Ներքին 3 տարի առաջ - 18:05 13-12-2022

ՀՀ ՄԻՊ-ին ավելի քան 24 ժա՞մ էր պետք Արցախյան հումանիտար աղետը դատապարտելու համար

Արցախը Հայաստանի Հանրապետության հետ կապող Ստեփանակերտ- Գորիս միակ ճանապարհն ադրբեջանցի «բնապահպանների» կողմից փակելու մասին լուրը ստացվեց ավելի քան 1 օր առաջ՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան 10։30-ի սահմաններում։ Այդ ընթացքում թշնամական երկրի ներկայացուցիչները հասցրին սադրիչ գործողություններ իրականացնել՝ շրջափակման մեջ պահելով մոտ 120 հազ․ արցախցի մեր հայրենակիցներին։ Ադրբեջանցիների հերթական սադրանքի հետևանքով Բերձորի միջանցքի հարակից ու այլ տարածքների բնակիչներն ամեն վայրկյան վտանգի ենթարկվելով հերթական անգամ ստիպված են լքել իրենց բնակավայրերը։

Ավտոշարասյան մեջ են մնացել ծերեր, կանայք ու մանկահասակ երեխաներ։

Մթնոլորտը դեռևս հանդարտվելու միտում չունի։ Ճանապարհն այս պահին էլ շարունակում է երկկողմանի փակ մնալ։

Ադրբեջանի իշխանությունների ծրագրով Արցախում ստեղծված հումանիտար այս ծայրաստիճան աղետի պայմաններում հայ հանրությունն սպասում էր Մարդու իրավունքի պաշտպանի դատապարտող խոսքին։

Այս ամբողջ ընթացքում, համացանցը թնդում էր ադրբեջանցիների սադրիչ գործողությունները ներկայացնող տեսանութերով։ Հրապարակվում էին դրանց մասին պատմող ու դատապարտող հոդվածներ։ Բարձրաձայնվում էր արցախցի մեր հայրենակիցների իրավունքների խախտումների, ձմեռային ցուրտ պայմաններում ճանապարհներին գիշերելու ու ամեն վայրկյան սպառնացող վտանգի մասին։

Սակայն, այն ընթացքում, երբ արցախցի մեր հայրենակիցները ստիպված էին պայքարել Ադրբեջանի ցեղասպանական հերթական դրսևորման դեմ՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակում էր գրասենյակում հյուրընկալված «Հեքիաթերեն» անվանումը կրող շարժական ինտերակտիվ թատրոնի դերասանների ու երեխաների հանդիպման իրադարձությունը։

Դրան հետևեց արդեն ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի հանձնարարությամբ իրականացված մշտադիտարկման աշխատանքների մասին պատմող նյութը։

Իրադարձությունները դատապարտող հայտարարությամբ երեկ հանդես եկավ նաև ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը՝ հայտարարելով, որ իր դիտարկումները պատրաստում է ուղարկել միջազգային կառույցներին։

Այս ամենի ֆոնին էլ, Մարդու իրավունքների գործող պաշտպանը, շարունակում էր լռություն պահպանել, այն դեպքում, երբ տեղի ունեցողին արձագանքող առաջին օղակներից մեկը պետք է լիներ։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի արձագանքն այդուամենայիվ, հրապարակվեց՝ հարյուրավոր հրապարակումներից, Մարդու իրավունքների նախկին պաշտպանի հրապարակումից ու ադրբեջանցիների կողմից սադրանքներ հրահրելու մեկնարկից ավելի քան 24 ժամ անց՝ այսօր միայն։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Ավելի ուշ Oragir.News-ը հայտնել էր, որ Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի փակ է։ Մեր հայրենակիցների մի մասը գիշերել է Գորիսում, մի մասը` Լիսագորում։ Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով ավելի քան մեկ օր շարունակ փաստացի շրջափակման մեջ է Արցախի Հանրապետությունը և ոտնահարված են հազարավոր քաղաքացիների իրավունքները:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը