copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:14 13-01-2023

Ինտերնետ չունենք, հոսանքը 7-8 ժամ կարող են անջատել, բայց մարդիկ մեկ մտավախություն ունեն, որ կասեն՝ իրերը հավաքեք, դուրս եկեք․ Բելլա Լալայան

Չնայած, նաև Արցախ մտնող մալուխը նույնպես վնասել են, սակայն Արցախում այս պահին էլ խուճապ չկա։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց արցախցի հասարակական գործիչ, լրագրող Բելլա Լալայանն՝ ընդգծելով, որ հասկանալի է՝ ով է արել և ինչ նպատակով։

«Սկզբում էներգամատակարարումը, հիմա ինտերնետը, բացառված չէ, որ վաղն էլ գազը անջատեն, բայց խուճապ չկա։ Եթե անկեղծ, կարելի էր ենթադրել, որ հեռուստակամուրջից հետո ինտերնետն էլ են կտրելու, որովհետև ակնհայտ էր, որ այդ գործողությամբ գրգռում ենք ադրբեջանցիներին։ Մենք էլ պետք է մեր քայլերում բավական զգույշ լինենք, եթե անկեղծ, դժվարանում եմ ասել՝ այդ հեռուստակամուրջի տված օգուտը որն է, դրա փոխարեն կարելի էր տարբեր երկրներում մեր ներկայացուցիչներին ոտքի հանել ու հանձնարարել՝ խնդիրների մասին խոսել, բարձրաձայնել։

Ուզում եմ ասել, որ հիմա իրավիճակն այնպիսին է, որ պետք է նախ հետևանքների մասին մտածել, նոր միայն գործողություն անել։ Չնայած այս իրավիճակին՝ ոչ մեկ չի նվնվում, ոչ մեկ իրավիճակից խնդիր չի ստեղծում, ուղղակի մարդկանց հետաքրքրում է՝ լավ, վերջն ինչ է լինում, մարդիկ ուզում են վստահ լինել, որ հանուն հայկական Արցախ ունենալու են դիմանում զրկանքներին, ոչ թե ամեն ինչ տանում է նրան, որ մի օր էլ մեզ ասեն՝ իրերը հավաքեք՝ դուրս եկեք։

Մենք մեր կամքի մեջ՝ Արցախում ապրելու և բոլոր դժվարությունները հաղթահարելու, անկոտրում ենք, բայց մտավախություն կա, որ հնարավոր է՝ նորից մի դավադրություն լինի, իսկ առօրեական խնդիրները, բառիս ուղիղ իմաստով՝ հումանիտար աղետը, այն, որ մեզ մոտ -9 է, իսկ հոսանքն այսօրվանից արդեն հնարավոր է 2-3 ժամի փոխարեն 7-8 ժամ անջատեն, այն դեպքում, երբ հիմա ձմեռ է ու բազմաթիվ բնակարաններ կան, որ ջեռուցվում են հոսանքով, այս ամենը դեռ տանելի են»։

Նա ընդգծեց, որ վիճակն ավելի կբարդանա, եթե գազն էլ անջատեն, իսկ դա ամենևին էլ չի կարելի բացառել։ «Հնարավոր է՝ արցախցիներին վերջնականապես ընկճելու համար նաև դա անեն, ու ինչ-որ պահի ոչ գազ լինի, ոչ հոսանք, ոչ ինտերնետ»։

Լալայանի դիտարկմամբ՝ իրականում սպասելի էր, որ մի օր կվնասեն թե՛ էլեկտրահաղորդման գիծը, թե՛ ինտերնետը, որովհետև թշնամուն հանձնված ճանապարհով էին անցնում Արցախի բոլոր ենթակառուցվածքները։

«Այդ ճանապարհի հանձնումն աբսուրդ էր, չեմ հասկանում, թե ինչպես կարող էին այդ ճանապարհը հանձնել, ինչի՞ վրա էին հույս դրել այդ որոշումը կայանցողները, ամենամիամիտ մարդն էլ կարող էր հասկանալ, որ եթե մեր ենթակառուցվածքներն այդ ճանապարհով են անցնում, ապա նախ դրանք պետք է տեղափոխվեին, նոր միայն հանձնեին։ Հիմա ստացվում է, որ մենք չունենք ճանապարհ, Ադրբեջանին ենք տվել մեր բոլոր ենթակառուցվածքների վերահսկողությունը, 4 կողմից էլ շրջապատված ենք թշնամիներով»։

Հարցին, թե իրավիճակի ինչ հանգուցալուծում է տեսնում՝ նա նշեց, որ, ցավոք, սա այլևս միայն Արցախի հարց չէ։ «Աշխարհաքաղաքական խաղեր են ընթանում։ Ես չեմ խորանում այդ հարցերի մեջ, որովհետև պետք է շատ լուրջ զբաղվել այդ հարցերով, որ կարողանանք դրանք հասկանալ։ Իմ կարծիքով, եթե մակերեսային այս հարցերին նայենք, պարզ է, որ մենք մեր վրա զգում ենք ռուս- ուկրաինական պատերազմի ազդեցությունը։ Եթե Ռուսաստանի դիրքերն ավելի ամուր լինեին, բնականաբար, այստեղ իրավիճակը գուցե այլ լիներ։

Միգուցե, եթե Ուկրաինայի պատերազմը վերջանա՝ Ռուսաստանը կարողանա գոնե մեկ ճակատով իր պոտենցիալը կուտակել, հնարավոր է, որ հարցն ավելի լավ ընթացք ստանա, բայց եթե երկարաձգվի՝ դժվար է ասել, թե ինչ կլինի, որովհետև ցավալիորեն, եթե 1990-ականներին մենք միայն Ադրբեջանի դեմ էինք մարտնչում, ապա հիմա արդեն այստեղ և՛ Իսրայելը շահեր ունի, և՛ Թուրքիան է Ադրբեջանի հետ, և՛ արևմուտքը շահեր ունի՝ բնական ռեսուրսների պատճառով։

Այսինքն, փոքր Արցախը չի կարող այս ամենին դիմադրել, պետք է համախմբվածություն դիմադրելու համար, բոլորս հիմա պետք է խփենք մի մեխի՝ իրավիճակից դուրս գալու համար, բայց հիմա այդ համախմբվածությունը չկա։ Դրա համար էլ բոլորս կառչում ենք ամենավերջին հնարավորությունից ու պատրաստ ենք դիմակայելու բոլոր փորձություններին, միայն թե ապրենք այստեղ՝ հայկական Արցախում»։

Նա ընդգծեց, որ հիմա շատ կարևոր է, որ հայկական իշխանությունները բոլոր հնարավորություններն օգտագործեն հումանիտար աղետն աշխարհին ներկայացնելու, Ադրբեջանի դիմակը պատռելու համար։ «Մինչդեռ, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն ավելի լավ է կարողանում աշխարհին ներկայացնել, թե այն, ինչ անում են՝ բնապահպանական ակցիա է, իսկ մենք չենք կարողանում ապացուցել, որ սա հումանիտար աղետ է ու բլոկադա է։

Ինչ վերաբերում է Սփյուռքին, ես միշտ ասել եմ, որ մեր ոսկին մեր սփյուռքն է, որովհետև մենք բոլոր երկրներում ունենք հայկական էլիտա, այսինքն՝ գրեթե բոլոր երկրներում պետությունների ղեկավարների հետ կապեր կան, ու պետք է այդ կապերը, բոլոր հնարավորությունները օգտագործել։ Մինդեռ, Հայաստանի իշխանությունները, վարչապետը 2 օր առաջ հայտարարում է, որ Հայաստանի կառավարությունը ոչ մի անելիք չունի, որ Ադրբեջանը պետք է Արցախի հետ հարցերը որոշի, այսինքն, մեզ փակուղում են դրել ու, ձեռքերը թափ տալով, հեռացել»։

Նա ընդգծեց, որ եթե մինչև շրջափակումը՝ հայտնի էին դեպքեր, երբ Ադրբեջանի իշխանությունների հետ կար որոշակի կապ,ապա հիմա այլևս այդ կապերը չկան։ «Օրինակ, Սարսանգ եկել, նայել, գնացել են։ Այդ տեղեկությունը հասանելի է, եղել, նաև այլ կապեր էլ են եղել կարծես, ստացվում է, որ որոշ բանակցություններ վարել են, բայց թե հետո ինչ տեղի ունեցավ, ինչու հասանք այս կետին՝ չեմ կարող ասել։ Ավելի ճիշտ, կարող եմ, բայց չեմ ցանականա ենթադրություններով խոսել»։

Ձեզ գուցե հետաքրքրի