Ռուբեն Վարդանյանի հարցազրույցները խելագարեցրել են ադրբեջանցիներին. «Ռուբեն Վարդանյանը շրջափակված Արցախից օգտագործելով իր կապերը, կարողանում է ներկայացնել Արցախի բոլոր խնդիրները։ Իր հարցազրույցները լայն տարածում են գտնում համաշխարհային լրատվամիջոցներում, և դրանք մեծ բարկության պատճառ են դառնում Ադրբեջանում»։

Հովհաննիսյանը նշեց, որ տվյալ հոդվածի լրագրողները, ովքեր գնացել են Լաչին իբրև լուսաբանման, թուրք են, աշխատում են CNN-ի և այլ միջազգային լրատվամիջոցների թուրքական գրասենյակներում։

«Նույնիսկ միջազգային լրագրողական հետազոտություններում կարելի է նկատել, որ բնապահպանների շարժման սկզբնական շրջանում արդեն պարզ էր դարձել, որ դրանք էկո ակտիվիստներ չեն, այլ ռազմական մարդիկ։

Բոլորը գիտեն՝ դա կեղծ շարժում է»,-ասաց նա։

Հայրապետյանը հավելեց, որ կա ևս մեկ հանգամանք, որ բարկություն է առաջացնում Ադրբեջանում, դա այն է, որ ռուսական մեդիա դաշտում են նաև շատ տարածված Ռուբեն Վարդանյանի հարցազրույցները։

Հարցին՝ Արցախի հումանիտար աղետի մասին «վարձու» լրագրողները նշո՞ւմ են, ադրբեջանագետն ասաց. «Կան «դրսում» պատվեր կատարող լրագրողներ, ովքեր իրենց հոդվածներում փորձում են առաջ մղել ադրբեջանական շահերը, սակայն այդքանով հանդերձ ոչ մի պատվեր կատարող լրագրող՝ անգամ Ադրբեջանի կողմից վարձվածները, չեն հերքում Արցախի հումանիտար խնդիրը։ Նրանք հարկադրված են այդ փաստն ընդունել»,-եզրափակեց Հայրապետյանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի այս գործողությունների հետևանքով Արցախի 120.000 բնակչությունը, որից 30.000-ը երեխաներ են, հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ:

Ձեզ գուցե հետաքրքրի