Բրիտանական Time պարբերականում
հրապարակվել է ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի հոդվածը, որում Սարգսյանը ներկայացնում է Արցախում ստեղծված հումանիտար աղետը։ Հոդվածը ներկայացնում ենք ստորև․
«Վերջին հինգ շաբաթների ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընկած Լեռնային Ղարաբաղը շրջափակված է Ադրբեջանի կողմից: Քանի դեռ աշխարհի մեծ մասը տոնում էր Սուրբ Ծնունդն ու Նոր տարին, տարածաշրջանի ավելի քան 120 000 հայերով բնակեցված ամենահին հայկական շրջաններից մեկը, որը լի է հայկական եկեղեցիներով, վանքերով ու հուշարձաններով, որոնք Եվրոպայում քրիստոնեության տարածումից տասնամյակներով ավելի հին են, կտրվեցին աշխարհից։
Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ, ովքեր իրենց «բնապահպան ակտիվիստներ» են համարում, արգելափակել են Լաչինի միջանցք, որը ծառայում է որպես Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև միակ ճանապարհ: Մի ճանապարհ, որով ժամանակին օրական 400 տոննա սննդամթերք և բժշկական պարագաներ էին մատակարարվում Արցախ, այժմ լավագույն դեպքում հազիվ մի քանի մեքենա օգնություն է անցնում։ Հիվանդանոցներն անորոշ ժամանակով հետաձգել են վիրահատությունները, երեխաները դատապարտվածեն սովի։ Վառելիքի սուր պակաս կա, քանի որ ջերմաստիճանը իջնում է -4°C-ից ցածր, իսկ ընտանիքները իրենց տները տաքացնում են փայտով։
Մի ժողովուրդ, որը Օսմանյան կայսրության օրոք ցեղասպանություն է ենթարկվել, ենթարկվել է սովետական ավտորիտար իշխանությանը, 21-րդ դարում կոլեկտիվ պատժի են ենթարկվում՝ իր տնից վռնդվելու սպառնալիքով։
Լեռնային Ղարաբաղը, որը պատմականորեն հայկական տարածք է, հայերին հայտնի է որպես Արցախ։ Չնայած իր պատմությանն ու ժողովրդագրությանը՝ այն 1921 թվականին հանձնվել է Խորհրդային Ադրբեջանին Իոսիֆ Ստալինի կողմից, ով կիրառել է ազգային և էթնիկ համակցված համայնքները խաթարելու կայսերական մեթոդը՝ բազմազան բնակչությանը վերահսկողության տակ պահելու համար: 1988-ին արցախցիները ճնշող մեծամասնությամբ հանրաքվեով քվեարկեցին Մոսկվայի արհեստական քարտեզագրությունը լուծարելու, Խորհրդային Ադրբեջանից անջատվելու և իրենց հայկական ինքնությունը հաստատելու համար։
ԽՍՀՄ փլուզումից հետո Արցախը հայտնվեց Ադրբեջանի կողմից ժառանգած խորհրդային սահմաններում։ Հայերը, սակայն, հաղթեցին Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմում, որը տևեց մինչև 1994 թվականը, երբ Արցախը հռչակեց իր ինքնիշխանությունը։ Այնուհետև՝ 2020 թվականին՝ COVID-19 համաճարակի գագաթնակետին, Ադրբեջանը Թուրքիայի բացահայտ մասնակցությամբ և աջակցությամբ սկսեց անսպասելի հարձակումը, որն այժմ հայտնի է որպես Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմ։
Ադրբեջանը տարածք էր ուզում՝ առանց այդ տարածքի բնակիչների: Նրա՝ մարտադաշտում ունեցած նվաճումներին հաջորդեցին հայոց պատմության բոլոր հետքերը ոչնչացնելու անողոք ջանքերը: Մինչ Հայաստանն իր մայրաքաղաքում միջնադարյան մզկիթ է պահպանում, հիանալի հարաբերություններ ունի իսլամական աշխարհի հետ և ողջունում է բոլոր դավանանքների պատկանող մարդկանց, Ադրբեջանը որպես քաղաքականություն ձեռնամուխ է եղել հայկական եկեղեցիներն այլանդակելուն և ոչնչացնելուն։ Հարյուրավոր հայ զինծառայողներ դեռ շարունակում են մնալ ադրբեջանական գերության մեջ։
Մարդասիրական աղետը, որին մենք այժմ ականատես ենք լինում, կամ, ավելի ճիշտ, աշխարհը հրաժարվում է ականատես լինել, էթնիկ զտումների դասագրքային օրինակ է: Ավելի քան մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ «Genocide Watch»-ը, խիստ նախազգուշացում են տվել։ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Ցեղասպանության կանխարգելման գրասենյակի կողմից բացահայտված վայրագության հանցագործությունների բոլոր 14 ռիսկային գործոններն այժմ առկա են այստեղ:
Արցախի հայերի միակ փրկօղակը Հայաստանին կապող այդ ճանապարհն է։
Բազմաթիվ կամավորներ հայրենիքում և հայկական սփյուռքի համայնքներում անում են ամեն ինչ՝ օգնելու համար: Որպես Հայաստանի նախկին նախագահ՝ ես որոշել եմ օրենքով սահմանված կենսաթոշակս տրամադրել Արցախում մարդասիրական նպատակներին։ Նման ջանքերը, սակայն, չեն կարող հաջողության հասնել առանձին-առանձին: Հայոց պատմությունը, մեզ սովորեցնում է, որ ցեղասպանությունների շարունակականությունը միշտ պայմանավորված է աշխարհի լռությամբ: Ժամանակն է, որ միջազգային հանրությունը բարձրաձայնի այս հարցը»։